247-369/ ես սեր եմ, մնացածը ես չեմ

247.

Պատահում է պատահածը, կարծես անցնում ենք անցյալի վրայով. մգացնում ենք գույները, թե՞ գունազրկում ենք եղածը …, համենայն դեպս սրանում զգացվում է հնարավորություն, որ կարող ես մգանալ ինքդ՝ ջնջելով ճակատագիրդ:


248.

… նա մի բան է՝ մշտապես ներկա և ուղեկցող.

Հաճախ, երբ չկա այն, ինչ կուզենայինք ապրել, ապրում ենք դրա բացակայությունը, ինչը հենց մահանալն է, իսկ մենք շարունակում ենք կարծել, թե մահը մի բան է՝ հեռվում սպասող …

Անկախ ամեն ինչից, սրանում դրական է գոնե այն, որ հնարավորություն ունենք պատրաստվել մշտնջենական ՈՉԻՆՉՆ ընդունել/ապրելուն:


249.

Պատահում է՝ հայհոյում ես բոլորին և ամեն ինչ, վերջում էլ ինքդ քեզ, հետո հասկանում ես՝ տեղինը միայն վերջինն էր, որն ամփոփում է ամբողջը …


250.

Ո՞վ մեզ ստեղծեց կաթնահյութից, ո՞վ մեզ սարքեց առաձգական, ո՞վ մեզ խաբեց երկարակեցությամբ՝ մեկ անգամյա օգտագործման համար, և ինչու՞ է վերջին դժբախտությունից փրկում ի սկզբանե «անորակ» լինելը:

Ո՞վ ես դու, այ առնանդամ …


251.

Մանկահասակ երեխայի մահվան մեջ լույսի շող կա՝ թանձր մառախուղում դժվար նկատելի. նա հեքիաթով է ավարտում այս գոյաձևը …


252.

Մենք մեր վերջն ենք. ով միանգամից է ինքնասպանվում՝ խնայում է ինքն իրեն:

253.

Յուրաքանչյուր ոք ինքնին ամեն է. Հիսուս, Բուդդա, Զրադաշտ է …, իսկ ով դեռ չի հասկանում, ընդամենը ոք է:


254.

Չցանկանալ ոչինչ կամ ցանկանալ ոչինչը. գրեթե անհնար, բայց միակ առավելագույն միջոցը՝ ունենալու ամեն ինչ:


255.

Մտրակի և հետույքի միջև, ի վերջո, փոխձգողականություն է առաջանում, երբ հաճախակի են առնչվելու առիթներ ունենում, իսկ հետևանքը, պատահում է նաև, կոչվում է սեր:


256.

(Ինքնա)ճանաչողությունը միակողմանի տոմսով տիեզերական թռիչք է …


257.

Անմահություն երազելու և երկարակեցություն տենչալու փոխարեն, արդյո՞ք ավելի հեշտ չէ մտածել՝ ինչպե՞ս է պետք ապրել, որ մահը զրկանք չթվա, ու, միաժամանակ, արդյո՞ք ճշմարիտը դա չէ, երբ մահն իր անհրաժեշտությունն անկասկածելի հիմնավորել է:


258.

Ոչ ոք չի կարող սովորեցնել, քանզի իրականում ոչ ոք չգիտի ոնց ապրել, ամեն ոք ընդամենը գիտի, թե ոնց է ապրել …


259.

Ոչ ոք հաստատ չգիտի` ինչ պետք է անել, ցանկացած արարքում հաստատ է միայն ստացվելու հույսը, հետևաբար, նաև, չստացվելու կասկածը, իսկ դա չի կոչվում իմանալ, կոչվում է փորձել …


260.

«Դասից փախի ու ապրի». ով ժամանակից շուտ կիրառեց այս ճշմարտությունը, ապրեց առանց հասկանալու, ով ժամանակից ուշ՝ հասկացավ, բայց չապրեց, ու միայն նա հասկանալով ապրեց, ով կռահեց, որ ժամանակ գոյություն չունի:


261.

… ոչ էլ կեսը. կին-տղամարդ հարաբերությունը, որպեսզի կոչվի ստացված, պետք է լինի, առնվազն, 1:3 հարաբերություն (երկրային հարաբերություն), եթե իրար համար ամբողջություն չեն (տիեզերական հարաբերություն):

Կնոջ մեկն «ինքնարժեքն է»՝ այն և այնքան, ինչ և ինչքան կինը ներդնում է ինքն իր համար (նյութական, ժամանակ, ճանաչողություն…), որով, նաև, սահմանվում է նրա ազատությունը, ինչին, առնվազն, եռապատիկ ավելացնելով, տղամարդը նրան կարող է ներառել իր իրավունքի տիրույթ՝ այդչափ էլ տրվելով:

Ըստ այսմ՝ յուրաքանչյուր ոք կարող է որոշել, թե իրականում ինչ կարող է ակնկալել և ինչ է պետք անել՝ ցանկալին ունենալու համար, ու նաև հասկանալ չստացված հարաբերությունների պատճառները, որոնք ամբողջանում են մեկում. մեզանից դուրս կեղծում ենք՝ երբեմն այնքան, որ այն վերաճում է ինքնախաբեության:


262.

Կրոն. պարկեշտության շպար՝ լկտի դեմքին …


263.

Յուրաքանչյուր անցողիկ բան իրենից հետո թողնում է մշտնջենականի մասնիկ, յուրաքանչյուր հարաբերական՝ բացարձակի. ահա, թե ինչին է միտված այս գոյաձևը …


264.

Երջանկության բացարձակն առանց պայման ապրելն է, ու երջանկանալու ձգտումն էլ ինքնին այն բացառող պայման է …, իսկ առանց պայման միայն մեկ բան կարող ես ունենալ՝ ինքդ քեզ, ԵՂԻՐ/ԿԱՍ:


265.

Այն, ինչ արվում է հանունով, միշտ հակասում է ցանկությանը. դրանով քողարկվում է իրականությունը, կամ կատարվում է իրական ցանկությանը չհամապատասխանող ընտրություն, որն անում ենք մեզ կարևոր անձի, երևույթի համար դրական արդյունք ստանալու միտումով:

Ուստի՝ հանուն մեկի կամ ինչի խոսել, գործելուց առավել բարձր է, երբ սովորում ես նաև լռել հանուն, իսկ բարձրագույնն այնտեղ է, որտեղ չկա հանուն՝ կա ինքնին:

266.

Հավատում են նրան, ինչ չունեն, ու նաև կասկածում են նրան, ինչ չունեն, իսկ ունեցածը զերծ է այդ սուբյեկտիվ վերաբերմունքներից, այն ուղղակի կա:


267.

Ճշմարիտ ներդաշնակություն փնտրիր այնտեղ, որտեղ կա հակասություն. հենց գտնես՝ տեսադաշտդ փոխիր ու տես …


268.

Երբեք չի (եղել) լինում միաստվածություն՝ որպիսին ընդունված է քարոզել. մարդը կամ աստծուն բացահայտում է ինքն իր մեջ՝ որպես ինքնադիտում, կամ մնում է բազմաստվածության ստրուկ:


269.

Երբեմն, ճահճում խորտակվելուց փրկում է նաև չոր ու բարակ շիվը, այդպես չէ՞.

Իրականում կհամոզվես, որ ոչ, եթե կրկին ստուգես շիվի ամրությունը. ուղղակի այն դառնում է այն հույսը, որի վրա կենտրոնացնում ես սեփական ուժերի հանդեպ հավատը՝ բացահայտելով, որ նաև թռչել գիտես:

Բայց, երբեմն, չկա նաև այդ շիվը, ու ինչքան էլ քեզ համոզեն, որ ամեն ինչ միայն ինքդ, միևնույն է՝ տիեզերքը համոզում է հակառակը …, ու նաև՝ շիվն էլ իրավունք ունի ընտրություն անել քո և իր անվտանգության միջև …


270.

Երբ հաղթահարում ես ձգողականության դաշտը և կանգնում է շարժիչդ, այլևս տիեզերքն է որոշում արագությունդ, ուղղությունդ, ինչը կոչվում է պատահականություն, ու միայն այս դեպքում ես առավելագույնս զգում ԱՌԵՂԾՎԱԾԻ հետ կապը և հասկանում, որ այդ պատահականությունն ամբողջ գոյության հիմքն է՝ որպես գիտակցությանդ անհասանելի ՄԵԿ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅՈՒՆ, ինչը լիովին չես բացահայտելու, քանի դեռ այս ճաղատացող գանգի մեջ ես:

Իսկ առեղծվածը զգալու (ձգողականության դաշտը հաղթահարելու) համար պետք է վճարես պահանջվող գինը, որը հնչում է պարզ բառակապակցությամբ. ԱՄԵՆ ԻՆՉ:


271.

Կփոխվեն միայն սրճարանի հաճախորդները, գուցե, նաև, այնտեղի երաժշտությունը, բայց նույնն է մնալու դիմացի մայթեզրին իմ ու քո տեղը, և ոչ նրա համար, որ չեն լինում լավ երկրներ, ուղղակի չկան անհատականությանը ներդաշնակ հանրային կատեգորիաներ:


272.

Ամբոխը հզոր միջոց, բայց անհուսալի հենարան է …


273.

Այլից բացի, ազատասերի դեմ ուղղված բռնություն է նաև իրեն ուղղված պաշտամունքը:


274.

Մեկին հերոսացնելով՝ մարդիկ, միաժամանակ, նրան բարձում են պարտականություններով, որոնք իրենցն են, բայց ինքնուրույն տանել չեն կարողանում և/կամ չեն ուզում:


275.

Երբ կերը վերջանում է, ամբոխն ուտում է իր կերակրողին, իսկ կերն անպայման վերջանում է:


276.

Առաջնորդը, ով իր հետևորդներին ուղղորդում է (թեկուզ մտրակով) քայլել ինքնուրույն, միաժամանակ կոչվում է ՈՒՍՈՒՑԻՉ. կոչում, որը ձեռք է բերվում ժամանակի մեջ, պահպանվում՝ ժամանակից դուրս:


277.

Այնտեղ, որտեղ հաճախակի են ծնվում հերոսներ, որպես կանոն՝ արդարությունը կաղում է:

278.

Արդարությունն ինքնին ենթադրում է անհավասարություն, իսկ հավասարությունը դրա արդարացի դրսևորման հնարավորությունն է:


279.

Անիմաստ են կանխատեսումներն ու բանավեճերը, երբ կրակոցն արդեն արված է ու գնդակը դեռ սլանում է: Այդպիսով, մարդիկ հաճախ են պարտվում՝ թիրախը խոցելով, բայց դրանից առաջ …


280.

Արծվին ուղղված մեծարանքը վկայում է, որ մարդիկ, առավելապես, չեն կարող բարձրանալ ավելին, քան իրենց հպարտությունն է՝ այդ կերպ, ընդամենը, առանձնանալով որպես անասունի տեսակ, որն օժտված է եսասիրությամբ։

Իսկ ագռավը կարող է կտցահարել արծվի մեջքը …


281.

Ոմանք պոռնկանում են միայն սիրո կորստից հետո, որովհետև, ընդամենը, փնտրելու արդարացման փոխարեն՝ նախընտրում են վաստակած իրավունքը։

Քչերն են իրականում բացահայտում, որ փնտրելի կամ վաստակելի չէ այն, ինչը գոյությամբ ինքնին է, չափումով՝ այնկողմնային. այդպիսիք, նույնիսկ իրենց այլանդակման մեջ, բարձր են մարդկային բոլոր սրբերից …


282.

Հաղթանակի հպարտությունն արագ պետք է վերափոխվի հաշտության խղճի, հակառակ դեպքում՝ հետո էլ ինքն է պարտվելու:

283.

Երբ պաշտպանության բոլոր մասնակիցները ձգտում են դառնալ տեր, արդյունքում տիրում է անտերությունը:


284.

Օրենքը վեր մի դասեք ողջամտությունից, ողջամտությունը՝ սիրուց. մենք սեր ենք …


285.

Զարմանում եմ՝ ոնց են մարդիկ իրենք իրենց այդչափ սիրում. ինչպես կարող ես սիրել այն, ինչում քեզ բանտարկել են …, ու որքան էլ սա ինձ համար լինի հոգեկան անառողջության ախտորոշման առիթ, միևնույնէ՝ այդ սիրո արտահայտման մեջ էժան մի բան կա, դրան վկա լինելու մեջ՝ վանող …


286.

Նա, ով ճանաչում է ինձ հետ, հետո ճանաչածն ապրում է ոչ ինձ հետ, որովհետև այլ կերպ չի լինում, որովհետև …, ցավոք:


287.

Իրականում մեզ բանտարկում է ոչ թե անցյալը, այլ՝ ապագան …, իսկ բանտախուցը մնում է անփոփոխ ներկան, հետևաբար, նաև, ազատականանալու միակ հնարավոր վայրը:


288.

Արթնացած ամբոխին պետք է կրթել կամ կրտել, հակառակ դեպքում ամեն ինչ մնում է նույնը՝ ավելանում է միայն աղմուկը։


289.

Արևն անարդար չէ, որ ջերմացնում է նաև կեղտոտ հետույքները, ուղղակի նա փորձում է չորացնել դրանք, իսկ սրանք գտել են խոնավ պահելու միջոցը՝ լեզուն դարձնելով փոխհարաբերվելու իրենց միջավայրի առանցքային օրգան:


290.

Երբ մարդուն ես դիտարկում երևույթի մեջ, հանգում ես ճիշտ/սխալ հարաբերական մսաղացին, որից անվնաս ոչ ոք դուրս չի կարող գալ, իսկ երբ երևույթն ես քննարկում մարդու մեջ, պատճառները վերածվում են հետևանքի՝ մսաղացը վերածելով աղացի, որում, մարդու փոխարեն, աղվում են գաղափարները: Ու միայն այն դեպքում, երբ կարողանում ես հասնել երևույթից մարդու ՏԱՐՐանջատմանը և այդ կերպ նրանց նույնացմանը՝ որպես գոյ, բացառվում է նաև աղացը ու հայտնվում ես հարաբերականից անդին տարածվող բացարձակում, որտեղ, որպես դիտարկող և դիտարկվող, մնում ես բացառապես ինքդ՝ ուրիշ ոչ ոք և ոչինչ:


291.

Սեքսը մոլորեցումից վերածվում է (ինքնա)ճանաչողության, երբ ինքնաբավարարման փոխարեն՝ այն ապրում ես որպես ինքնահաղթահարում:


292.

Մարդիկ, իրականում, չունեն լսելու և/կամ հասկանալու խնդիր. նրանք սեփական ականջներ ունենալու խնդիր ունեն՝ միմյանց հանդեպ խուլ չլինելու համար, իսկ երբ մեկ նպատակը երկարակեցությունն է, ապա սա այլևս խնդիր չէ՝ առողջություն է, ու, գնահատելով ըստ մեծամասնության սկզբունքի, պարզվում է՝ հիվանդը սեփական լեզվով խոսող համրերս ենք:


293.

Աննկատ ճշմարտություն կա հայտնի հումորի մեջ, երբ խեղդվողը երեք անգամ հրաժարվում է բարձրանալ նավակի վրա՝ ասելով, որ աստված կօգնի, քանզի վերջինս մարդուն զրկել է տիեզերքը զգալու ունակությունից. նեղացնելով նրա տեսահորիզոնը և մեջտեղում տնկվելով՝ կյանքը պատկերել է կնոջ սեռական օրգանի պատկերով, որին մարդը ձգտում է՝ որպես իրեն ծանոթ ուղղություն, ցանկացած դժգոհություն մխիթարելով ախմախ կարգախոսով՝ իբրև որտեղից եկել ենք, այնտեղ էլ պիտի գնանք՝ կասկածի առիթ չդարձնելով գոնե այն ակնհայտը, թե այդ դեպքում ինչի՞ համար է ետնամուտքը և/կամ ելքը, եթե չկա այլ ընտրություն:

Բայց և այնպես, սա էլ մարդուն չի ազատում արդարությունից՝ համաձայն որի, նա պիտի կոչվի տխմար կենդանի:


294.

Սերը ապրելու ցանկությունն է (Մաքսիմ Գորկի), միաժամանակ մեռնելու պատճառ է (Տիգրան Գորշ), ու սրանով հնարավորինս մոտ է մեկնաբանվում սիրո առեղծվածային բովանդակությունը:


295.

(Ինքնա)ճանաչողություն.

Ինքնասպանվում ես՝ որպես մարդ, ինքնարարվում՝ որպես հրեշ, ով մանկան լաց ունի բոլորից գաղտնի, ու,նաև, մանկան ծիծաղ՝ էլի գաղտնի …


296.

Մայրական արգանդից դուրս գալը դեռ հղիության ընթացք է, իսկ ծնվելը այն է, ինչ կոչվում է ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԵՍ-ի (ինքն)արարում. ըստ այսմ՝ մարդկանց կյանքը, մեծամասամբ, ընդհատվում է հղիության ընթացքում:


297.

Կանանց մեջ անպայման հանդիպում է մեկը, ով այնքան է նպաստում ինքնարարմանդ, որ նրան էլ ես ուզում կոչել ՄԱՅՐ (և, գուցե, ավելի իսկական, քան ընդունված է համարել՝ նրանում ամբողջացնելով սերն ու կիրքը): Ու առեղծվածային է մնում հոր էությունը (ինքն)արարման մեջ՝ նման աստվածաշնչյան պատմությանը, ինչը, տիեզերական բազմաթիվ հաղորդագրություններից զատ, ակնարկում է ևս մեկ ճշմարտության մասին. բարձրագույն ես-ին հասնելը տրված է միայն տղամարդուն, իսկ կինը կարող է ինքնին հայտնվել էլ ավելի բարձր դիրքում՝ որպես այդպիսինի ՄԱՅՐ:


298.

Բարեգործությունը գրեթե սեքսին համարժեք ինտիմ երևույթ է. առանց վկաների երբեմն սեր է, վկաներով՝ միշտ շնացում:


299.

Քեզ ասում են՝ ազատ ես անելու ամեն ինչ, գրեթե…, բայց այդ գրեթեն գերազանցում է ամենը, ու եթե մեծամասնության նման լսում ես միայն մինչև բազմակետերը, ապա նախանձում եմ քեզ. գոնե թվացյալն ունես, թվացյալն ապրում ես, … ապրում ես:


300.

Մարդիկ սովոր են սեր համարել միայն կերակրելը, իսկ ես կարծում եմ՝ սերը, նաև, կեղտը մաքրելը կամ, գոնե, դրանից չզզվալն է. չէ որ, վերջին հաշվով, առանց նյութափոխանակության սնելն էլ սպանության ձև է:


301.

Մեկ ուժեղ, մեկ էլ թույլ տղամարդն է ունենում տիրուհի, առաջինը տրվում է՝ որպես ինքնությունը գտած տիրակալ, երկրորդին տիրում են՝ որպես ինքնությունից հրաժարված ստրուկի, իսկ նրանք, ովքեր այս ծայրահեղությունների մեջտեղում են, սեփական ինքնությունը հաստատելու փորձերի մեջ մոլորված միջակներ են:

Ու առանձնապես դժբախտ են նրանք, ովքեր չեն համապատասխանում նշված ոչ մի չափմանը:


302.

Երանի քեզ, որ սիրտդ ցավում է հիասթափությունից, քանզի դա միաժամանակ վկայում է, որ երբևէ հավատացել ես, երբևէ վստահել ու ինքնավստահ ես եղել, հետևաբար՝ երբևէ ապրել ես աշխարհիկում, ու շնորհակալություն սրտիդ, որ ցավելով քեզ հուշում է տիեզերական ճշմարտությունը գտնելու ուղին, որով աշխարհիկ կյանքի բովանդակությունը «ինչպես ապրելուց» փոխվում է «ինչպես մեռնելու» սահմանման՝ հնարավորություն տալով ապրել հոգևորում, մշտնջենականում. անկախ տևողությունից, անդին ժամանակից, որտեղ, մարմնականում օտարացած բարեկամս, քո ողջույնին պատասխանում եմ՝ ջա՜ն-հոգի …


303.

Շնչառությունս հուշում է, որ արդեն դժվարությամբ եմ կատարում գործառույթս՝ որպես ծառ, ու թթվածնաստեղծ օրգանիզմից ինձ մնում է լինել միայն թռչունների, միջատների բնակատեղի, որոնք ևս ինձ կլքեն՝ որպես մահացած օրգանիզմի. մեղավոր եմ ես, թե՞ մեղավոր է չափից ավել աղտոտված միջավայրը, կամ, գուցե, մեղք չկա, քանզի արդեն ժամանակն է, որ հպարտությունս էլ վերածվի հումուսի …


304.

Զգուշավոր է պետք մոտենալ բոլոր մտքերին, գործողություններին և, առհասարակ, (ինքնա)ճանաչողությանը, որում կա կնոջ գործոնը, ու/բայց պետք է անտեսել այն ամենը, որում այն ընդհանրապես չկա, որովհետև, թեկուզ որպես պրիմիտիվ պատճառ, առանց կնոջ միջավայրում գյոթություն է ծնվում:

Նույնը, հակառակ ձևակերպմամբ, կնոջ կապակցությամբ չի լինում, որովհետև բոզությունն էլ է տղամարդով լինում:

305.

Անկեղծանալու խնդիրը ոչ այնքան անկեղծացողինն է, ինչքան նրանը, ում առաջ պետք է անկեղծանալ, ու, հաճախ, վերջինիս կամքն առավելապես նման է նռնակը պայթեցնելու ցանկության՝ դրա պայթելու հավանականության վախից ազատվելու համար, ու հազվադեպ է պատահում, որ կամքը լինի պայթեցնելով միասին վերածնվելը, կամ նռնակը պահող ձեռքը բռնելը:


306.

… առ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԵՍ-ը

Նույնիսկ ամենավերջին տականքը սրանցից որևէ մեկում լավն է լինում, իսկ ես չեմ եղել լավ թոռ, չկամ՝ որպես լավ զավակ, եղբայր, ամուսին, հայր, ընկեր …, արդյոք ես դեռ կոչվու՞մ եմ մարդ, հարց, որի պատասխան ԱՅՈ-ն ավելի ցավալի կլինի տանել, քան տարել եմ հարցի ծագման պատճառները, քանզի դրանով կպարզվի, որ (ինքնա)ճանաչողություն կոչվող «մսաղացում» (ինքնա)ոչնչացվել, բայց դեռ չեմ (ինքն)արարվել …


307.

Ինչքան էլ զարմանալի թվա, բայց, իրականում, մարդիկ ավելի շատ հակված են ներել, քան մեղադրել, ու վերջինս, ընդամենը, կիրառվում է՝ որպես դրա նախահիմք, քանզի երբ որևէ մեկին ներում ես, այդ կերպ նրան զրկում ես ինքն իրեն ներելու հնարավորությունից՝ միակ ճշմարիտ քավությունից, ինչը կոչվում է՝ մաքուր ձեռքերով սպանություն, կամ դրա փորձ:

Իսկ այնտեղ, որտեղ հաճախ եմ լինում, որպես մարդասիրություն՝ սովորեցնում են չներել, բայց ինքնաներվածին հարազատաբար գրկել:


308.

Ե՞ս եմ հաղթել, թե՞ մայրս է իր արգանդում մնացածին սպանել, որ ես ծնվեմ, չգիտեմ, բայց դափնեպսակը կրող իմ գլխում են, որպես ուրվականներ, նրանց ճակատագրերն ապրում …, ու մեղքի բոլոր սլաքներն ինձ վրա եմ թեքում, երբ դանակը որովայնիցս ետ եմ քաշում՝ ընդունելով տրված կյանքը, կամ չկարողանալով հրաժարվել դրանից:

309.

Երջանկի փառասիրությունից ազատվելով՝ հայտնվեցի տառապողի «փառասիրության» մեջ. ըստ ամբոխի ցանկության՝ վրաս բացում եմ նոր վերքեր, խորացնում՝ եղածները, այդ կերպ, միաժամանակ, նվագապետի նման կառավարում նրանց բացականչությունները, ու ստացված երաժշտությունն ինձ հասցնում է անդինի սահմանագծին …, իսկ դանակի վերջին շարժումով, երբ ՄԱԵՍՏՐՈ գոռալով բոլորը բարձրացնեն իրենց արյունոտված ձեռքերը, անէանալու եմ ԱՌԵՂԾՎԱԾՈՒՄ, որ չընդունեմ աստծո ձանձրալի կոչումը …


310.

Հանարավոր չէ պատրաստ լինել ամեն ինչի և (ինքնա)ճանաչողության ուղին անցնել առանց հուսահատության, քանզի դա նաև կնշանակի, որ չես ճանաչում նորը, կրկնում ես իմացածը. չես ապրում, ընդամենը մնում ես կենդանի:


311.

«Գիտեմ»-ը ճանաչելու վերջն է, հետևաբար՝ վերջն է քեզ ունենալու …


312.

Քանի դեռ մարմինը ունակ չէ հետևել հոգուն, նրանք սկսում են կառուցել մեր գիտակցությունը (կալանավայրը)՝ օրորով, մտրակով, կաշառելով …, իսկ հասունանալուն պես գործի են դրվում նոր՝ տնտեսական, սոցիալական լծակները, որոնց ազդեցությունն անմիջական ենք զգում՝ առանց ծնողի և դաստիարակների միջամտության:

Բայց ժամանակ առ ժամանակ ու անպայման երևույթներով, որոնք գիտակցությունը կոչում է ողբերգություն, տառապանք, աղետ … հոգին ազդակ է ստանում ազատականանալու և, ինչպես ազատության ցանկացած պայքար, ելքը ստացվում է երեք հնարավորներից մեկով՝

- հոգին ճեղքում է գիտակցությունը, վերջինիս ստիպելով հետևել ու հասնել իրեն՝ որպես մարմնական գոյության իրական իմաստի իրագործում. ՃՇՄԱՐՏՈՒԹՅԱՄԲ ՓՐԿՈՒԹՅՈՒՆ:

- հոգին չի կարողանում ճեղքել գիտակցությունը, բայց նաև էլ չի հանդուրժում կալանավորումը ու վերջինիս դրդում է ինքնասպանության. ազատականանում է՝ մարմնական գոյության իրական իմաստի իրագործումը կիսատ թողնելով. ՃՇՄԱՐՏՈՒԹՅՈՒՆԻՑ ՇԵՂՎԱԾ ՓՐԿՈՒԹՅՈՒՆ:

- հոգին չի կարողանում ճեղքել գիտակցությունը ու շարունակում է հանդուրժել կալանավորումը. ՄԵՌՅԱԼ ԳՈՅՈՒԹՅՈՒՆ:

Հ.Գ.

Առաջին երկու տարբերակով փրկվածներին՝ երրորդ տեսակի մեծամասնությունը կոչում է հիվանդներ …

313.

Մենք՝ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԵՍ-ին ձգտողներս, մարդկանց մեջ նման ենք Նիցշեական անդունդին. «Երբ չափազանց երկար ես նայում անդունդի մեջ, ապա անդունդն էլ սկսում է նայել քո մեջ…» ։ Այս ինքնառերեսման արդյունքում ոմանք ճզմվում են իրենց մակերեսայնությունից, ոմանք սարսափում են իրենց մեջ հայտնաբերված խորությունից, ոմանք էլ դրանից գայթակղվում են այնքան, որ իրենք էլ, ՄԵԶ պես, տրվում են նետվելու ԿՐՔԻՆ։ Վերջինս, որպես (ինքնա)ճանաչողության միակ բացարձակ դրսևորում, ավարտվում է անդունդի հատակին ջախջախվելով, մինչ այդ սիրտը ճաքելով, կամ կտրուկ թռչել սովորելով, բայց ոչ երբեք վերադառնալու որևէ այլ տարբերակով։ Համընդունված դատողականությունը կարող է պնդել, որ դրանցից առավելագույնին հասնում է թռչողը, բայց և այնպես, ճշմարտությունն էլ շշնջում է, որ ոչ միայն թռչելուն է մեծագույն ազդակ տալիս վախը, այլ, նաև, շատ դեպքերում՝ փետուր աճելուն, իսկ այնտեղ, որտեղ առկա է վախը, ինքնին առկա է զգուշավորությունը, ինչը ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԵՍ-ի ամենաչսիրած անհարմարություններից է, բացի այդ՝ մեկ այլ պարզ ճշմարտությունն էլ կայանում է նրանում, որ անդունդի խորքից աստղերը տեսանելի են, իսկ հակառակը՝ ոչ, հետևաբար պարզ է, թե որ ուղղությամբ է պետք ՃԱԽՐԵԼ՝ ԱՄԵՆԸ տեսնելու համար, հարաբերականներով որտեղ է պետք ԻՆՔՆԱՍՊԱՆՎԵԼ՝ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆԻ համբարձման համար։

Մեզ՝ բարձրագույն ես-ին ձգտողներիս համար, սիրտը ճաքելու «բախտը» շրջանցելուց հետո, առավելապես մնում է հատակը համբուրելու տենչանքը …


314.

Եթե չենք մտերմանալու ներդաշնակության, ապա օտարանանք չթշնամանալու չափ …


315.

Ամեն ինչի բացարձակն անդինում է, որին ձգտելուց բացի, մարդու գոյությունն այս հարաբերականում լինելու որևէ այլ պետքություն չունի. լոկ նյութափոխանակություն ապահովելու համար՝ անիմաստ է նման արարածի գոյությունը տիեզերքում, և, ի տարբերություն այլի, այսքան վնասակար բնության համար:

Բարձրագույն բանականությունը չէր կարող այսչափ անմիտ գտնվել …


316.

Անճանաչելի է այն, ինչի դիտարկումը չի ավարտվում սահմանումով. ըստ այդմ, երկու բան կա տիեզերքում, որոնց սահմանմանը մենք երբեք չենք հասնելու, քանի դեռ մարդկային գոյության մեջ ենք. ինքնաճանաչողություն և սեր, ու ինչքան խորն ես գնում սրանց մեջ, այնքան տեսանելի է դառնում դրանց նույնությունը, իսկ մեկացումն այնտեղ է, ինչն այստեղ կոչվում է ՈՉԻՆՉ, անդինում՝ ԱՄԵՆ:


317.

Գայլ չլինելուց (չմնալուց) հետո, երկրորդ դժբախտությունը նրանում է, որ աշխարհը վաղուց այնպիսինն է, որ անտեր շունը չի կարող երկար գոյատևել. կենսական անհրաժեշտ պայմանների փոխարեն նրան մնում է միայն ազատությունը, ինչն էլ, վերջին հաշվով, ամփոփում է նրա սատկելու բոլոր պատճառները: Այլ կերպ ասած՝ ազատությունը մեռնելու պատճառ է, դողիկը՝ գոյատևելու պայման, ու ազատասերները դատապարտված են, եթե բախտ չի վիճակվում հանդիպել ձեռքին, որին սիրով կտան և որը սիրով կվերցնի իրենց դողիկը, ինչը մնալով նրանց վզին՝ երբեք չի ձգվի, միշտ թույլ կճոճվի …


318.

Ինքնաճանաչողությունը անդունդ է, որում չեն հայտնվում ինքնակամ, ուրիշի հրելով կամ սայթաքելով, ուղղակի հանկարծակի հասկանում են, որ արդեն վայրէջքի մեջ են: Բայց և այնպես, անգամ այդ ուղին խրախուսելուց էլ ձգտում եմ լինել զգուշավոր, ու ոչ խղճի, այլ՝ ցավից մարդկանց գոռալուց առաջացող աղմուկի անհարմարության պատճառով, քանզի դա ուղի է ինքնաոչնչացման, որտեղ կորցնում ես սոցիալական գոյության համար ընդունելի բոլոր կեղծ ԵՍ-երը, իսկ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԵՍ-ը, որպիսին պետք է ինքնարարվես, շարունակում է մնալ անտես, բայց/որովհետև, էլի ուղղակի, հանկարծակի է հասկացվելու, որ վայրէջքի չէ, ճախրանքի մեջ ես, հետևաբար անդունդ չէ, սև խոռոչն է, իսկ դու այլևս չես սիրում, դու ինքնին սերն ես …


319.

Աղոթք և սեր անել.

Աղոթքը խիստ անհատական երկխոսություն է՝ աստծուն իրենցից դուրս և ինքնասուզում՝ իրենց մեջ տեսնողների համար, հետևաբար՝ աղոթատեղին էլ խիստ անհատական սրբավայր է, ինչը եկեղեցու վերածելը շեղում և/կամ կեղծում է աղոթքի ճշմարիտ իմաստը: Բացի այդ, աղոթքը բացառապես (ինքնա)ճանաչողության պատճառ/հետևանք է և դրա ձևն ու բովանդակությունը ստեղծվում է ևս խիստ անհատական. ամենքինն առանձնահատուկ՝ ըստ իր ներքին բառարանի և իմաստնության: Ըստ այդմ, մեկը, օրինակ, կարող է աղոթել պոեզիայով, մյուսը՝ հայհոյանքով, պայմանավորված նրանով, թե ում երկխոսությունը (ինքնասուզումը) ինչպես է կառուցվել աստծո հետ, ու բնավ մեկը մյուսին ոչնչով չի զիջում, երբ առանցքը բացարձակ հավատն է (ուզելը փոխակերպված ընդունելուն, բռնելը՝ բաց թողնելուն): Ինչ վերաբերվում է եկեղեցուն (խմբակային այլ աղոթատեղիներ), ապա արդեն հասկանալի է դրա իրական նպատակը. հոգեորսություն՝ ուղղակի և ածանցյալ բոլոր իմաստներով, մարդուն ինքն իրենից խլում, ինչը ստրկացնելու մեկ պայմանն է, ու այս ամենը դրսևորվում է նախ՝ աղոթքը համընդհանուր ձևի և բովանդակության վերածելով, ինչով բացառվում է սեփականի ստեղծումը, հետևաբար, նաև, դրա լսելիությունը, երկրորդ՝ հանրային աղոթատեղիների բազմացումով, ինչով նվազեցվում է աստվածայինի հայտնաբերման վայրը, քանզի «աստված ամենուր է» ճշմարտությունն իրականում մեկնաբանվում է «աստված այնտեղ է, որտեղ միակ վկադ ինքդ ես» բացվածքով:

Ինչ վերաբերվում է սեր անելուն, ապա դա էլ սիրո մեջի աղոթքն է՝ խիստ անհատական երկխոսություն, կամ ինքնասուզում՝ նրանց համար, ովքեր ԴՈՒ-ն ընկալում են որպես ԵՍ, հետևաբար՝ սիրելին էլ խիստ անհատական սրբավայր է, ու սրա ճշմարիտ իմաստից շեղում և/կամ կեղծումն էլ արտահայտվում է սիրուց դուրս սեր անել սովորեցնելով (պոռնո) և սրբավայրերը հանրայնացումով ոչնչացնելով (հասարակաց տներ, բաց վարագույրներով սեր անել, արածի մասին պատմել … և այս ամենը խրախուսել):

Իսկ թե որտեղ և ինչքան են մեկանում սեր անելն ու աղոթքը, բավական է տեսնել, որ երկուսն էլ միտված են ՍԻՐՈՒՆ, չէ որ աստված սեր է նրանց համար, ովքեր նրան իրենցից դուրս են տեսնում և ինքնին սեր են նրանք, ովքեր աստծուն իրենց մեջ են տեսնում: Ու այս մեկացումը հուշում է նաև դրանց պարտադիր ու համատեղ ապրելու անհրաժեշտությունը, և անկասկածելի է, որ աստվածաշնչյան Մարիամն էլ ինքնին սեր անելու այնպիսի բարձրության հասած կերպար է (անիրական/իրական), որ նրան, որպես սիրելի, կարող էր համապատասխանել միայն ԱՌԵՂԾՎԱԾԸ:

Հավելում/նպատակ՝ միայն այս ճշմարտության ընդունումը կարող է մարդկությանը փրկել մարմնական և հոգևոր անառակությունից, հետևաբար՝ փրկել առհասարակ …

Ակնարկ/զգուշացում՝ բազմաստվածությունն այս կոնտեքստում կդիտարկվի որպես անհաջող խորամանկության դրսևորում …

320.

Աստված/սատանա VS բարձրագույն ԵՍ.

Աստվածն էլ է ուզում մեր հոգին, սատանան էլ, ու երկու դեպքում էլ չգիտենք, թե իրականում ով ուր է տանում, ու դրանց մրցակցության մշտնջենականությունը հաստատում է իրենց հավասարությունը, նաև՝ ընկերությունը, ովքեր գարեջրի շուրջ իրար պատմում են, թե ով քանիսին է իր անկողին տարել, իսկ միջոցները պրոեկտված հստակ արտահայտվում են մարդկանց մեջ՝ մեկը սիրո խոստովանությամբ է անկողին տանում, մյուսը՝ վճարելով:

Հետևաբար՝ կամ երկուսին էլ պետք է օգտագործել «Հա՛նգամանքները, պարոնայք, հանգամանքնե՜րը» սկզբունքով («Խառնարան» 247) և ավարտել՝ որպես մարդուկ, ինչն ամենատարածվածն է, կամ երկուսին էլ մերժել՝ (ինքնա)ճանաչողություն առ բարձրագույն ԵՍ-ը:

Ակնարկ. նրանց քո մեջ ես ընկալում, թե քեզանից դուրս, հետևանքը նույնն է՝ նրանք կերակրում են մարդուկին, ընկերակցում՝ բարձրագույն ԵՍ-ին …


321.

Դու ինձ հանդիպում ես այնտեղ, որտեղ միայնակ ես. ոչինչ չի փոխվում, պարզապես ապրում ես ինձանով մարմնավորված քո միայնակությունը՝ դրանում առկա ողջ սարսափելին ու երանելին, այլանդակն ու սքանչելին, ու երբ կարողանում ես դուրս գալ քո միայնակության (իմ) հանդեպ ատելությունից և պաշտամունքից՝ մեկացնելով դրանք ԱՄԵՆՈՒՄ, աշխարհիկ գոյությունդ ավարտում ես ծնվելով, իսկ եթե ոչ, ապա ես ինձ հետ տանում եմ ինքնաներման անկարողությունից առաջացած մեղադրանքդ, և դու ավարտում ես գոյությունդ հղիության ընթացքում՝ չծնված։


322.

Մարդկությունը վաղուց հաղթահարած կլիներ գոյության պայքարով մեկնարկած «մարդակերությունը», եթե հորինած կամ ընդունած չլիներ սեփականություն կոչվող մեծագույն սուտը, որը հիմքն է աշխարհում առկա բոլոր, ընդհուպ մինչև մարդու՝ ինքն իր հետ, անհաշտության: Ու դա էլ հաղթահարած կլիներ, եթե, որպես դրա ապահովագրում, հորինած կամ ընդունած չլիներ ժառանգության իրավունք կոչվող երկրորդ մեծագույն սուտը, ինչն էլ ավելի է մեծացնում սեփականն ունենալու/պահելու պատրանքը՝ այն հասցնելով մահից հետո հնարավորության, այն դեպքում, երբ «սեփական» անունից սկսած ոչինչ չի պատկանում մեզ, և ոչինչ մշտական չէ, քանզի ինքներս մնայուն չենք:

Ու սա ոչ միայն շեղում է գոյության իրական իմաստը հասկանալուց, նաև՝ դրա այնչափ այլանդակում է, որը մարդկությանն ավելի ցածր է դասում աշխարհում առկա ցանկացած այլ կենդանուց և բույսից, որոնք, գոնե, կատարյալ են կիրառում գոյության պայքարի սկզբունքը. նրանց յուրաքանչյուր սերնդի անդամները ևս կյանքը մեկնարկում են անհավասար հնարավորությամբ, բայց, ի տարբերություն մարդկանց, հավասար պայմաններում՝ արդար …


323.

Ժամանակը չի բերում, տանում է, և, որպես հասկացություն, միայն անցյալին ունի կապակցություն, ու եթե պատմություն գրող չես, այլ՝ ապրող, ապա այն ընդհանրապես չունի որևէ նշանակություն:


324.

Որպես տիեզերական ամբողջության մասնիկ, հետևաբար, նաև, որպես տիեզերքի հետ/մեջ ինֆորմացիոն շրջանառության մասնակիցներ, մարդիկ դասակարգվում են՝

1. Հաղորդագրություն բերողներ,

2. Հաղորդագրություն կարդացողներ (մեկնաբանողներ),

3. Կիրառողներ,

Յուրաքանչյուր տեսակին պատկանողներն իրենց հերթին դասակարգվում են ըստ ենթադասերի՝ նրանք, ովքեր ինքնաբացահայտել են իրենց հատկությունը և նրանք, ովքեր անգիտակցաբար են իրականացնում գործառույթը:

Օրինակ՝

1. Հաղորդագրություն բերողը, ով բացահայտել է իր հատկությունը, կարողանում է հասցեական ուղղորդել հաղորդագրությունը, իսկ անգիտակցաբար գործողը ուղղակի արտահայտում է հաղորդագրությունը, որի այդպիսին լինելը ընկալվում է կարդացողի (մեկնաբանի) կողմից:

2. Կարդացողների (մեկնաբան)՝ որպես այդպիսին ինքնաբացահայտվածի տեսակ են իմաստասերները, (ինքնա)ճանաչողության միտվածները ..., իսկ անգիտակցաբար գործողների տեսակ են այն գրողները, նկարիչները և այլն, ովքեր պարզապես ստեղծագործում են՝ ըստ իրենց անհասկանալի ներշնչանքի:

3. Կիրառողների գիտակցող տեսակ են նրանք, ովքեր սրան հավատալով՝ նպատակային օգտվում են առաջին երկու խմբերի հատկություններից, իսկ անգիտակից գործողները, որոնք նաև մեծամասնություն են կազմում, տեսած/լսածով, ընդհանրական ասած՝ համընդունված դատողություններով առաջնորդվողներն են:

Ճիշտ է՝ յուրաքանչյուրի մեջ առկա են նշված բոլոր հատկությունները, բայց դրանցից մեկն անպայման լինում է առավել ընդգծված և գերակշռող:

Ինչ վերաբերվում է մարդու կողմից ինֆորմացիա ստեղծելու հնարավորությանը, ապա դա, միաժամանակ, կհիմնավորեր մարդու աստվածանալու հնարավորությունը, որին ինքս հավատում և դրան հասնելու ուղին կոչում եմ՝ առ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԵՍ-ը:

Ինքս ինձ առավելապես տեսնում եմ երկրորդ խմբում:


325.

Գեղեցիկ, թե՞ իմաստուն.

Ամեն դեպքում գեղեցիկի մեջ համընդհանուր ձգողականություն կա, որին ոչ մի կերպ չի կարողանում հասնել իմաստնությունը։ Ճիշտ է՝ սրանք կատարյալ դուետ են, բայց, ցավոք, այն ստացվում է, երբ գեղեցիկի վրա սպիեր են առաջանում, որոնք այն ձեռք է բերում աշխարհն իրենով գեղեցկացնելու մոլորության պատճառով, և բոլորին տիրելու նրա երազանքը վերափոխվում է իմաստնությանը (ՄԵԿԻՆ) տրվելու ցանկության, աշխարհը փրկելու անկարողությունը՝ տիեզերքն ունենալու հնարավորության:

Գեղեցիկ, թե՞ իմաստուն.

Մեկն առանց մյուսի ավարտում է պարտությամբ. առաջինը մնում է ամուլ, երկրորդը՝ որբ …


326.

(Ինքնա)ճանաչողության միտված հարաբերության և, մասնավորապես, երկխոսության մեջ գործում է 1:3 բանաձը, այն է՝ մտքերը, երևույթները, իրողությունները և այլն պետք է դիտարկել դրանք արտահայտողի (ցույց տվողի), դրանք լսողի (տեսնողի) վերաբերմամբ և համընդհանուր, ինչի արդյունքում ապահովվում է փոխպայմանավորված միմյանց ու միասին ճանաչելը, հակառակ դեպքում՝ չի իրագործվում դրանցից ոչ մեկը, իսկ հարաբերությունը, երկխոսությունը ավարտվում է իրար և համընդհանուրի մասին պատկերացումով, ինչը, լավագույն դեպքում, իրականությանը մոտ նկար է, բայց իրականությունը չէ:


327.

(Ինքնա)ճանաչողության միտված հարաբերության մեջ լքում է նա, ով կանգ է առնում, ու, այլից բացի, սերը միակ հարաբերությունն է, որն առանց (ինքնա)ճանաչողության գոյություն չունի:


328.

(Ինքնա)ճանաչողության անբաժանելի և մեծագույն մեթոդներից մեկը, որը փոթորիկի նման քշում է ամեն կեղծիք, հավատ-կասկածից անդին դիտարկումն է, բայց այն կիրառել չի խրախուսվում նրանց, ովքեր ունեն մերկանալու ամոթխածություն և մենակ մնալու մտավախություն:


329.

Թշնամու ձեռքով սպանվածների մեջ զգալի թիվ են կազմում նրանք, ովքեր հոգնել էին բարեկամների ձեռքով մեռնելուց:


330.

Եթե տեղին է հաջողություն կոչել ժամանակին մահանալը, ապա մահն էլ անպայման պետք է դասել հաջողությունների շարքին, որոնք, երբեմն, բաց ենք թողնում, ու եթե քեզ այցելում է նման մտածմունք, ուրեմն խորհուրդ է տրվում առաջնորդվել «առանց կրակի ծուխ չի լինում» ասույթով և սպասել կրակին …

Իսկ որ ժամանակին մահանալը հաջողություն է, բավարար հիմնավորում է այն, որ ապրելու համար՝ կյանքի միջին տևողությունը պարտադիր չի համարվում:


331.

Մեծամասամբ հարաբերություններն (ինքնա)խաբեություն են՝ բնորոշ քնածներին, բայց դրանց, երբեմն, հասկանալով տրվում են նաև արթունները, ովքեր (ինքնա)ճանաչողության սառնությունից փրկվելու ջերմություն ոչ մի տեղ չեն հանդիպում:


332.

Կիրքը՝ բարձրագույն ԵՍ-ին հասնելու գլխավոր զարկերակ.

(Ինքնա)ճանաչողությունն առանց հարաբերության անհնար է, իսկ ամենաերկարը ստացվում է քայլել նրա(նց) հետ, ում հանդեպ (հետ) կիրք ունես, քանզի ճանապարհին առաջանում են արգելքներ, որոնք միայն կիրքն է ստիպում հանդուրժել, ապա՝ հաղթահարել: Ըստ այդմ, (ինքնա)ճանաչողական հարաբերություն առավելապես հնարավոր է կին-տղամարդ հարաբերությամբ, իսկ համասեռամոլությունը սրան հակափաստարկ չի կարող լինել, քանզի կան ամբողջացումներ և արարումներ, որոնց բնատուր տարբերությամբ է հնարավոր հասնել:


333.

Բարձրագույն Ես-ի սիրո խոստովանությունը.

Ինձ պետք չէ ունենալ քեզ տաս, քսան, երեսուն տարի, ես ուզում եմ կյանքիս վերջին հայացքով տեսնել քեզ …

Ըստ մեկ այլ սահմանման՝ բարձրագույն ԵՍ-ին ձգտումը` (ինքնա)ճանաչողությունը սահմանվում է՝ որպես մահն ընդունելու հասունացում («ԱՄԵՆ» 3), իսկ տիեզերական սեր ունեցողը, որպիսին ես եմ ընկալում, ապրելուն անհրաժեշտ ցանկություններից զատ, պետք է կարողանա սիրով նաև մահ ցանկանալ սիրելիի համար,երբ նա հասել է այդ բարձրագույնին, քանզի դրանից հետո անտանելի է մարմնական գոյությունը: Նույն մաղթանքի ներուժը տիեզերական սեր ապրողները, որպես իրենց համար նախատեսված վերջին փամփուշտ, պետք է ստեղծեն ու կրեն գոյության ողջ ընթացքում, որով պետք է փրկվեն հարկադրված բաժանումից (գերությունից), ու բնավ նշանակություն չունի, թե կրակելուց հետո երբ վրա կհասնի մահը, քանզի նման սիրուց դուրս մեռնելու ընթացքը միայն կարող է համարվել գոյության իմաստալից շարունակություն: Փամփուշտը կարող է երբեք էլ չկրակվել՝ վերածվելով հուշանվերի ԱՄԵՆՈՒՄ, բայց դրա գոյությունը միակ երաշխիքն է՝ հաղթելու կամ երբեք չպարտվելու, հետևաբար, նաև, ուժը՝ միայն առաջ գնալու՝ բարձրանալու:


334.

Մարդը «տիեզերական սահմանադրությունից» վեր է դասել «բնության պայքար» օրենքը, որը մեկնաբանում է «նպատակը արդարացնում է միջոցները» կեղծ սկզբունքով՝ այդ կերպ ոչ միայն վեր չկանգնելով կենդանիներից, այլ՝ նրանց համեմատ ավելի այլանդակվելով, քանզի կենդանիները, գոնե, ուժի արդարությամբ են գործում, իսկ երբեմն, նույնիսկ, խղճի այնպիսի դրսևորմամբ, որն անհասանելի է մեր գիտակցությանը …


335.

Հավատ/կասկածից անդին.

Երբ կասկածը ճանաչողության միջոց չէ, այն վերածվում է անկուշտ երախի, որը առաջին իսկ անպատասխան մնացած ցանկացած «ինչու»-ից սկսած խժռում է այն ամենը, ինչը կարելի է (պետք է) հասկանալ, ապա՝ ընդունել, արդյունքում՝ (ինքնա)ճանաչողությունը վերածվում է (ինքնա)լափելու:

Նույն հետևանքին, բայց որպես ախորժակի կորուստ, հանգում է նաև հավատը, երբ այն նպատակ չէ՝ արտահայտվելով ինքնասպառմամբ:


336.

Ինչքան բնության մեջ նվազում է այն ամենի քանակն ու տեսակը, ինչի համեմատ կարելի է կոչվել մարդ, մարդիկ իրենցից են բուծելով շատացնում դրանց անուններին համապատասխան էակների, որպեսզի չունենան համեմատության վրա հիմնված ինքնության կորուստ, հակառակ դեպքում՝ պետք է վաղուց ընդունած լինեին իրենց, ապա դառնային ավելին մարդու համեմատ՝ շատանալով տիեզերքում …


337.

Անկեղծությու՞ն. փորձիր արտաքուստ կրել այն, ինչը շատերը քողարկում են իրենց ներսում. միանգամից կստանաս նրանց ինքնարդարացումից ծագող այլանդակի մեղադրանքը, իսկ երբ փորձես այդ մեղադրանքն էլ ցույց տալ՝ որպես նրանց ինքնախոստովանություն, քեզ կաքսորեն առանց դատավարության:

Ինքնամաքրու՞մ. ուրեմն անպայման աքսորավայրի միջով …

Ու ՍԵՐ, երբ ունես պատիժդ կիսող կամ, գոնե, դիմավորող:


338.

Տրամաբանության պատկերած «իդեալական համակեցության» մեջ միայն մեկ ցանկություն կարող է առաջանալ՝ ինքնասպանվել, ու եթե այս անցումային միջակությունից չենք թեքվելու դեպի երրորդ ճշմարիտը, ապա նախընտրելի է «վայրի ամբողջականության» վերադառնալ՝ սպանել ու սպանվել …


339.

Գայլը հասկացավ իր մեղավոր գոյության տիեզերական իմաստը, երբ ոչխարներին տեսավ խոզերին ուտելուց …

340.

Արդյոք մենք կունենայի՞նք նույն ձգտումները, եթե լինեինք առանց վկաների, և արդյոք մեր ունեցածը, նաև չունեցածը, փոխադարձաբար չե՞ն բնորոշում մեր վկաներին, ու եթե ընտրություն, ապա հենց վկաների կապակցությամբ, քանզի, ինչպես պարզվում է, նրանք ոչ միայն ակտիվ մասնակից են, այլ նաև բեմադրողն են ներկայացման, որում մենք ստանում ենք մեր դերը, ըստ որի, առավելապես հանդիպում են խոզեր, ոչխարներ, կապիկներ …:

Իսկ ես սիրում եմ նրանց, ում առջև կարող եմ չխաղալ՝ լինել գայլ …


341.

Նախ՝ աչքերը սկսեցին խաբվել, հետո՝ քիթը, արդյունքում, որպես իրար ճանաչելու միջոց, մնաց կծելը, ինչն էլ, երբ ճաշակելիքն անկշտանալի ցանկալի է, վերաճում է հոշոտման՝ կոչվելով սեր:


342.

ԱՄԵՆ՝ ԱՆԱՆՈՒՆ

Մեծամասամբ, մարդկային սերը, ըստ բովանդակության, բաժանվում է երկու տեսակի՝ խղճի դրսևորմամբ և հպարտության: Այս փոխհագեցնող երկու տեսակները միասին ավելի երկար են գոյատևում, քան տեսակը տեսակի հետ միավորումները, ու երկու կարգի հարաբերություններում էլ այն, ինչ պարզում է (ինքնա)ճանաչողությունը, իրական է մնում միայն գոյատևելը՝ վերնագրվող եսասիրություն:

Ուստի, եթե իրական ՍԵՐ, ապա առանց խղճի և հպարտության, կամ՝ դրանց հաղթահարմանը միտված, որպիսին բնորոշ է բարձրագույն ԵՍ-ին. հանրայնացմամբ արժեզրկված անվանակոչման փոխարեն՝ վերնագրվող ԱՄԵՆ՝ ԱՆԱՆՈՒՆ:


343.

Շատերն անմեղ են՝ համապատասխան օրենքի բացակայության, իսկ ոմանք մեղավոր են՝ իրավունքի անճանաչելիության պատճառով:


344.

Եթե չկա (ինքնա)ճանաչողություն, ապա ի՞նչ է խելացիությունը, եթե ոչ հիմարության (դրական) աստիճան:

345.

Փիղն անկարելի փոքր է՝ մրջյունների միջավայրում ապրելու համար ...

346.

Հակառակ ուղղությամբ վազողները անհասանելիության ինքնավստահությամբ հեգնում են բարձրացողներին …


347.

Սիրո մեջ ծայրահեղությունները շատ են, քանզի այն բացարձակին միտված (ամենա)միջոցն է՝ հարաբերական գոյության ընթացքում տրված մեզ, ու նրանում (ինքնա)ճանաչողությամբ լինելը նույնն է, ինչպես երազում՝ գիտակցությամբ ինքնակառավարվելը, որտեղ ծայրահեղականությունը փոխվում է խենթացման …


348.

(Ինքնա)ճանաչողությունն իմացություն չէ, գոյաձև է.

Երբեմն, ինձ խրատում են ասելով՝ միևնույն է ճանաչել ես, բարձրացել ես, հասել ես …, վերադարձիր և սովորիր շատերի նման (մեջ) ապրել սոցիալական միջավայրում, ինչին ի պատասխան, հատկապես երբ խրատողը պարկեշտ մեկն է, սիրում եմ օրինակը՝ դա նույնն է, թե էությամբ առաքինի լինելուց տուժածին առաջարկել, որ սկսի լինել անառակ, քանզի արդեն գիտի, թե ինչ է առաքինությունը: Ի տարբերություն վերջինիս, ես իմ (ինքնա)ճանաչողական անառակությամբ համաձայնում եմ, բայց, ցավոք, խրատողները ոչ միայն սովորեցնողներ չեն դառնում, այլ ընդհանրապես դադարում են լինել …


349.

Եթե աշխարհային գոյությունը դիտարկենք որպես ավելի բարձր մակարդակում գոյության արտապատկերում, ապա մարդկային լինելիությունը կարող է համարվել վերացող տեսակի (հոգու) արգելանոցային բուծման արդյունք, ու մեզ հետ էլ կատարվում է այն ամենն, ինչ մենք անում ենք կենդանական աշխարհի հետ՝ նրա(նց) նման, ում պատկերմամբ կանք (արարվել ենք):

Նախագիծը գնում է ձախողման …


350.

Անկեղծանում ես ու արձագանքից, հաճախ, հարց է առաջանում՝ լավի մասին անկեղծանալը ո՞րն է …


351.

Լռեցված կարծիքս վանում է ինձ, արտահայտելը՝ նրանց, ու թեպետ պատասխանը գիտեմ, բայց, մշտապես, ինչպես հանելուկ եմ ընդունում մտերիմների մեծ շրջապատ ունենալու ունակությունը:


352.

Իմ ու ինձ «օգտագործելու» տարբերությունը նրանում է, որ ես հավերժականին միտված արդյունք եմ ստանում:

Իմ խղճի բացակայությունը մի օր կոչվելու է ՍԵՐ …


353.

Սերը՝ որպես պատրա՞նք, Սերը՝ որպես իրականությու՞ն, թող ապրեմ այն, մի՛ տուր տարբերակված նշանակություն, չէ որ, գուցե, վերջը մոտ է, որովհետև միշտ ներկա է …


354.

Մարդկային ցեղերի մեջ կա ևս մեկը և, գուցե, մինչ օրս միակ չհատկորոշվածը, ինչը բացատրվում է դրա անդամների գոյության ձևով և բովանդակությամբ, որոնք ամփոփվում են անվանման մեջ. այն կոչվում է «Մենակների ցեղ» …

355.

Չեմ սիրում ինձ աստվածացնող միամիտներին՝ հոգնեցուցիչ ակտիվություն ունի սրանց եսասիրությունը, ու, նաև, ինձ անասուն համարող խելամիտներին՝ սրանց նույնն էլ ձանձրալի է:

Թեպետ, սա ոչ այնքան իմ, որքան հանրային այդ տիտղոսները կրողների վերաբերմամբ է …


356.

Ինքդ քեզ ընդունես՝ հասարակությունն ի վերջո կհարմարվի, ձգտես ընդունելի լինել հասարակության կողմից՝ ինքդ քեզ երբեք չես հարմարվի:


357.

Մեզ թվում է՝ հավերժ ոչինչ չկա, որովհետև ինքներս մեզ համարում ենք անցողիկ, և ունենալուց էլ ոչ թե կորցնում ենք, այլ, որպես ժամանակավոր, հավերժականից մերժվում ենք, … իսկ ՍԵՐԸ, թեկուզ որպես ուղեղին քիմիական ազդակ, ճեղքում է գիտակցական պատնեշը, որ տեսնենք՝ ԿԱ, ԼԻՆԵՆՔ …


358.

(Ինքնա)ճանաչողությանը լավը բարեկամ չէ, վատն էլ չարակամ չէ, նրա հակառակորդը այդ երկու հարափոփոխ գումարելիներից ստացվող անփոփոխ գումարն է:


359.

Երբ ուրիշից վերցնում ես իր տանելիքը, նրան չի հասնում իր ստանալիքը …, ու սա պետք է նկատի ունենալ, երբ ցանկալիից առավել՝ կարևորում ես ունենալ քոնը: Իսկ ուրիշի(ց)նն այն դեպքում և այնքան, երբ և որքան դրանում տեսնում ես քո տանելին (ստանալին), ինչը դադարում է համարվել ուրիշինը, համարվում է՝ ուրիշով քեզ տրվածը, ու սրանով, միաժամանակ, ժխտվում է հանրային կեղծ կատեգորիան, որը կոչվում է օգնություն:


360.

Սերն ինքնարար է …, անգամ պլատոնականն «անժառանգ» չէ …


361.

Ուզելով հնարավոր է ունենալ ցանկալին, որը, գուցե, քոնը չէ, ընդունելով՝ անկասկածելի քոնը, որը, գուցե, ոչինչն է …


362.

Ի՞նչ ունես դու, բացի մարմնավորված մենությունից, երբ ունեցածդ շարունակաբար ինքնաոչնչացվողս է …, ու/բայց ի՞նչը կարող է ավելին լինել մենականացման անսահմանությունից …


363.

Քաղցածը դեռ կարող է փրկվել, ինչպես նաև կուշտը, իսկ ինչպե՞ս փրկվի նա, ով ախորժակն է կորցրել …


364.

Չգիտեմ, լավատեսները երբեմն են կուրանում, թե՞ բնույթով են այդչափ ինքնահավան, որ չեն տարբերակում սահմանը հատածին և այնպես են հարձակվում վրան, որ հոգեդարձ են անում նրան՝ ենթարկելով սահմանագծային տառապանքի:

365.

Երբ զզվում ես յուղոտ և դրանց լոզոտ նայող բերաններից, արդյունքում քաղցդ սկսում է հագեցնել միայն այն, ինչը դանդաղ սպանում է քեզ … (ինքնա)ճանաչողություն(ՍԵՐ):

366.

Անցյալը մայրդ է, ապագան՝ կին, որն էլի դառնալու է մայրդ, իսկ քեզ մնում է որոշել՝ լինել պոռնիկի զավակը, թե ինքդ քո հայրը …


367.

Եթե չսկսես որսալ աստվածներին, «լոմկան» քանդելու է հոգիդ՝ խժռելու ես ինքդ քեզ, երբ արդեն նա ես, ով վարժվել է ցավից երանություն ստանալուն, որովհետև գալու է պահը՝ մարդկանց մեջ չես գտնելու անհրաժեշտ ցավաբաժինը, որ ներարկես միտքդ՝ արագացնես սիրտդ՝ ճեղքես գիտակցությունդ, քանզի նրանց հպարտությունն անգամ՝ գիշատչի մորթի հագած զոհ է …


368.

Ապրելու ամբողջականության մասին.

Յուրաքանչյուր ակնթարթ լիիրավ է` լինել վերջինը …


369.

Ինքս ներկայում եմ վերջացնում լինելս …, և հաջորդող ցանկացած հանդիպման ժամանակ՝ համարվելու եմ ինձ հանդիպողների ապագան, նրանք՝ իմ անցյալը …


© Տիգրան Գորշ / ես սեր եմ, մնացածը ես չեմ