Поиск
  • Tigran Gorsh

ԽԱՌՆԱՐԱՆ /233-350/

233

Դիմորդներ եղան միայն 5-րդ օրը և այն էլ հոծ բազմություն,

երբ, հաշվի առնելով հարցումների արդյունքները, որտեղ, որպես ցանկալի անհրաժեշտություն, առաջին տեղում էր սիրո կարիքը, ապա` 2. ընկերության, 3. հավատարմության, 4. խաղաղության, 5. փողի, բարեգործական ընկերությունը հայտարարեց դրանց մեծ քանակությամբ պահեստավորման և, ըստ առաջնահերթության, հաջորդական օրերում անվճար բաժանելու մասին:


234

Եվս մեկ դառնահամ ճշմարտություն.

Մեղքերը մարմնին վերագրելը մեծագույն ստերից մեկն ու հոգու արդարացումն է: Անգամ ցանկասիրությունը հոգու զվարճանքն է և ոչ մարմնի, վերջինս, բոլոր դեպքերում, նրա կամքի կատարողն է, որ ծերանալով ազատվում է անառակ տիրոջ շահագործումից և մահանալով` հանգստություն գտնում բնության գրկում:

Ոմանք հրեշտակ են, որովհետև և պարզապես իմպոտենտ են և ոչ սրբահոգի: Ու դեռ հարց է` աղոթելուց ով է ումից փրկություն խնդրում և/կամ ով ում մեղքերի համար է ներում հայցում` հոգին մարմնի, թե՞ մարմինը հոգու:

235

Առայժմ այսպես է.

Պատմություն կարդալով իմանում ես անցյալի իրողությունները, ներկայում` հասկանում դրանց պատճառները, ու վախենում, որ անցյալը կկրկնվի ապագայում:


236

Պարտադրված առաքինության մասին.

Շատերս /եթե ոչ բոլորս/ երբեմն զարմանում ենք երևույթից, երբ օրենքին հետևում է նա, ով հնարավորություն ունի այն խախտելու: Բայց զարմանքն այդ պայմանավորված չէ միայն երևույթի հազվադեպությամբ, այլ, գուցե, ավելի շատ նրանով, որ ինքներս նրա փոխարեն կանեինք հակառակը` հնարավորությունը բաց չէինք թողնի ի շահ մեզ օրենքը շրջանցելու, այլապես զարմանալու փոխարեն կընդունեինք որպես սովորական սպասելի:

Եվ այստեղից կասկած է առաջանում նաև շատերիս օրինապաշտության, բարոյականության, անգամ հավատքի և այլ առաքինությունների կապակցությամբ. գուցե ուղղակի հնարավորություն չունենք ցույց տալու հակառակ-իրականը /այն, ինչ կանք/, ու սա կոչվում է պարտադրված առաքինություն, ինչը կեղծաբար ներկայացնում ենք իբրև մեր կամք և ընտրություն:

237

Երբ ազգը զրկվում է պետությունից, վաղ թե ուշ, վերածվում է ցեղախմբի և այդ կերպ դառնում հումուս` այլ ազգերի համար:

238

Երբ «ներսից» փոխում ես «դուրսը».

Եղիր ինքդ քեզ ամենախիստ պատժողը, ու քեզ ուղղված այլոց հարվածները կլինեն ավելի հեշտ տանելի /անգամ զվարճալի/, բայց մի եղիր ինքդ քեզ ամենաշատ սիրողը, որ քեզ ուղղված այլոց սիրուց հաճույք ստանաս /չձանձրանաս/:

Եվ սրանք որպես օրինակներ միջոցի, թե ինչպես Ես-ի հանդեպ սեփական վերաբերմունքով կարելի է կառավարել արտաքին ազդեցությունը նրա վրա` առանց միջավայրի փոփոխության:

239

«Գազանը». Ամբոխ` մարդկային բութ ամբողջություն /«գազան»/, որտեղ բացակայում է գիտակցությունը և կամքը միայն բնազդային քաղցի հագեցումն է, որ ստիպում է նրան բացված ու լոզոտ երախով հետևել տիրոջ կերակրող ձեռքի շարժումին, ով մատի ցուցումով հրահանգում է. «ահա՛ նրանք. անհատականությունները, նրանք են քո սնունդը, հոշոտի՛ր»: Քաղցի բավարարումից հետո առաջացող մեղքի զգացումը գազանին ստիպում է վազել աղոթատեղի, որտեղ նրան սպասում է հագևորսը` բնազդի այն նույն, բայց կերպարանափոխված տիրակալը, ով նպաստում է մարսողությանը և կրկին բացում ախորժակը` նույն հրահանգը նորից կատարելու համար /անվերջ/:

240

Հրապարակային պատժի կիրառումը չի վերացել, փոխվել է ձևը. ուղղակի հիմա հոգին են /էություն/ հալածում հրապարակային, իսկ մարմինը` գաղտնի /մեկուսարանում/:

Ու փոփոխությունը միայն կիրառողի քմահաճույքից չէ. փոխվել է նաև ամբոխի զվարճասիրությունը:


241

Բայց սա հուսադրվելու առիթ չէ, նրանք իսկապես շատ են.

Սովորաբար հիմարների թիվն իրական քանակի համեմատ բազմապատիկ շատ է թվում` ամեն տեղ և ամեն ինչում երևալու նրանց ձգտման պատճառով /հիմարությանը բնորոշ ներքին մղում/, և ուշադրությունը բացահայտում է այդ դեմքերի կրկնությունը:


242

Իսկ հաջողակ մարդիկ ամեն դեպքում կան.

Ցինիկության ձև է նաև, երբ հաջողակ մարդկանց կողմից ուրիշներին այդպիսին լինելու դասեր են տրվում` բախտի բարեհաճությունը վերագրելով իրենց «իմաստնությանը» /անշնորհակալության յուրատեսակ դրսևորում/, ու դեռ հարց է` դրական արդյունքն ավելի շատ սեփական հաջողության, թե ուրիշի անհաջողության հետևանքն է, վաստակ է, թե` հափշտակություն:

Իսկ թե իսկապես լիներ հաջողակ լինելու բանաձև և/կամ դրա ուսումնառության հնարավորություն, ապա մնացած կրթօջախների դռները պետք է վաղուց փակ լինեին` անպետքության պատճառով:

243

Ցերեկային լուսնոտություն.

Պատահում է և այնպես, երբ ուզում ես գիշերները չքնել /նրանում է ստացվում սրտանց ապրել/, իսկ առավոտները պարտավոր ես արթուն լինել, ու աստիճանաբար քնարբեցողից սկսում ես ցերեկային լուսնոտի վերածվել, երբ գիշերային քնովսպանի բռնությանը շարունակում ես հակառակվել:


244

Փառատենչիկ «համեստության» մասին.

Երբ որևէ մեկը, ի պատասխան իրեն ասված գովեստի խոսքերի, արձագանքում է` «ես արժանի չեմ նման մեծարման», կամ համանման «համեստությամբ», դա ավելի շատ ակնարկ է դրանք կրկին ու է՛լ ավելի «համոզիչ» լսելու ցանկության: Շրխկացրեք երեսին հակառակ կարծիքը և տեսեք, թե ինչ արագությամբ կընդունի առաջինում իր արժանիքը /համոզիչ ձև է/:

245

Ինչքա՞ն անկեղծասերներ են մնում այս չափումից հետո.

Սեր առ անկեղծություն նախ նշանակում է` սիրել սեփական թերությունների մասին իմանալ և/կամ լսել ուրիշի շուրթերից, հակառակ դեպքում այն շփոթում ենք հաճոյասիրության` իր մասին դրական և համախոհների հավաքագրման` այլի վերաբերյալ կարծիքներում:

Սովորաբար մարդիկ դժվար են մարսում անգամ՝ «բերանիցդ տհաճ հոտ է գալիս» պրիմիտիվ անկեղծը, ուր մնաց էության մասին ...:


246

«Ուրիշի ձեռքով ինքնասպանություն».

Հանկարծ որոշեց հենց այդ գիշեր զբոսնել, հանկարծ որոշեց երբևէ չեղած փողոցով քայլել ու հանկարծ չուզեց ամբոխը շրջանցել. ուզեց լսվող վեճին ականջ դնել:

Վեճում հանկարծ զենք կրակեց ու «լուսնոտի» ճակատը ճեղքեց, արթմնությամբ տառապող գիտակցությունը մարեց /խաղաղվեց/: Քննությամբ կատարվածն անզգուշաբար մահ որակվեց ու «մեղավորը» պատժի դատապարտվեց, բայց իրականում միայն նա գիտեր, որ մեղքն ու մեղավորը սխալ որոշվեց` անզգուշություն չէր դա, ոչ էլ` պատահականություն, դա կոչվում է` ուրիշի ձեռքով ինքնասպանություն:

247

Հա՛նգամանքները, պարոնայք, հանգամանքնե՜րը.

Մի օր աստվածն ու սատանան որոշեցին փնտրել աշխարհի ամենասուրբ և ամենապիղծ մարդկանց, ու կանգնեցին զվարճալի փաստի առաջ, երբ պարզվեց, որ երկուսն էլ ընտրել են նույն մարդուն, ով, ի պատասխան նրանց հարցական հայացքների, ասաց` «հա՛նգամանքները, պարոնայք, հանգամանքնե՜րը»:


248

Շատերին, և հատկապես դրամապանակի հաստությամբ ներշնչվածներին.

Ցանկացած վարձու աշխատանք և/կամ ուրիշից խիստ կախված վաստակ` ստրկություն է, տարբերությամբ, որ այս դեպքում երբեմն կարողանում ես ընտրել ում ստրուկը լինել և ինչի դիմաց, իսկ սերն առ աշխատանք ոչինչ չի փոխում ասվածում, քանզի դասական իմաստով ստրուկների մեջ էլ եղել են այնպիսինները, ովքեր սիրել են այն, ինչով զբաղվել են /անգամ սիրել են իրենց ստրկատերերին/: Եվ ինչքան էլ հակասական թվա, բայց աշխատասիրության ու վաստակի չափով էլ իմաստը մնում է անփոփոխ. շատ ստրկությունն էլ երբեմն ենթադրում է շատ վաստակ, իսկ հանրագումարը նույնն է (ստրուկ), ու աշխատասիրության քարոզը, որպես «առաքինություն», բխում է բացառապես ստրկատերերի շահերից, դրա համար ամենաշատը հենց նրանք են խոսում այդ մասին` իրենք մնալով ճիշտ հակառակ կեցութաձևի մեջ:

Այնպես որ, և հատկապես դրամապանակի հաստությամբ ներշնչված ստրուկներ, շքեղությունը դեռ պայման չէ էության փոփոխության `շատերը նույն կաստայից են, իսկ ոմանք ստրկացել են այնքան, ինչքան ունեն:

/կամ էլ գուցե հակառակը` ճիշտը դուք եք/


249

Կեցությունն է որոշում գիտակցությունը` դա է ճշմարտությունը.

Շատերը ստիպված մի կողմ դնելով իրենց նախասիրությունները (հոգևորը) բթանում են, երբ արթուն ժամանակ պարտադրված մտածում են միայն քաղցած չմնալու, երբեմն նորը հագնելու /կամ գոնե ուրիշինը մաշելու/ և կացարան ունենալու /կամ դրանից չզրկվելու/ մասին, իսկ այն քչերը, ովքեր փորձում են հոգևորի պահանջը հագեցնել իրենց նորմալ քնի հաշվին, կարճ ժամանակ անց խելագարվում են:

Եզակի «հատուկների» մասին խոսելն ավելորդ է, իսկ նրանց «խրատները» զուտ դեմագոգիա, քանզի ինչպիսինն էլ լինեն` մեծամասնությունից կտրված են, հետևաբար նրա համար անպետք են, եթե անգամ հոգևոր գերարժեքների կրող են /չնայած այդ եզակիներից շատերն էլ «դասականի» տակ քողարկված մսագնդեր են/:

250

Երբեմն, հարուստ անգրագետները վրեժխնդիր են լինում ուսյալների հանդեպ` ժամանակին նրանց կողմից ստացած արհամարհանքի համար, ու սա՛ էլ այն դեպքերից է, երբ պետք է արդարաբար ասել` արդարությունը վերականգնվեց:

251

Դիակը պատրաստ է, և ամբոխը հավաքվեց, ամենքը ներս մտան խիստ մռայլ դեմքով, բայց ոչ վշտից, այլ` շփոթության զգացումից, որ կենդանության օրոք այդ տան տեղը չգիտեին, հանգուցյալն էլ էնքան էր փոխվել, որ կասկածելի էր անգամ` արդյոք ճիշտ ե՞ն եկել, բայց այդ զգացումն էլ մինչև առաջին բաժակը տևեց. դրանից հետո զրույցի թեման առուծախի փոխվեց, ու հաջորդ հանդիպումը մյուս հուղարկավորությանը նշանակվեց:

252

Երկու բան հայերիս համար և ոչ միայն.

- Սրբադասման ենթակա են ոչ թե անմեղ զոհերը, այլև ազգի ու հայրենիքի համար կռվողներն ու կռվածները /ողջ, թե զոհված/:

- Նրանք, ովքեր հայրենասիրությունը, առաքինությունն ու օրինապահությունը պայմանավորում են միայն հավատքով, ամենաքիչն են վստահություն ներշնչում, ու այդ արժեքների պահպանման գործում` խիստ վտանգավոր են համարվում:


253

Ժխտում.

Մարդկությունը մի բանում հստակ մնացել է անփոփոխ պարզամիտ` հավատքում առ արարչական հեքիաթ, ընդ որում, պրիմիտիվ հեքիաթ, ինչն էլ գուցե դրա կայունության առանցքային պատճառներից մեկն է, ու այդ մոլորությունն այնքան է արմատացած, որ մինչ օրս ո՛չ միայն չեն ժխտվում հոգևորս կրոնները /այդպիսինն են բոլորը/, այլև ձևավորվում են բազմատեսակ ու մեկը մյուսից է՛լ ավելի այլանդակ ճտաճյուղեր (աղանդներ), որոնք մարդկանց գիտակցությունը քամելով սնվելու, ապա` որպես բթածած զանգված, կառավարելու միջոցներ են: Իսկ «իրական հավատքը կրոնների կամ աղոթատեղիների հետ կապ չունի» սուտն էլ ինքնին մի նոր աղանդի հիմքն է:

Աստված գոյություն չունի, բայց որպես քաղաքականության գործիք` հանճարեղ գաղափար է:


254

Մոնթեի «Եթե կորցնենք Արցախը, մենք կփակենք մեր պատմության վերջին էջը» խոսքի մեկնություն, կամ` երանի գիտակցեինք բոլորս.

Հայերիս ցեղասպանությունը նախաձեռնեց և իրագործեց թուրքը, շարունակողը դարձավ ժամանակը, համակատարողներ` բոլոր ազգերը, բայց արդեն մեր ընտրությամբ /ձուլում/:

Ոչնչացման այս ընթացքը կանխվեց Հայաստանի անկախությամբ` որպես աշխարհասփյուռ հայությանը միավորող հանգույց (ինքնության հիմք), «վերակենդանացումը» ապահովվեց Արցախի ազատագրմամբ` որպես այդ հանգույցի ամրապնդում (արժանապատվություն):

Հետևաբար առանց Արցախի կթուլանա, ապա կբացվի այդ հանգույցը և կվերսկսի հայերիս ցեղասպանության ընթացքը, բայց այլևս անդառնալի ընթացքը:

Ահա որտեղ է բոլոր հարցերի լուծման սկիզբն ու միջոցը` ԱՄՈՒՐ ՀԱՆԳՈՒՅՑ:

255

Այն, ինչով խունկն է վարակում օդը, ախտահանում է վառոդի հոտը:

256

Ինչը «ոչինչն է».

Ինչու՞, ի՞նչ է պատահել, ... հարցերի ու, դեռ չլսած պատասխանը, անհեթեթ խորհուրդների ու խրատների շարան, երբ հանկարծ մենակությունդ ուրիշներին դառնում է նկատելի: «Կարեկցող» այդ հայացքներում առավելապես միայնակության հանդեպ նրանց իսկ սեփական սարսափն է դառնում տեսանելի, ու առաջացող ժպիտդ ամբողջական է դարձնում կարծիքը քո մասին, որ նման ես խելագարի, բայց անիմաստ է բացատրել խաղաղության մասին, որ զգում ես այդ պահին (փորձում ես զգալ), քանզի պատրաստ չեն հասկանալ, իսկ հասկանալուց ընդունել, իսկ ընդունելուց հաշտվել իրականության հետ, որ «ոչինչ ենք» ամենքս ու մոտ ապագայում` ընդամենը փոշու մասնիկ, որ, օրինակ, մեկը թափ է տալու իր փեշից կամ փողկից, մեկ ուրիշը` ջրով թրջելու, որ ծանրանալով կպչենք հատակին ու մաքուր օդը չաղտոտենք, ինչպես անում ենք ինքներս ու երբևէ չենք մտածում. իսկ գուցե դա հե՛նց Սոկրա՛տն է, Մակեդոնացի՛ն, կամ Տիգրան Մե՛ծն է, Նարեկացի՛ն, կամ Սևա՛կն է … մեկը մյուսից պաշտելի կարծես և այո` միայն կարծես …

Սարսափելի է մենակության զգացողությունը մինչ այն պահը, երբ նրանում ճանաչում ես խաղաղության միակ բացարձակը, ու հետո է՛լ ավելի սարսափելի` պարտադրված վերադարձը համակեցություն, և միակ սփոփանքը հավատն է, որ անխուսափելիորեն կա իրավունքը. չլինելով տրվելու հողին, ջրին, քամիներին ու թափառելու` երբեմն հայտնվելով մեկի փեշին, մյուսի փողկին, ոտնամանին, ծառին ու ծաղկին, ... լինելու մեկ այս, մեկ էլ ուրիշ մայրցամաքում, մեկ էլ` հանկարծ տիեզերքում …

257

Սա՛ էլ նկատի ունենանք.

Երբ ցանկանում ես ճանաչել մարդուն, անհրաժեշտ է նկատի ունենալ. մակերեսը կոշտ ու ցավեցնող է, թե նուրբ ու հաճելի, պայմանավորված է նաև նրանից, թե ինչ ճնշմամբ ես այն շոշափում, որից կախված` քարը կարող է «դառնալ» բամբակ, բամբակը` քար:

Իսկ կանանց, առհասարակ, անհրաժեշտ է վերաբերվել ինչպես ածելու. շոշափելուց պետք է բացառես ճնշումը, եթե, իհարկե, չես որոշել ստուգել սայրի սրությունը, թեպետ կան տխմարներ, ովքեր սրա փոխարեն նախընտրում են դրա բթացումը: Ու վերջինից պետք է հետևություն անեն հատկապես կանայք. Էությամբ մուրճը` մնում է մուրճ:


258

Մարդու խլացված ճիչը.

Մարդու հոգում մշտապես առկա է այն ճիչը, որը սկսվում է ծնվելու պահից ու երբեք չի դադարում, այլև խլացվում է նախ ծնողական քնքշությամբ, ապա նաև գիտակցաբար պահվում համակեցության այլ միավորներում (ընկերություն, բարեկամություն, ընտանիք, անգամ եկեղեցի ու կուսակցություն ...):

Այդ ճիչը բնավ քաղցից կամ որևէ այլ պահանջմունքից չէ. դա արձագանքն է իրականության մեջ միայնակ հայտնվելու և այդպիսին մշտապես լինելու, ու երբեմն գոռալը միջոցն է խաղաղվելու, համարձակություն ձեռք բերելու կամ, գուցե, կարեկցանք աղերսելու:

Սա բնորոշ է բացառապես բոլորին, տարբերությունը միայն «պահոցի» խորության մեջ է, որը լսելու համար անհրաժեշտ է նախ բավարար մոտենալ, ապա` լռել /զգայական ճանաչողություն/, իսկ միասին գոռալով լիաթոք ծիծաղել խեղկատակ կյանքի ճակատին:

Բայց ..., ու բոլորս գոռում ենք. հաճախ միաժամանակ, սակայն իրարից թաքուն և ոչ միասին: Բացառություն երևի միայն Սոկրատն էր, որ ծնվելուց ժպտաց. «խորամանկը» նախապես էր իմացել ուր է գալիս:

259

Երաժշտություն, որը կոչվում է տրանս.

Մայրամուտին միայնակ կանգնում ես ժայռի եզրին, որտեղից նայելուց հայացքդ չի արգելակվում որևէ այլ բարձունքով. ամբողջ լայնությամբ տեսնում ես երկրի ու երկնքի շփման գիծը` հորիզոնը: Հայացքով հեռվում ստեղծում ես ալիք, որն արագ ստանում է քեզանից անկախ գոյություն ու, նկատելով իր արարչին, սկսում է սլանալ դեպի իր ակունքը` դեպի քեզ: Ինչքան մոտենում է, այնքան կուրծքդ լցվում է հուզմունքով. նա հպվում է առջևից, մեկ էլ հանկարծ թիկունքից, մեկ գրկում է, մեկ էլ` թողնում, շոյում ու շոշափում, ապա էլեկտրական հոսանքի նման հարվածում. թափանցում ոտքերում ու սլանում դեպի վեր. թևերդ ինքնաբերաբար բացվում են, որ կուրծքդ ընդարձակվի ու լարումից չտրաքվի, ապա պարանոցով դեպի գիտակցությունը ընթացող հոսանքը բարձրացնում է գլուխդ առ երկինք ու փակվում են աչքերդ, պայթունից ակնթարթ առաջ արտաշնչում ես, որ չտրվես նետվելու գայթակղությանն ու .... ու գնա՜ց. դող, թուլություն, ճախրանք. ձուլվում ես տարածությանը. դու՝ նա ես, նա` դու … ոչինչ չկա, բայց կա ամեն ինչ, յուրաքանչյուր ինչ ամբողջացվում է որպես ոչինչ, ու լսվում է հոգուդ նվագող երաժշտությունը, որը կոչվում է ՏՐԱՆՍ: Այն ձայնագրում ես հիշողության մեջ և միացնում ցանկացած այն իրավիճակում, երբ ուզում ես դժգոհել կյանքից, կամ կրկին բարձրանում ես ժայռը ու ձայնագրում` նորը: Իհարկե շատերը կհամարեն քեզ հիվանդ և անգամ կառաջարկեն հոգեհաբ, բայց թքած, քանզի դու արդեն գիտես, որ ապրելն ու կյանքը հարաբերվում են այնպես, ինչպես ակնթարթն ու հավերժը, մասնիկն ու ամբողջը, և զգացել ես, որ, ճիշտ է, ապրելը հեշտ չէ, բայց, «գրողը տանի», այդ կայֆի համար պետք է, արժե, ինքնին հրաշք է և, իսկապես, կյանքը հաստատ «ԿԻՆ է»:


260

Իսկ գայլերը հաստատ մեղավոր չեն.

Հոտը սարսափի մեջ է. վախենում է առաջ շարժվել և նոր մարգագետիններում թարմ կանաչ արածել, ամենքը ձգտում են լինել մեջտեղում. այդպես ավելի ապահով է և ոչինչ, որ մեկը մյուսի տրորած խոտով պետք է սնվի, իսկ եզրերում ստիպված հայտնվածները ամեն պահ սպասում են հոշոտվելու իրենց անխուսափելի հերթին, ու այս ամբողջի պատճառն այն է, որ հովիվը շների հարցում սխալվել է. նրանք «գործարքի» մեջ են մտել գայլերի հետ, որ կշտանան նրանց թերմացքով: Իսկ հովիվն այլևս անզոր է և չի կարող ազատվել դավաճան շներից, քանզի նրանք ապահովում են նաև իր անվտանգությունը գայլերի հարձակումներից ու, փաստորեն, նա էլ ուզած-չուզած «եռակողմ գործարքի» մասնակից է, և հոտի սպառվելուց, հետևաբար նաև հովվի իր «թագը» կորցնելուց, խուսափելու միակ միջոցը մնում է ծնելիության խրախուսումը:

Կարգն այն է, որ հոտը պետք է առաջնորդվի իր տեսակով և բնությունը կապահովի հավասարակշռությունն այլ տեսակների հետ գոյակցության մեջ, հակառակ դեպքում` սպասի, որ բախտը նրան պարգևի լավ հովիվ, քանզի, որպես անբեկանելի կանոն, հոտը երբեք չի ընտրում իր հովվին, միշտ հովիվն է ընտրում իր հոտին, իսկ գայլերը հաստատ մեղավոր չեն:

261

«Ճանապարհի» ընկեր.

Սարն ու ձորը որքան բաժանման, նույնչափ էլ միացման բնագիծ են ու առաջինը նրանց արդարացումն է, ովքեր վախենում են բարձրանալ և/կամ իջնել, իսկ հարթավայրն անցնելը որքան հեշտ, նույնչափ էլ ձանձրալի է, ու միայն այն ընտրողների հավատարմությունը միշտ կասկածելի է:


262

Նրանք ստվերում են.

Մարդը հակված է ամեն տեղ ցուցադրել իր իմացությունը (նաև «զգացումը»), երբ այն նրա համար ներկայանալի երևալու միջոց է լոկ, ինչպես նոր գնած հագուստը կամ այլ իրը, ու, հետևաբար, հակված է նաև արագ մոռանալ կամ փոխարինել այն հաջորդ «գնումից» կամ «նվերից» հետո` նորաձևությանը համահունչ: Իսկ նա, ով, սովորաբար, իմացությունը (զգացումը) ստանում է սեփական ապրումի (արարման) հետևանքով, այն համարում է այնքան «հին», բայց թանկ, որ կրում է առանց ցուցամոլության և համեստ լռությամբ /իմաստուններ/:

Վերջիններս բնավ մեծամիտ չեն, ուղղակի նրանք երկխոսում են, երբ նրանց իսկապես լսում են, ու երբեմն մենախոսում են. գուցե «կարիքավո՞ր» կա, որին շատ պետք կգա, իսկ համատարած անտարբերության ժամանակ լռում են ու, որպես կանոն, ստվերում են:

263

Երբեմն, նա, ով կրակը հանգցնում է /թեկուզ վրան միզելով/, ավելի բարեգութ է, քան նա, ով ամեն գնով փորձում է պահել և տարածել այն, քանզի, երբեմն, կրակը վառվում է տենչալով մարել` ընդամենը մարել:


264

Նախընտրում եմ «ձանձրալին».

Բոլոր կրոնների, դրանց ճտաճյուղերի ու, առհասարակ, ցանկացած բնորոշումով հավատքն առ աստված ժխտումը, մարդկությանը «սպառնում է» մոտեցնել խաղաղության, անհատին` ինքնաճանաչման: Իսկ քանի դեռ ՄԱՐԴՈՒ համար «ձանձրալի է» ինքնաճանաչումն ու խաղաղությունը, ապա ես հակված եմ հարգել միայն այն եկեղեցին, որի գմբեթն, ըստ անհրաժեշտության, բացվում և մեջից բարձրանում է դեպի թշնամին նշանառված հրանոթը /այդպիսին դեռ չկա/:

265

Աղքատության հետևանքը.

Աղքատությունը հասարակության բարոյահոգեբանության վրա ազդում է ճիշտ այնպես, ինչպես երկարատև քաղցը, կամ թերսնումը մարդու օրգանիզմի, ու շարունակության դեպքում գալիս է պահը, երբ համամարդկային բարձր արժեքները (հոգևոր-մշակութային, իրավա-քաղաքական, ...) այլևս դառնում են նրա մարսողության համար չափազանց «կոշտ սնունդ» և, անգամ, վտանգավոր կյանքի համար, երբ ընդունվում են կտրուկ, իսկ մինչ «բուժական» միջամտությունը հասարակությունը շարունակում է գոյատևել ունեցած պաշարները (ազգային արժեքները) սպառելու հաշվին:


266

Հերոսության բացասական կողմի մասին.

Երբ հերոսները նվիրումով մարտնչում և, որպես կանոն, կամ մեծամասամբ, զոհվում են հակառակորդի դեմ պայքարում, այդ կերպ միաժամանակ վերանում է թիկունքում թաքնված սրիկաների առաջխաղացման արգելքը:

Այլ կերպ ասած, հերոսների ինքնազոհությամբ հարթվում է սրիկաների «հերոսանալու» ճանապարհը:

267

Զգալ չկա.

Զավեշտալի է մարդկանց, հասկացված լինելու, համատարած և ողբանման տենչը: Գրողը տանի, չէ որ դա այնքան հեշտ է. նույնիսկ ամենահիմարին պատմում ես ամենամեծ խնդրի մասին ու նա էլ ասում է, որ հասկանում է, ու չի ստում:

Զգալ, զգայական ընկալում չկա. պահի, կամ ժամանակի մեջ դիմացինի հետ նույնացվելով նրա զգայական բեռը կիսել չկա: Ու այսպես լինելու է միշտ, քանի դեռ ճանաչողությունը շփոթում ենք հասակի, քաշի, գրպանի պարունակության, … մասին իմացության հետ:

268

Ամբողջից դուրս` ինքնամբողջացում.

Միայնակությունը երևույթ է /սուբյեկտիվ զգայական/, որի գոյության համար ևս անհրաժեշտ է հարաբերություն, հարաբերակցություն և հարաբերականություն, որոնցից դուրս այն դադարում է գոյություն ունենալ. քանզի, երբ չկա ոչինչ, ապա ինքդ դառնում ես եզակի «ինչը» և դրանով իսկ միակ ինքնին ամբողջը: Ահա, թե ինչու է միայնակության զգացողությունը վերանում մենակության մեջ, որին երբեմն ձգտում ենք անհրաժեշտաբար, և առաջանում` հակառակում, ու սա կոչվում է ամբողջից դուրս ինքնամբողջացում:

Այլ կերպ ասած` մարդկանց մեջ մենակ չես, բայց միայնակ ես, նրանցից դուրս մենակ ես, բայց ոչ միայնակ:

269

Մեծահոգի մարդիկ ավելի խոցելի են, քանզի թիրախն ավելի տեսանելի է, խոցման մակերեսը` մեծ:


270

Նրանք լսում են նաև «ջանի» մեջի «չոռը».

Ոմանք այնքան նրբազգաց են, որ դժվարությամբ, կամ, առհասարակ, չեն համակերպվում համակեցությանը ու նրանում ապրում են մշտապես խռովված հոգով, քանզի նրանք տեսնում են անգամ մարդկանց հոգու խորքում քողարկված և շատերի աչքերի համար անտեսանելի երանգով արտահայտվող, բոլորի և ամենքի` միմյանց հանդեպ ունեցած անտարբերությունը, նրանք հաճախ իրենց ուղղված «ջանում» միաժամանակ լսում են առկա, բայց հետո և թիկունքում ասվելիք «չոռը», ու դա նրանց վանում է ի սկզբանե, վիրավորում ու ցավեցնում է (մեկուսացնում է):

Եվ սա բնավ առավելություն չէ. սա լուրջ «թերություն է», համենայն դեպս, հենց նրանց իսկ առողջ և/կամ բարեկեցիկ գոյության համար:


271

ֆանտաստիկան մոռացված անցյալի վերհիշումն է, ինչին ձգտում է բանականությունը /մարդը/, ու սկիզբը ճանաչվելու է վերջում, որ չհիշվի ու սկսվի վերստին:

272

Հակաիրավական քաղաքականության հետևանքի մասին.

Քաղաքականության բարոյականության երաշխիքն իրավունքն է (լ.ի.), որից ցանկացած շեղում (նույնիսկ հանուն վեհ նպատակի) ճանապարհ է բացում նրանում անբարոյականության թափանցման ու տարածման համար, և հակաիրավական շարունակությամբ այն աստիճանաբար վերածվում է երևույթի /«միջավայրի»/, որում, մեծամասամբ, կենսունակ են դառնում անբարոյականները: Եվ, քանի որ այն ամբողջ հասարակությանն ու բոլոր հասարակական երևույթները /«արժեքները»/` ընտանիք, մշակույթ, տնտեսություն, … ընդգրկող միակ համընդհանուր ոլորտն է, ուստի, ազդում ու իր արժեհամակարգով «վարակում» է նաև դրանց:

273

Հաճախ քթի պատճառով է ամենամոտը մնում աննկատ ու, երբեմն, ամենամոտը հենց ամենակարևորն է, իսկ մենք անպատվություն ենք համարում խոնարհումը, և բաց ենք թողնում կարևորը գտնելու հնարավորությունը:

274

… «դատապարտվել ենք» ծնվելու.

Ծնվել ենք` հաղթելով այն միլիոնավորներին, որոնցից յուրաքանչյուրը հնարավորություն ուներ ծնվելու մեր փոխարեն, ու դա մեր մեջ ներարկել է փառասիրություն, որից մեզանից ոչ ոք և երբեք ինքնակամ չի հրաժարվում, բացառությամբ նրանց, ովքեր գիտակցում են, որ այն ամբողջին պարտության մատնելով /«կյանքից զրկելով»/ միաժամանակ «դատապարտվել ենք» պատժի. ծնվել միայնակ և մնալ այդպիսին մինչև … /ազատություն/: Բացի այդ և, փաստորեն, պատիժ կրելն էլ պարտականություն է, և ոչ` իրավունք:

Բայց արդյոք երբևէ լիարժեք գիտակցում ենք, որ …

275

Խորհուրդներին շատ լուրջ չվերաբերվելու ծանրակշիռ փաստարկ.

Սովորաբար, մարդիկ անհամեմատ ավելի ինքնավստահ են ուրիշին տված խորհուրդներում, քան իրենց իսկ կյանքում, ու դա, նրանց համար, սեփական երկչոտությունից սփոփվելու միջոց է /նաև/:

276

Երբեմն բոլորը «գիտեն», բայց հե՛նց դու` «ոչ».

Բոլորն ու ամենքը գիտեն, թե դու ինչ կարող ես անել, բացի քեզանից: Նրանք շռայլ են խորհուրդներում, բայց միայն «պետքա»-ով սկսվող, ասում են` եթե, ապա ..., բայց, որպես կանոն, միշտ՝ առռա հա: Կիսում են ապրումդ ու քո հետ են, քանի դեռ չեն հասկացել, որ հույսդ հե՛նց իրենք են, և/կամ այդպիսին լինել կարող են: Քեզ արժևորում են, բայց իրենց պետքում հարմար չեն գտնում: Անգամ երբ իսկապես ճար չկա, նրանցից ոչ ոք չի ասում` չէ, այս դեպքում ելք չկա (իսկ երբեմն, խաղաղեցնելու համար, հենց դա է պետք ասել, և ոչ` կրակին յուղ լցնել): Ու մտածում ես. միակ տգետը դու ես, թե՞ անտարբերությունը ոչ միայն համատարած, այլ նաև հավաքական ձևով կարող է դրսևորվել: Համաձայն դեմոկրատական սկզբունքի դու տգետ ես, որովհետև շատը նրանք են ու միասնական են: Եվ, փաստորեն, դու կարող ես, մենակ չես, արժեքավոր ես, ելքեր շատ կան. բոլորը դա գիտեն, բացի հե՛նց քեզանից, ու նրանցից յուրաքանչյուրը քո փոխարեն լավ կլիներ, ի տարբերություն քեզ, որ՝ վատ ես:


277

Ցավոք, սրա մասին գիտեն նաև հոգեորսներն ու հոգեվաճառները.

Բարեգործությունը «գործարք է», որով նյութական կապիտալը փոխանակվում է ոչ նյութականի հետ, ժամանակավորը` անժամկետի, հարաբերական սեփականությունը` բացարձակ սեփականության. այլ կերպ ասած` տալիս ես գույք, փոխարենը ստանում երախտագիտություն:

Բայց սրա մասին գիտեն նաև հոգեորսներն ու հոգեվաճառները (շահամոլները), որոնք այնքան են պղծել այս առաքինությունը, որ այլևս թերահավատ ես վերաբերվում քեզ ուղղված ուրիշի աջակցությանը ու նաև՝ կարիքավորի անկեղծությանը:


278

«Գիշերասեր».

Թախիծը սիրում է մեզ, մենք` Ուրախությանը, իսկ ոմանքս երախտազգաց ենք այնքան, որ չենք վանում անգամ ա՛յդ սերը. ինչպես Ուրախությունն է հաճախ արհամարհում մերը:

Եվ, աստիճանաբար, ծնվում է փոխադարձ մի սեր, որում գտնում ենք շատերին խորթ ուրախությունը մեր, ու դառնում ենք «գիշերասեր»:

279

Կիրք.

Հոգևոր իմպոտենտներն այն մեկնաբանեցին առանց առանցքային բաղադրիչի՝ զգայական ճանաչողության, և, նույնացնելով բնազդային քաղցի հետ, դասեցին արգելքների շարքում, ու տարածվեց մեծագույն ստերից մեկը. «ամենքս ի ծնե մեղավոր ենք»: Իսկ մարդիկ դա ընկալեցին որպես «ճշմարտություն»` բացառապես ենթակա լինելով քարոզողների հեղինակությանը, ինչը ստեղծվել ու ուղիղ համեմատականով շարունակում է մեծանալ այն ընդունողների, ապա նաև տարածողների տգիտությանը համապատասխան: Արդյունքում, Կիրքը, որպես կյանքը սնուցող անհրաժեշտ «երակ», մարդկանց գիտակցության մեջ փոխակերպվեց մեղքի, ու համադրությամբ ստացվեց ապրելու համար «կենսական մեղք», և, ըստ գիտակցման, մարդիկ բաժանվեցին երկու հիմնական խմբի` «սխալ ապրողներ», և «ճիշտ մեռնողներ»: Առաջիններն իրենց գոյությամբ մեղանչում են հասարակության առջև, երկրորդները` սեփական բնության, առաջիններն ապրում են մերժված անկեղծությամբ, երկրորդները` ընդունված կեղծավորությամբ:

Ու այս բաժանումը լինելու է այնքան ժամանակ, քանի դեռ մարդիկ հասարակությանը չեն հանել սեփական «անկողնուց», ու, փաստորեն, երբեք այլ կերպ չի էլ լինելու:


280

Երբ երկու դեպքում էլ մեղավոր են տղամարդիկ.

Կանայք դադարում են ԿԻՆ լինել, երբ նրանց մեջ «մահանում է» «աղջնակը», իսկ տղամարդիկ չեն դառնում ՏՂԱՄԱՐԴ, քանի դեռ նրանց մեջ չի հասունացել «մանչը»: Ընդ որում, «աղջնակը» կարող է «հարություն առնել» ցանկացած տարիքում, իսկ «մանչը» հնարավոր է` երբեք էլ չհասունանա:

Ե՛վ «աղջնակի» «մահվան», և՛ «մանչի» տհասության դեպքում էլ առավելապես մեղավոր են տղամարդիկ:

281

«Հականեխիչ օպերացիա».

Քեզ ի սկզբանե պարտադրել են, թե ինչպիսի՞ն պետք է լինես, իսկ երբ ընդդիմացել ես, քեզ պատժե՞լ են, կամ խրախուսելով համոզե՞լ են, նաև քո փոխարեն կահավորել, դասավորել, ամեն ինչի տեղը ներաշխարհում որոշե՞լ են. նշանակում է այս օրն է պակասում քո խաղաղվելուն.

«վերցրու մեկ շիշ գինի ու մտիր ներս, մեկ շնչում այն դատարկիր մեջդ, վառիր ծխախոտդ ու միացրու այն երաժշտությունը, որն ամեն ինչ գիտի քո երազանքների մասին: Մի փոքր սպասի ու զգա, թե ինչ դիմակաթափման խնջույք են նրանք քո համար կազմակերպում. այսօր դու ես ռեժիսորն ու սցենարիստը, իսկ հանդիսատեսը` ոչինչը:

Ու գնա՜ց, հեղափոխության մեկնարկը տրված է.

- Վերցրու փայտը ու ջարդիր հայելին, որը քեզ չի գովում, քանի դեռ կոկիկ չես հագնվում,

- ապա գետնով տուր այն ծաղկամանը, որն, ըստ նշանակության, տարին մեկ անգամ է օգտագործվում, - հանգցրու ծխախոտը դեմքին, որ նայում է քեզ պատից կախված նկարում, որին միշտ մեծարում, ինչպես կուռքի էիր վերաբերվում, իսկ նա իր լռությամբ միշտ քեզ արհամարհում. դիպուկ եղիր, կրակը պետք է հայտնվի ուղիղ աչքամիջում,

- պատառոտիր գիրքը, որում լավն ու վատը, ճիշտն ու սխալն էր քարոզվում, իսկ հակառակվելու դեպքում` դատապարտում,

- առանց պատուհանը բացելու, ապակին կոտրելով, դուրս շպրտիր հեռուստացույցը, որի միջից քեզ միշտ համակեցությունն էր բթացնում` իր կարիքին հարմարեցնում,

- կտրատիր այն միակ կոստյումդ, որը կրելուց են միայն պետքդ զգում. այսուհետ դու ես նորաձևությունը որոշում,

ու քանի դեռ գինին իր սերն է քո հետ անում, ու երաժշտությունը Ձեր համար նվագում, շարունակաբար ջարդում, պատառոտում, կտրատում ու դուրս ես նետում. «վրեժդ» վերջին ես հասցնում, ու վաղը նոր օր ես սկսում` արդեն դու ես քո որպիսությունը որոշում»:

ԵՐԲԵՄՆ ԳԻՆԻ ՈՒ ՌՈՔ …


282

Արդարադատության ծնունդը` որպես արդարության վախճան, կամ, արդարությունը վաղուց դասվել է հավատալիքների շարքին.

Ի սկզբանե չկար ճիշտ ու սխալ, լավ ու վատ ..., քանի դեռ մարդը ՄԵՆԱԿ ԷՐ. կար, ինչ-որ կար` սեփական գոյության համոզմունք: Հետո հանդիպեց ԵՐԿՐՈՐԴԸ, ով ևս ուներ իր համոզմունքը, ու համոզմունքների անհամադրելիության պատճառով` չստացվեց նրանց ներդաշնակ համակեցությունը: Առաջացած վեճում նրանցից առավել ճարպիկը հանկարծ ասաց՝ «պետք է ապրենք իմ համոզմունքով, որովհետև ես ճիշտ եմ, դու` սխալ», ինչը մյուսն ընդունեց առանց հակառակվելու, քանզի արտաբերված հասկացությունը նոր ու անհասկանալի էր նրա համար` ինչով էլ թվաց համոզիչ:

Որոշ ժամանակ անց հայտնվեց ԵՐՐՈՐԴ մարդը, ով տեսնելով ձևավորված համակեցությունը հարցրեց՝ «իսկ ո՞վ է որոշել, որ ճիշտը առաջինն է, սխալը` երկրորդը, ինչո՞վ է դա հիմնավորված, իսկ գուցե հակառակն է. այդպես անարդար է»,- ու այստեղից էլ առաջացավ ՃԻՇՏ ու ՍԽԱԼԻ վեճը, որի լուծման իրավունքն այն երկուսը տվեցին նորահայտ երրորդին` որպես երկրորդ անհասկանալի հասկացությունն արտաբերածի, ով էլ որոշեց, որ ով լինի առավել համոզիչ /իրեն նպատակահարմար/, նա էլ ճիշտ է, իսկ այդ մրցակցության ընթացակարգը կոչեցին ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅՈՒՆ, որով դրվեց վերջը ԻՐԱԿԱՆ /բնական/ ԱՐԴԱՐՈՒԹՅԱՆ:

Արդարադատության զարգացմանը զուգահեռ առաջացան ու շարունակաբար ստեղծվում, փոփոխվում են բազմաթիվ չափորոշիչներ, որոնցով որոշվում է «ճիշտն» ու «սխալը». երկուսն էլ հաղթելու հավասար իրավունքով և հնարավորությամբ, ու, փաստորեն, անկախ նրանից սխալն է հաղթում, թե ճիշտը, կամ նրանց միջև կնքվում է հաշտություն, միևնույն է, բոլոր դեպքերում արդյունքն արդարացված է ՎՃՌՈՎ:

Հետևություն. այն պահից, երբ ի հայտ եկավ արդարադատությունը, վերջ դրվեց իրական արդարությանը, իսկ ստեղծված նմանակը դասվեց հավատալիքների շարքը, որում չեն շահում ո՛չ հավատացյալները, և ո՛չ էլ անհավատները, ճիշտ այնպես, ինչպես բոլոր հավատալիքներում. այստեղ էլ շահում են միայն «պատմուճան կրող դատավորները»` «անհավատներ», ովքեր առաջնորդում են «հավատացյալներին», իսկ մնացած բոլորը ունենում են հարաբերական և իրարափոխ հաղթանակներ, բայց մնում` բացարձակ և մշտապես պարտվողներ:


283

Երբեմն հավատարմությունը վերածվում է ստրկության.

«Եթե շունը կծեր տիրոջ ձեռքը, ով չոր հացի կտոր էր պարզել երկարատև քաղցի մեջ թողելուց հետո, գուցե այդ պահից ծնվեր նրանց իսկական ընկերությունը, բայց, ցավոք, նա ոչ միայն վերցրեց, այլև երախտագիտությամբ թավալվեց տիրոջ ոտքերի տակ, ով էլ հասկացավ, որ, փաստորեն, շան ստրկությունն ավելի շահավետ է, քան նրա հետ ընկերությունը:

Ու զավեշտալին այն է, որ դա մինչ օրս կոչվում է հավատարիմ և լավագույն ընկերություն, որին, սակայն, հավատում է միայն շունը».

այսպիսի դիտարկում արեց գայլը, ու նախընտրեց մնալ վայրի:


284

Աղոթողներին թերահավատորեն վերաբերվելու փաստարկ.

Եթե խելամիտ է զուգահեռը, որ աղոթքը հոգու համար նաև այն է, ինչ լողանալն է մարմնի համար, ուստի անտրամաբանական չէ հետևությունը, որ մարդիկ կարող են աղոթել ոչ միայն մեղքերից մաքրվելու, այլև` մեղք գործելուն նախապատրաստվելու համար:


285

Հավերժությունն ակնթարթում է.

Միտքն առավելապես հիշում է կամ երազում, ու ակնթարթը (ներկան) ընկալումից դուրս է մնում, որն ինքնին հենց հավերժությունն է հանդիսանում, իսկ մենք այն այլ տեղ ենք փնտրում` անցյալում կամ ապագայում: Այն, ինչը ժամանակով չի չափվում, չի երաշխավորվում ու խոստումով չի հաստատվում, չենք ընդունում. անգամ սերն ենք արհամարհում` պատճառաբանությամբ, որ ակնթարթում չի լինում: Ու այսպես բոլոր դեպքերում, բացառությամբ երևույթի, երբ «աչքդ սառչում» ու շրջապատող քաոսն ես տեսնում, որը մինչ այդ, քո մասնակցության պատճառով, չէիր նկատում, ու հարց է առաջանում. «ու՞ր են բոլորը շտապում այս հավերժությունում, և մի՞թե իրականում մենք սահմանափակն ենք սիրում, սիրո մասին տենչանքը սիրելուց գերադասում, սահմանների մեջ վստահություն ձեռք բերում, իսկ դրանից դուրս` սարսափում, անազատության մեջ ապահով զգում, ազատությունից վախենում ... », ու սրան հատուկ փաստարկում չի պահանջվում` շատ պարզ երևում է մարդկանց աչքերում, ու ահա՛ նաև, ինչու են հոգիներ սպանելով հոգեփրկության կոթողներ կառուցում, որոնցում իրենց մեղքերն են սրբադասում, իրենց արձանը սեփական արժանապատվությունից արժևորում, ու շարունակաբար տգետ մնում այս կարևորում. ժամանակը հավերժության հետ չի հարաբերվում ու նրա մասը չի կազմում:


286

Երբ նախընտրում են մենությունը «կուսանոցում», քան հակառակը «հասարակաց տնում».

Երբեմն մեզ չեն ընդունում նրա համար, որ մեր արժանապատվությունը ամենաշատն ենք սիրում, ու քողարկված հարգանքով արհամարհում են, երբ կոտրել չեն կարողանում, ինչից մեր ինքնասիրությունն ավելի է մեծանում, այդ սիրո մեջ էլ ենք ծայրահեղ դառնում, ու, որպես կանոն, միշտ անդունդի եզրով ենք քայլում` երկու կամ-երն էլ գրկաբաց ենք ընդունում, այլընտրանքների վրա թքած ունենում` ապրում ենք, կամ մեռնում, ու երբեք չենք մահանում:

«Ներեցեք» ու մի զարմացեք, կա՛ն մարդիկ, ովքեր արժանապատվություն չեն վաճառում, ու «վայրենին» «քաղաքակրթությունից» ավելի են գերադասում` լեզուն ու հետույքն ըստ նշանակության են օգտագործում, ու երբեք չեն շփոթում` նախընտրում են մենությունը «կուսանոցում», քան հակառակը «հասարակաց տնում»:


287

Հուղարկավորության մասնակից` որպես ննջեցյալ.

«Համամարդկային աղբից մաքրվելու միջոցներից մեկը (կամ միակը) բանականության վերածնունդն է, որի համար, նախ, եղածի ոչնչացում է պետք, և նա, ով կգտնի միջոցը, կհամարվի մարդկության նորագույն «Աստվածը» (թերևս միակ իսկականը մինչ այս եղածներում), իսկ մինչ հայտնությունը, ամենքս համակատարն ենք այդ աղբում տեղի ունեցող զանգվածային սպանդի, ու նաև մասնակիցը` դրան հետևող հուղարկավորության` ննջեցյալի կարգավիճակում»:

288

Երաժշտության միակ թերությունը.

Երաժշտությունն ամենասիրելի և անհրաժեշտ «փոխադրամիջոցն է», ու երանի այն միաժամանակ կարողանար նաև մարմինը տեղափոխել այնտեղ, ուր տեղափոխում է միտքը /հոգին/. այդպես գոնե մեկ անգամ` մեկ անգամ ապրել ազատության բացարձակը, թեկուզ փոխարենը տալով տևող հարաբերականը:


289

«Սեր», որն ազատազրկում է ու սպանում /եսասիրություն/.

Կենդանիների հանդեպ սիրուց նրանց ազատազրկում են, ծաղիկների հանդեպ սիրուց` պոկում, իրար նվիրում, բնության հանդեպ սիրուց` որսի գնում, ... ու դրանք էլ են «սեր» կոչում, որտեղ բառի ԵՍ մասնիկն է աննկատ մնում, ու, փաստորեն, իրական բառն է` եսասեր, երևույթը` եսասիրություն, որից, հաճախ, մարդասիրությունն էլ չի տարբերվում /«մարդասպանության» հանճարեղ քողարկում/:

Եվ, ցավոք, հազվադեպ է սեր հանդիպում, որն ապրեցնում է ու տալիս ազատություն` ծնվող երևույթից, որը կոչվում է ինքնասիրություն:

290

Երբ սիրտդ ուզում է բերանովդ դուրս թռչել, խորը շունչ քաշելով ետ հրի ու ատամներդ իրար սեղմելով ճամփան փակի. ուրիշ ոչինչ և ոչ ոք չի օգնի: Ճիշտ է, վտանգ կա, որ կպայթի, բայց փոխարենը ոտնատակ չի լինի:

Թեպետ ոմանց համար մենակ թե սիրտը աշխատի` թե ում և/կամ ինչի տակ դա կլինի, կարևոր չի /մեղադրելու բան էլ չի/:

291

Թագավորն ապրած կենա.

Երբ լուր ստացվեց, որ թշնամին հարձակվում է, թագավորը սարսափից սկսեց դողալ իր գահին նստած, իսկ երբ ժողովուրդը ինքնազոհաբար դիմակայեց ու հաղթեց, նա ասաց. «Այդքան նախազգուշացրել էի հակառակորդին, որ ինձ չզայրացնի, տեսեք ո՛նց է մարմինս ցնցում բարկությունից», ու արքայի վախը իրենց ներկայությամբ նվիրաբար կիսող «ազնվականները» շտապեցին նրան սփոփել ծափերով և բացականչություններով. «կեցցե՜ հաղթանակած թագավորը, փա՜ռք մեր ամենայն փրկչին»:

Իսկ երբ ավարտվեց «արիստոկրատական» խրախճանքը, թագավորն արձակեց հետպատերազմյան հրամանը. «սահմանների վերականգնման համար կրկնապատկել հասարակությունից գանձվող հարկերը», ու «ազնվականները» շտապեցին ի կատար ածել «հաղթանակած» արքայի «իմաստուն» որոշումը:

Իհարկե, անմասն չէր նաև հոգևոր առաջնորդը և այս ողջ ընթացքում հնչում էր նրա օրհնությունը. պատերազմի ժամանակ պալատի ներսում, պատերազմից հետո` դրանից դուրս:

Հորինված պատմություն, կամ, գուցե, պատմության մեջ հաճախ կրկնվող իրականություն:

292

Երանի «երկխոսությանը», որը զարգանում է դեպի լռություն.

Քանի դեռ անորոշ է հարաբերությունը, չկան «սղոցող» հարցեր, կարծես հասկացվում է նաև կես խոսքը` անգամ լռությունը, իսկ հենց այն դառնում է որոշակի և ստանում անվանում, սկսվում է «հոգեաղացը». հարցեր, բացատրություններ, պարզաբանումներ, ու, որպես կանոն, մեղադրանքներ, իսկ լռությունն ընկալելու մասին այլևս անհույս է անգամ երազելը, ու, փաստորեն, ստացվում է, որ ոչ մի դեպքում ոչինչ էլ չի հասկացվում, կարծես անհամբեր սպասվում է այդ «անվանակոչմանը», որ տրվի մեկնարկը կասկածի, անվստահության, դատապարտման ..., ընդ որում, սա այն դեպքում, երբ ոչինչ չի փոխվում, միայն անվանումն է ավելանում:

Հավանաբար սա հասկանալով են երբեմն մարդիկ խուսափում նույնիսկ իրենց համար ամենաանհրաժեշտ հարաբերությունը վերնագրելուց և նախընտրում են դրա անորոշ /անանուն/ ձևաչափը. ամեն դեպքում զգայաբար ընկալվելու հույսը գերադասելի է դրա անհնարինության մեջ լրացուցիչ համոզվելուց:


293

Ինքնախոստովանություն.

«Ոչ ոք ինձ պարտական չէ».- ամենաքիչ հանդիպող ինքնախոստովանություններից մեկը, ճշմարտություն, որից ամենաշատն ենք խուսափում, քանզի դժվար է ապրել առանց պահանջելու և նեղանալու, ուրիշի վրա մեղքը բարդելու և արդարանալու, մեղադրելու և դատապարտելու ...: Ու սրանում ոչինչ չի փոխվում, եթե անգամ ինքդ շռայլ ես «նվիրատվության» մեջ. եթե սիրում ես, պարտադիր չէ, որ այն լինի փոխադարձ և համատարած` այն ինքնին է «հատուցված»:

294

Երբեմն խնդրանքի մերժումը վերածվում է շնորհակալության առիթի, իսկ մերժողը հասկանում է, որ կորցրել է, և ոչ` խնայել:

295

Երբեմն լռությունն ինքնազոհության նշան է.

Մի՛ շտապեք անիքնասեր և/կամ վախկոտ համարել նրան, ով լռում է ի պատասխան իրեն ուղղված վիրավորանքի. գուցե նա նրբազգաց է այնչափ, որ նկատում է վիրավորողի` ուրիշներից կրած և հոգու խորքում առկա նվաստացումը` որպես պատճառ անարգանքի, ու առաջացող խղճահարությունը ստիպում է ներել, արհամարհել և ոչինչ չասել:

Այդպիսիք սովորաբար հեռանում են անխոս, կամ ժամանակավոր մնում դրդված հանգամանքներից, որոնք, այդ դեպքում, նրանց ցավեցնող միակ հարկադրանքն են, որպիսիք կրում են բացառապես պայմանավորված իրենց սիրելիների կենսական շահով, և ոչ երբեք սուբյեկտիվ գոյության, ու սա՛ էլ է կոչվում ինքնազոհություն:

296

Բարոյականություն, որում արդարացվում է անիրավությունը.

Երբ անմեղները պատժվում են, այդ կերպ ձեռք են բերում ապագայում մեղք գործելու բարոյապես արդարացված իրավունք:

Երբ մեղավորները չեն պատժվում, այդ կերպ ձեռք են բերում մեղքը կրկնելու լկտիություն:

Ու համակեցությամբ ձևավորվում է հասարակական բարոյականություն, որում արդարացվում է անիրավությունը և դրա լկտի դրսևորումը:


297

Երբ ինքդ քո հանդեպ օբյեկտիվ ես, մարդիկ թվում են ավելի համակրելի, նրանց մեջ հաճախ ես գտնում գեղեցիկը, անգամ` հրեշտակայինը, ու հասկանում ես, որ ամենաանառակ «երևույթներն» առաքյալներն են:


298

Մարդիկս.

Երևակայությամբ հակադրվել ենք օրինաչափությանը, կամայականությամբ` անհրաժեշտությանը, օրենքով` իրավունքին, կեցությամբ` բնության կարգին ..., ու հայտնվել ենք մեր գիտակցումից դուրս գտնվող իրական ճշմարտությունից անդին, որի գոյության մասին իմանում ենք, երբ հանդիպում ենք «Մեծն խրատիչ» աղետին:

299

Պատմությունն է փաստարկում.

Ազգերը, որոնք չեն ապրում հանուն պետականության խաղաղ պայմաններում, դատապարտված են պարբերաբար մեռնել հանուն հայրենիքի պատերազմներում և/կամ փրկվել գաղթավայրերում:

Եվ սա շարունակությամբ նրանց մոտ ձևավորում է ազգային հոգեբանություն, որում գերակշռում է երկու ծայրահեղություն` հայրենասիրություն և պետական դավաճանություն:

Անգամ չի բացառվում այդ երկուսի առկայությունը նույն անձում:


300

Քծնողների և տգետների սիրախաղ.

Շողոքորթների պատճառով են փող ունեցող տգետներն իրենց ամենակարող և իմաստուն զգում, ինչը, նրանց բնորոշ մեծամտությամբ, աստիճանաբար լկտիության է վերաճում, ու արդյունքում համակեցության այլանդակ կարգ է ձևավորվում, որում խոհեմությունն է արհամարհվում:

301

Իրականությունը դրսում է, ու ռեալիստներն ընտրում են սեփական աչքերով այն տեսնելու, անձամբ առերեսվելու տարբերակը:

302

Ապահով անազատությունը գերադասող մարդիկ հոգու խորքում ամաչում են ազատության համար վտանգավոր պայքարից ձեռնպահ մնալու համար, ինչը մի մասի մոտ դառնում է համեստանալու, մյուսների մոտ` չարանալու պատճառ:

303

Զրպարտության, բամբասանքի, չարախոսության, ... նպատակին հասնելու ամենակարճ ուղին «թիրախի» ինքնարդարացումն ու հակամեղադրանքն է, իսկ անհաղթահարելի խոչընդոտը` անտարբերությունը:


304

Երբեմն, հաղթանակի գրավականը ճիշտ ժամանակին կատարած ինքնազսպումն է.

Գաղափարի ազնիվ մարտիկները միշտ գտնվում են պայքարի առաջնագծում. դա նրանց բնորոշ ներքին մղում է /ինքնազոհություն/, ինչի մասին քաջատեղյակ են նաև սրիկաները, ում ձեռնտու է այդ մարտիկների ոչնչացումը` որպես իրենց առաջխաղացման արգելքի, կամ զբաղեցրած դիրքին սպառնացող վտանգի վերացում:

Ահա ֆիզիկական պայքար հրահրելու ևս մեկ շարժառիթ:

305

Հերոսության նվաճումներին խորամանկությամբ տիրել է մորթապաշտությունը և տգիտության ստրուկ է դարձել խելամտությունը, իսկ շողոքորթությունը շարունակաբար չեզոքացնում է առաքինության ընդդիմանալու փորձերը, ու, այլևս, անառակությունն է բարեկեցության որոշիչն ու նախապայմանը, իսկ սկզբունքայինները, ովքեր չեն հարմարվում անարգված ապրելուն, մեկուսանում և իրենց բախտն են փորձում արժանապատիվ «մեռնելու» /նաև առանց չակերտներ/:


306

Երբ սիրո խոստովանությունը տխրեցնում է.

Ավելի շատ տխրեցնում է սիրո խոստովանությունը, քան անարգանքը, երբ գիտես, որ մարդիկ քեզ ընկալում են ըստ իրենց կարողության, ունակության և/կամ ցանկության, ինչը, հազվադեպ չէ, որ էապես տարբեր է իրականությունից, ու թե չես կարող կեղծաբար նմանակել ուրիշի կողմից ընկալված կերպարը, հավանական է դառնում հիասթափությունը, որ կարող է զգալ «քեզ» սիրողը` ում, երախտագիտաբար, ամենաշատն ես ուզում խնայել վնասվելուց, եթե, իհարկե, խուսափում ես եսասիրությունից:

307

Հրեշտակների սարսափի մասին.

Երբ հրեշտակներին կասկածում ես, նրանց սպիտակ թևերը չարությունից սկսում են սևանալ, քանզի գիտեն` համոզելու փորձի ժամանակ անառակների մասին իրենց իսկ կարծիքը վերածվելու է ինքնախոստովանության, իսկ չփարատված կասկածը բացառելու է նրանց հանդեպ հավատը, հետևաբար նաև գոյությունը` որպես այդպիսիք:

308

Ուրախությունն ինչքան էլ թանկ ու սպասված լինի, միևնույն է հյուր է և, որպես այդպիսին, ժամանակավոր, ուստի, չարժե նրա ներկայությամբ վատաբանել տխրությանը, որը միշտ պատրաստ է սիրով մնալ մեզ հետ:

309

Հոտ vs ոհմակ.

- Հոտը գոյատևում է անդամների զոհաբերության հաշվին, իսկ ոհմակը` անդամների համատեղ պայքարի: - Հոտի առաջնորդ է դառնում միայն խմբի ամենաուժեղը, իսկ ոհմակում՝ նա, ով նաև առաջինն է պայքարում հանուն խմբի:

- Հոտի առաջնորդին և՛ս բնորոշ է առջևից գնալը, բայց միայն խաղաղ պայմաններում, և այն էլ՝ թարմ կանաչն առաջինը ստանալու միտումով, իսկ ոհմակի առաջնորդը` նա՛խ ու նա՛և հանուն խմբի գոյատևման կռիվներում:

- Հոտի առաջնորդը վտանգի դեպքում, որպես կանոն, որոշում է միայն փախուստի ուղղությունը և նախ սեփական հետույքն է հոշոտումից փրկում` այլլոց հետույքների ետևում, իսկ ոհմակի առաջնորդը որոշում է պաշտպանվելու մարտավարությունը և առաջինն իր վրա կրում պարտության հետևանքը:

- Հոտին սովորաբար բնորոշ չէ հարձակվելը, բայց, երբեմն, երբ փախչելու տեղ չկա, դա ստացվում է ինքնաբուխ, ինչը ավարտվում է հաղթանակի արդյունքի բաժանման գզվրտոցով, կամ փախուստով` ինքնաջախջախում կամ ջախջախում հակառակորդի կողմից: Իսկ ոհմակը հարձակվում է նպատակային կամ նահանջում կազմակերպված. երկու դեպքում էլ հանուն խմբի շահի, իսկ հետևանքը՝ անկախ բնույթից՝ բաժանում ըստ օրինաչափ կարգի:

Մարդկանց պարագայում տարբերությունը միայն անվանումների մեջ է. ամբոխ՝ հոտ և կազմակերպված համակեցություն՝ ոհմակ:

310

«Դիագնոզ».

Եթե զարմանում ես հանդիպելով քծնանքի, շողոքորթության, կեղծավորության ... նշանակում է` դեռ չես սովորել մարդկանց մեջ ապրելու «արվեստը», եթե դրանք անտանելի են քո համար, նշանակում է` դուրս ես մնացել համակեցությունից, իսկ թե հավատում ես, որ կարող է լինել այլ կերպ, նշանակում է` այս մոլորակից չես:

Ի դեպ, վերջին դեպքում լուրջ մտորելու առիթ ունես, բայց հոգեբաններն ու քահանաները այստեղ քեզ չեն օգնի:

311

Առավելապես թուլանում ու սպանվում ենք նրանով, ինչ սիրում ենք.

Օգտագործելով մեր փառասիրությունն ու զվարճասիրությունը` իրենց հոմանիշների բազմությամբ, մեզ պարտադրվում է սեր առ թուլացնող և սպանող բազմաթիվ երևույթներ /առարկաներ/, իսկ մենք, միամտաբար, հավատում ենք դրանում մեր կամքի և ընտրության անկախությանը:

312

Ավելի շատ զարմացել եմ նրանում, որ ինձ սիրել են, քանզի ինքնադիտարկումը մշտապես ճիշտ հակառակն է կանխատեսել, իսկ արդարաբանությունը, ինչը նաև այդ կանխատեսման առանցքային պատճառներից է, թույլ չի տվել վայելելու /շահագործելու/ այդ սերը:

313

Համեստությունը վարվելակարգի տարր չէ, որ ձեռք բերվի վարժեցմամբ. այլ որակ է, որին հասնում են խոհեմությամբ և/կամ ունենում բնատուր:

Այն իր մեջ կրում է թախիծ` արտահայտվող մեղմ երանգով:


314

Լույս vs խավար.

Այո, խավարը լույսի բացակայությունն է, լույսն էլ ճանաչողության միջոց է, բայց սրանով ավարտվում է լուսասերների մեծամտության փաստարկը: Լույսը, որպես այդպիսին, ժամանակավոր, սահմանափակ, հարաբերական ու նաև ուղղորդվող է. այդ կերպ տեսնում ես այն, ինչ լուսավորվել է, այնքան, որքան լուսավորվել է և այն կողմից, որ կողմից լուսավորվել է դիտավորյալ կամ պատահաբար, իսկ շատ ավելին ու իրականը շարունակում է մնալ խավարի մեջ` ինքնին օբյեկտիվի, անսահմանափակի, բացարձակի ու մշտնջենականի:

Ահա, թե ինչու է իմաստնությունը սիրում, ձգտում և իրեն ներդաշնակ զգում խավարի մեջ ու զերծ մնում միայն աչքերով ճանաչողությունից. չէ որ, նաև, աչքերը փակելով է վերանում հորիզոնի սահմանափակվածությունը մեր տեսադաշտից: Այստեղ այլ կերպ հնարավոր չէ, քան շատերին սարսափեցնող միայնակությամբ և ինքնուրույնությամբ. խավարում ոչ ոք չի կարող ասել՝ «ահա, տե՛ս այս կամ այն». խավարում ինքդ պետք է գտնես, խավարում նյութապես անտես ես. էությա՛մբ պետք է նկատելի լինես, ... :


315

Մարդկային քողարկված նախանձախնդրություն.

Շատերին զվարճացնող երևույթներից մեկն էլ այն է, երբ թերություններ են գտնում նրանում, ում մեջ ի սկզբանե տեսել են գովելին /գեղեցիկը/, ընդ որում, նրանք խիստ հուսախաբվում են, երբ նրանց զրկում ես այդ հնարավորությունից` ինքդ դրանց մասին ուղղախոսելով:

316

Մոտ չթողնելու պատճառ.

Մարդը նույնիսկ ամենավսեմ գոյերին, անհատներին, երևույթներին, առարկաներին, գաղափարներին ..., որոնց ի սկզբանե տենչում է ու համարում անհասանելի իր ճանաչողությանը, սկսում է վերաբերվել հասարակ` իրեն համարելով դրանց հավասարարժեք, ապա արհամարհում է` որպես արդեն իրենից ցածրարժեքի, երբ հաղորդակից է լինում դրանց, կամ թվում է, թե լինում է, ու այսպես, շարունակաբար, արժեզրկում է ամենքին և ամեն ինչ, նույնիսկ բնությանը, «աստվածներին», սերը, ... ինքն իրեն:


317

Տարիքը չէ, որ իմաստություն է բերում, այլ ապրումով ճանաչողությունը, ինչը նույնական չէ տարիներով շնչել-արտաշնչելու հետ:

318

Կասկածամիտներին առավելապես չեն սիրում ստախոսները:


319

Ինձ հայտնի ամենամեծ առաքինությունը գաղտնապահությունն է, իսկ ոչ մեկին չասելու պայմանով ուրիշի գաղտնիքը պատմելը` ամենանենգ դրսևորմամբ անառակությունը:

320

Հարթակն այն տեղն է, որտեղ ամբոխը բտում է իր զոհին.

Փառասիրությունը հարթակին կանգնածին թույլ չի տալիս հասկանալ, որ իրականում ոչ թե իշխում է ամբոխին, այլ նրա կողմից բտվում` որպես մորթելու ենթակա կենդանի ու բավական է ձեռքից բաց թողնի բարձրախոսը, միանգամից կհայտնվի նրա երախում, արագ կմարսվի, ապա կհանգրվանի պետքարանում կամ, լավագույն դեպքում, կանտեսվի` որպես անհամ ուտեստ, որի դեպքում էլ փառասիրության հաճույքին կհաջորդի հոտելու պրոցեսը: Ու սրանում բացառություններ չեն լինում:


321

Իրավունքի փիլիսոփայություն.

Միայն իրավունքն է, որ ունի սուբյեկտիվ ծագում և բովանդակություն. հատուկ է անձին և բխում է անհատական շահից, ինչի համար էլ այն ամենաշատ ոտնահարվողն է (ի տարբերություն հասարակական հարաբերությունները կարգավորող այլ նորմերի` սովորույթից մինչև օրենք), ու սա էլ է դասվում անհատ-հասարակություն կոնֆլիկտի արդյունքին, ինչի հետևանքով բացարձակ արդարությունը նախ վերածվել է հարաբերականի, ապա` նպատակահարմարության:

Ընդ որում, իրավունքի արժեզրկումը սկսվում է նրա օբյեկտիվացման (հանրայնացման) պահից` անկախ ամրագրման իրավական ուժից:

322

Երբ առաջնորդվում են՝ «առաջինը, ու երբեք ոչ վերջինը» սկզբունքով, ձևավորվում է նույն ուղղությամբ գնացող շարք. համակեցություն, որտեղ միմյանց հիմնականում ճանաչում են «հետույքով»:

Ուստի, ոչ թե «առաջինը, ու երբեք ոչ վերջինը», այլ` միակը:


323

Անհատ-հասարակություն կոնֆլիկտն ավարտվում է այնտեղ, որտեղ սկիզբ է առնում երեսպաշտությունը:

324

Եթե սերը կառավարվեր բանականությամբ, միևնույն է, չէինք դադարի սիրել, չնայած նրան, որ առաջին փորձից հետո այն համարվելու էր գիտակցվա՛ծ հիմարություն, առանց որի կյանքում կգերակշռեր ձանձրալի խելամտությունը:

325

Որդուս իմաստուն պատասխանը` մտորելու առիթ.

Մեծանալով չենք դառնում, այլ մնում ենք «ինչ որ բան»` շարունակաբար սպառելով այն ամբողջականը, որ ունեցել ենք ի ծնե, ու, սա գիտակցելով հանդերձ, ոչ մի կերպ չենք կարող արգելակել այդ օրինաչափ ընթացքը մեր երեխաների համար` ինքներս ենք ակտիվ մասնակիցը նրանց «ինչ որ բան դառնալու /մնալու/»: /ցավեցնող գիտակցում/:

Այսպիսի հետևություն, երբ որդիս, մեծանաս` «ի՞նչ ես դառնալու» ավանդական տխմարությանը, ընդդիմաբար պատասխանեց՝. «ոչ մի բան»:


326

Եթե ատելությունից փոխակերպված կամ այն վերապրած չէ, ապա մշտապես առկա է կասկածը` սեր, թե հոմանիշ զգացողություն է:

327

Ահա և ամբողջ ճշմարտությունը ժամանակակից կյանքի.

Փորձը փոխարինվում է լրատվությամբ, իմաստությունը` տեղեկացվածությամբ, ու մարդու սահմանումը ամբողջանում է մեկ բառում` «լրագրող», իսկ առանց չակերտների այդպիսինները վերածվում են «ուսուցիչների», ովքեր իրենց «տեսախցիկի» սահմանափակ օբյեկտիվով ձևավորում են մնացածի աշխարհընկալումը:

328

Անառակներն են մնում տերն իրադրության.

«Խենթությունը» պոռթկումն է /կիրքը/ իմացության համոզմունքի և/կամ դրա ձգտումի, և ոչ` չարաճճիությունը կամ այլանդակությունը, ինչպես ընկալում են տգետները` այն վերածելով մոդայիկ զվարճասիրության, ինչի համար էլ անառակներն են մնում տերն իրադրության:


329

Աղքատությունն արժեզրկում է, հարստությունն` այլանդակում, իսկ «ոսկե միջինում» հայտնվում են իրենց կամքից անկախ:

Սրանից հնարավոր շեղումները բնորոշ են բացառապես «աննորմալներին»:

330

Սերն առանց սիրելիի հանգում է եսասիրության.

Սերն առկա է ինքնին` անկախ նրանից կա սիրելի, թե ոչ, և շարունակաբար կուտակվում է, ու սիրելիի չլինելու դեպքում` հանգում եսասիրության. հետևաբար, եթե հանդիպում ենք եսասեր մարդու, չշտապենք պարսավանքի ենթարկել նրան. գուցե նա ընդամենը դժբախտներից է, ով շատ ուզել, բայց չի հավատացել, որովհետև չի սիրվել, իսկ սերը կուտակվել ու չի ուղղորդվել:

Իսկ այդ դժբախտությունից խուսափելու համար սիրել է պետք, երբեմն թեկուզ տխմար մեկին, թեկուզ ինքնահամոզումով. չէ որ, վերջին հաշվով, ամենքիս համար սիրելն ավելի հավանական է, քան սիրվելը կամ, գոնե, կասկածելի չէ:

331

Մարդու ցանկացած նկար յուրահատուկ բովանդակություն է ստանում, երբ նայում ես որպես մահից ակնթարթ առաջ արվածի, ու, այս իմաստով, չկան չհաջողված նկարներ:


332

Տգետներն են քաղաքականությունը համարում անբարոյականություն.

Պետությունը հասարակության զարգացման աստիճանն է, քաղաքականությունը` դրա

բարոյականության. դրանք զարգացման վերջնակետ չեն, բայց մարդկության մինչ օրս ունեցած ձեռքբերման բարձրակետն են, և, որպես այդպիսին, նաև կոնկրետ հասարակության արժեհամակարգի որոշիչն են:

Ուստի, քաղաքականությունն անբարոյականություն չի կարող համարվել, ուղղակի նրանում կարող են այդպիսիք հայտնվել:

Հ.Գ.` Երբ անառակն աղոթում է, ոչ ոք կրոնն անբարոյականություն չի համարում:

333

Ցավին դիմակայելու մեծամտություն.

Չէ՞ որ հրելով հնարավոր է ոչ միայն վնասել, այլև վտանգից հեռացնել` անգամ կյանք փրկել, ուստի, երբ հանկարծակի ու առանց բացառության արհամարհում է ամենքին, անտարբեր մնում բոլորի կարեկցանքին` հավանաբար մեկուսանում է, որ դիմակայի ուժգին ցավին:

Այդպես նաև կորցնում է, որովհետև անտարբերությունը նեղացնում է` հատկապես նրանց, ում սիրում է, և թեպետ նման դիտավորություն չունի, բայց … ու միայն ինքը գիտի, որ, ուղղակի, սովոր չէ ապրումի այլ ձևի` չգիտի և չկա էլ այդպիսին, ու հենց ցավում է, կրկին «մեծամտանում է», որ ուրիշին չվնասի /իսկ չակերտները` … դա՛ էլ միայն ինքը գիտի, բոլորին երևում է առանց չակերտների/:

334

Խոսուն են նրանց աչքերը, ում ճանաչում ենք.

Աչքերը հոգու հայելին չեն, այլ ճանաչելու միջոցներից մեկը, ու, որպես այդպիսին, ամենակիրառելին: Ահա թե ինչու, կույրի և տեսնողի երկխոսության ժամանակ անհարմարություն է զգում հենց տեսնողը. հենց նա է հայտնվում կույրի «տեսադաշտում» և, չկարողանալով կանխատեսել թե նա որ կողմից է դիտում իրեն, դառնում է ավելի խոցելի:

Իսկ թե դեռ համառորեն պետք է համարենք, որ աչքերը հոգու հայելին են, ապա ստիպված ենք ընդունել նաև, որ մարդիկս կույր ենք մեկս մյուսի հանդեպ, քանզի ոչ ոք երբեք ոչ մեկին չի ճանաչել աչքերին նայելով:


335

Վերջին հաշվով կյանքում չկա այլ պայքար, քան սեփական վախի հաղթահարումն է. ինչը, բնականաբար, բացառապես սուբյեկտիվ զգացողություն է, հետևաբար, նաև, պայքարն էլ սուբյեկտիվ է, ինչով պայմանավորված կարող է փոխվել նաև վախի պատճառի ընկալումը. մեկի համար դինոզավր է, մեկ ուրիշի համար` սատկած մուկ, կամ` հակառակը:

336

Օրորոցային.

Երբ ցավում է` ժպտա, երբ շատ է ցավում` սեղմված ատամներով ժպտա, իսկ երբ ցավը դառնում է անտանելի` ատամները սեղմված ժպիտով օրորոցային լսի:

Հասկացա՞ր բանն աշխարհի. որ չկա երջանկություն ավելի, քան թմրեցումն է ցավի, իսկ միակ միջոցը` ակունք տանող երգն օրորոցի:

337

Վառոդը մեր մեջ է, կայծը` մեզանից դուրս, ուստի, եթե վախենում ես պայթյունից, խոնավ պահի, բայց նկատի ունեցիր, որ այդպես էլ կնեխվի: Հրավառությամբ պայթել, թե` անվնաս հոտել. ինքդ ընտրի:

338

Իրականում ինչն ինչից ենք պաշտպանում.

Մարդու կողմից կառուցված /ստեղծված/ գրեթե բոլոր վեհաշուք կառույցները, որոնք մենք պաշտում ենք, դրանցով հիանում ու մարդկության ձեռքբերումներ ենք համարում, հնարավոր են եղել շատերի արյան, արցունքի, ցավի, մեռնելու , ...` ընդհանրացված` չարի շնորհիվ, իսկ բարին «ընդամենը» այն կանաչները, ծաղիկները, փշերն են, ... որ, ամեն տեսակ տրորումից հետո, չեն դադարում ծլել պատերին, քարերին, ... սրտերում, որոնք պոկում ենք, հնձում ենք, տարաբնույթ թունանյութերով դրանց դեմ պայքարում ենք, որ, փաստորեն, այդ չարածինները փլուզումից պաշտպանենք:

339

Քանի դեռ չես նահանջում վախից դրդված, չկա պարտություն. կա անհաջողություն, ու, որպեսզի մեծամիտ չհնչի, ասեմ անկեղծ` այս ճշմարտությունը ճանաչել եմ ո՛չ թե հաղթանակով կամ անհաջողությամբ, այլ` պարտությամբ ու հանգել եմ հետևության, որ էլ երբեք չի լինելու պարտություն:


340

Մոռանում են այն, ինչ պետք չէ, իսկ մնացած պատճառները զուտ արդարացումներ են` (զբաղվածությունից մինչև հիշողության կորուստ),

հետևաբար հիշեցումը նույնն է, թե հայտնել անպետք մի բան, ու այստեղ արժեզրկվում է միայն մի կողմը` հիշեցնողը:

341

Եվս երկու բան կարոտի մասին.

- Ցանկացած զգայական հարաբերության մեկ որոշիչը կարոտն է /եթե, իհարկե, կան այլ որոշիչներ/:

- Այս կամ այն զգացումը ճանաչում ենք ինչ որ մեկով ու այն ասոցացնում այդ մեկի հետ այնքան ժամանակ, քանի դեռ այն չի փոխարինվել ավելի բուռն մեկ ուրիշով ու, այս իմաստով, ախպերս ծանոթացրեց ինձ կարոտին, ապա` կարոտը դարձավ ինձ ախպեր /այո, ոչ եղբայրս, այլ հենց Ախպերս/:


342

Եթե միայն լիներ այլ կերպ, …, բայց …, ու.

Ծնողներն ավելի են արժևորում մեր կյանքը, քան մենք ինքներս, մենք էլ արժևորում ենք մեր երեխաներինն ավելի, քան իրենք իրենցը, ու այսպես ոչ ոք ամբողջական չի գիտակցում սեփական կյանքի արժեքը, քանզի ոչ ոք չի կրում իր ծնվելու ցավը, մեծանալու` հոգսը:

Թերևս բացառություն են նրանք, ովքեր առիթ են ունենում վերապրելու փորձություն, որտեղ նժարներին դրված է ապրել կամ մեռնելը, ու երանի նրանց, եթե դրանից հետո դեռ մնում է ապրելու ժամանակ:

343

Այլ գրավչություն ունի կանանց բնորոշ յուրատիպ «երեսառվածությունը»` հաճախ հանդիպող պարմանուհիների մոտ, ինչը, բայց, հաճախ էլ կորցնում են` «որձին» տված առաջին իսկ «հա»-ից հետո /ցավոք/:

344

Երբ կասկածը միջոց չէ, այլ` նպատակ, դրա դեմ անզոր է ցանկացած փաստարկ:

345

Խորհրդատուների առաջ պայման դիր, որ քո հետ կիսելու են հետևանքը ու նրանցից կլսես ավելի ծանրակշիռ խորհուրդներ /եթե, իհարկե, չպապանձվեն/:

346

Զվարճալի տեսարան է,

երբ մարդու մեջ տեսնում ես այն, ինչը նա սոսկ խրատներով ցանկանում է փոխել ուրիշների մեջ, ապա, անհաջողության դեպքում, անարգում նրանց` որպես անհասկացողների:

347

Մեր այսօրվա հասարակության մասին.

Միայնակության մրմուռով մեկուսացած մարդկանց միավորում:

348

Լավություն չէ և ոչ էլ մեծահոգություն «կատվին» ներշնչելը, որ նա «առյուծ է», եթե անգամ արվում է բարեկամաբար, քանզի մի օր նա անխուսափելիորեն առերեսվելու է իրականության հետ, ու ցավը, որ զգալու է, առաջնահերթ հիշեցնելու է հենց ներշնչողին, բայց արդեն որպես ցավեցնող:


349

Ցավին հարմարվելը վտանգավոր է նրանով, որ երբ հանկարծ վերանում է, ի հայտ է գալիս անհարմարություն, որին հարմարվելը ծնում է մի նոր անհանգստություն, բայց և այստեղ է, որ հասկանում ես` գոռալը չունի բուժիչ ազդեցություն և սովորում ես պահպանել լռություն` անկախ նրանից, թե ինչքան է ցավում:

350

Ինքնախոսություն.

Մենք շատ երկար միայնակ մնացինք նույն «խցում» ու, անկեղծ ասած, ես հոգնել եմ նաև քեզանից /գուցե ամենաշատը հենց քեզանից/, բայց ի՞նչ անել, երբ ընդհանուր է ամեն բան, բաժանումն էլ` անհամատեղելի կյանքի համար:


© Տիգրան Գորշ / ԽԱՌՆԱՐԱՆ (233-350)

Просмотров: 0

©2020 Tigran Gorsh

This site was designed with the
.com
website builder. Create your website today.
Start Now