• Tigran Gorsh

ԽԱՌՆԱՐԱՆ /1-116/

Updated: Sep 3

1

Մեր կողքին են, բայց չենք նկատում ՆՐԱՆՑ...

...ում ամեն ինչ ստիպում է, որ չարանան, բայց փոխարենն ավելի բարի են դառնում,

- մեղավոր չեն, բայց առաջինն են ներողություն խնդրում,

- արդար են, բայց արժանապատվորեն մեղադրանք են լսում,

- կարիքի մեջ են, բայց օգնություն չեն աղերսում ու անգամ հաճույք են ստանում, երբ մերժվում են ստիպված արված խնդրանքում,

- այլոց դարդերին սրտակից են լինում, սեփականն էլ` լուռ կրում,

- հույս են տալիս` իրենք դրա կարիքում,

- լուսավորում այլոց ճամփան` իրենք խավարի մեջ մնում ...

Նրանց համեստությունը խեղճություն ենք համարում, անկեղծությունը` միամտություն,

- արհամարհում ենք, իսկ հարկ եղած դեպքում` նրանցով ինքնահաստատվում, բայց նրանք չեն դժգոհում, անգամ դա են արդարացնում,

- տառապանքին էլ հարգանքով են վերաբերվում, ու այն բացառիկ տեսակին են պատկանում, որ անգամ ճաղերի ետևում ԱԶԱՏ ԵՆ մնում,

- ՍԻՐՈՒՄ ԵՆ և ՈՉ ՆՄԱՆԱԿՈՒՄ...

2

Մեղադրելն ու նեղանալը` որպես ինքնաներման միջոց, իսկ առանց դրա` ինքնախարազանում.

Ցանկացած բացասականի դեպքում ինքներս ենք մեղավոր. մի դեպքում սխալը հեղինակելու, մյուս դեպքում` մեր հանդեպ այդպիսին թույլ տալու /հիմարանալու/ , բայց սա հասկանալով հանդերձ հակված ենք ավելի շատ մեղադրել ուրիշներին և/կամ նեղանալ նրանցից, որովհետև /և փաստորեն/ դա օգնում է, որ նախ ինքներս մեզ կարողանանք ներել. արդարացնելով սեփական սխալը կամ մոլորեցումը:

Հետևաբար, մեղադրանքի բնույթից և չափից նաև կարելի է հասկանալ, թե մարդիկ ինչում են փորձում իրենք իրենց ներել և ինչքան հեշտ կամ դժվար է այն ստացվում իրենց մոտ:

Իսկ նրանք, ովքեր զերծ են ինքնաներման այս միջոցից և ընտրել են ճշմարտության հետ առերեսված գոյաձևը, անխնա են իրենք իրենց հանդեպ՝ մշտական և շարունակական ինքնախարազանման մեջ են:


3

Նկատի ունեցիր, երբ ցանկանում ես թեթևացնել սիրտդ.

Չի լսում քեզ, եթե խոսքդ ընդհատում է հարցով, չի էլ փորձում հասկանալ, եթե բացատրություն է պահանջում, ունակ չէ երբևէ զգալու քեզ, եթե հետևում է դատապարտում:

Այլ կերպ ասած, մոռացիր նման ցանկության մասին:

4

«Կղանքն» այնչափ վտանգավոր չէ (գուցե նաև պիտանի է որոշ նպատակների համար), որքան դրանց վրա հավաքվող, համաճարակ հարուցող և տարածող, «ճանճերը», որոնք այնքան շատ են, որ դրանց դեմ անմիջական պայքարն անիմաստ է. միակ միջոցը շարունակում է մնալ «նորմալ կոյուղային համակարգը և բացառապես պետքարաններում կարիքը հոգալու մշակույթը»: Իսկ քանի դեռ այդպես չէ, ստիպված ենք գոյատևել համատարած «գարշահոտության» մեջ` «օծանելիքով» մեղմելով նողկանքը:

5

Երբ որևէ մեկը քեզ չի մատնում, դա դեռ չի նշանակում, որ արժանի ես հավատարմության, քանզի հուսալիությունը նախ անհատի ներքին որակ է, նոր միայն` հարաբերության մակարդակ:


6

«Ոչ ոք ինձ չի հասկանում» կամ «ուզում եմ հասկացված լինել» պրոբլեմի մասին.

Ամեն ոք հասկանում է այն, ինչին ունակ է և այնքան, ինչքան կարող է (բնականաբար նաև ինչ և ինչքան ուզում է կամ պետք է), և ճշգրիտ հասկանալ հնարավոր է բացառապես «նմանակ գիտակցությունների» դեպքում /չլինելու բան/, հետևաբար չկա և չի կարող լինել՝ «ոչ ոք ինձ չի հասկանում» կամ «ուզում եմ հասկացված լինել» պրոբլեմ. դրանում քողարկված է իր նման ընկալելու և մտածելու (նմանակներին տեսնելու) ցանկությունը /ինքնահավանության դրսևորում/, իսկ ոմանք ընդհանրապես տենչում, անգամ պարտադրում են, որ բոլորը հասկանան իրենց նման /մոլեգին եսասիրություն/:

Այդ իսկ պատճառով հաճոյանալու, շողոքորթելու, քծնելու, ... լավագույն ձևերից են համակարծիք ձևանալը, նմանակելը, անվերապահորեն համաձայնելը ...

7

Ներողությունը, որն ասվում է լոկ պատժից խուսափելու համար, հիմնավորում է պատժելու անհրաժեշտությունը:


8

ԵՐԱՆԻ.

Նրան երանի, ով իր տունն ունի, էլ ավելի` ով նաև հույսին չի ոտնամանի, հազար երանի, ով ամենի հետ մեկտեղ, տարին գոնե մեկ, մարդավայել հանգիստ ունի, …

Նրան ո՛չ երանի, ով ամբողջն այդ ունի, բայց դեռ ուրիշին ասում է երանի:

Հուսամ` շատ «դժբախտներ» ուրախացան` բավարարում զգացին գիտակցումից ունեցածի …

Մենք էլ հուսանք, որ երբևէ մեզ էլ կասեն ԵՐԱՆԻ, ԷԼ ԱՎԵԼԻ, ՀԱԶԱՐ ԵՐԱՆԻ …

9

Երբ միայնակ հայտնվում են մթության մեջ և գոռում` այդ ո՞վ է.

Ոմանք մթության մեջ կորցնում են անգամ իրենք իրենց, երբ սեփական արտաքին որոշիչները չեն երևում ու բարձրաձայնելուց սարսափում են իրենց իսկ ձայնից, որովհետև այնքան երկար չեն լսել այն, որ թվում է, թե օտար մեկը կա մոտակայքում, իսկ ինքնաշոշափումը համարում են այդ օտարի կողմից իրենց բռնաբարելու փորձ /օգնեցե՜ք/:

10

Ամեն գնով խուսափել միայնակությունից, նշանակում է ամեն գնով մնալ ստի մեջ.

Միամտաբար փրկություն, պաշտպանվածություն և ողորմածություն ես փնտրում ընկերության, բարեկամության, ընտանիքի, կուսակցության կամ կրոնի մե՞ջ. - հաշվի նստիր և ընդունիր սեփական ինքնության միայնակությունը, հասկացիր և զգա՛ դրա ինքնին կատարելությունը /այլ կերպ ներդաշնակության չես հասնի/:

11

Մարդկային բացարձակ անհատականություն տեսնում եմ առավելապես երեխայի մեջ, տեսնում եմ նաև ծնողի, հասարակության և պետության բռնությունն ուղղված այդ անհատականությանը` դաստիարակությամբ, կրթությամբ, կրոնով, քարոզով և տնտեսական ճնշմամբ: Եվ ցավոք, շատ քիչ եմ տեսնում կամք` ազատվելու տարիներով շարունակաբար կառուցվող այդ «գաղութից»:

12

Երբեմն, թվացյալ ինքնավստահությունը քողարկված չարախնդրությունն է` որպես արհամարհվածի:


13

Տղամարդիկ դեռ չեն հաղթահարել վախը` իրենց կողքին ազատ կին տեսնելու.

Մեր և համանման հասարակություններում կնոջ ազատությունը բաժանվում է երկու շրջանի` նախակուսական և հետկուսական, բայց երկու դեպքում էլ այն մնում է անազատություն: Առավել հաճախ ազատ կին հանդիպում է ամուսնալուծվածների, կամ այլ կերպ տղամարդուց «խերված»-ների մեջ /պարտադրված ազատություն/:

Ցավալի իրականություն, առավելևս, երբ այն շոշափում է նաև հակառակ սեռի որպիսությունը:

14

Երբ ամեն ինչ թվում է այնքան վատ, որ մտքերդ ծանրանում են, նյարդերդ` տեղի տալիս, ու պատահաբար հայտնաբերած ծխախոտի մեկ գլանակը պարգևում է այնպիսի բավականության զգացում, որը չէիր ստացել նույնիսկ ամենաթանկ գնումից, իսկ հետո «խենթանում ես», երբ հիշում ես, որ դեռ մի ամբողջ տուփ ծխախոտ էլ ունես պահարանում, ու այդ պահին զգացողությունդ քսանապատկվում է:


15

Չի վաճառվում միայն տառապանքը` միակ բացարձակ և չօտարվող սեփականությունը, որից, սակայն, ամենաշատն ենք շտապում ազատվել ..., իսկ գուցե նա էլ գնահատման արժանի է, և գուցե ամենաբարձր գնահատանքի:

16

Լռության պակաս.

Ընկերությա՞ն – ո՛չ, բարեկամությա՞ն – ո՛չ, սիրո՞ - ո՛չ, հույսի՞, հավատի՞, փառքի՞… ո՛չ, ո՛չ, ո՛չ… երկխոսության, որ ստացվում է բացարձակ լռությամբ` լռության պակաս:

17

Ամեն բան և ամեն ոք գեղեցիկ է, երբ դիտում ես ճիշտ հեռավորությունից:

18

Կարևոր է սովորել լսել «ՈՉ»-ը.

Նա, ով, ի պատասխան իր ցանկությունների գոհացման, սովոր է լսել միայն «ԱՅՈ»-ն, աստիճանաբար վերածվում է մարդու, ով, ի պատասխան «արժանի՞ է հարգանքի» հարցի, առավելապես ստանում է «ՈՉ»-ը:

19

Ուզում եմ բոլոր գրադարաններն ու գրապահարանները վերանան.

Ձեռք բերած գիրքը կարդացեք ու նվիրեք միմյանց, կարդացեք ու նվիրեք և թող, որ այդ շղթան չկտրվի որևէ մեկի դարակում կամ որևէ գրադարանում գրքի հայտնվելով:

Մի սպանեք գիրքը ու դրանով մի զրկեք ուրիշներին այն ապրեցնելու հնարավորությունից:

Հպարտանում ես քո գրադարանո՞վ, իսկ ես քեզ կոչում եմ վայրագ բռնակալ ու կապ չունի, թե որքան հոգատար ես դու գրքի հանդեպ. կալանավայրի գեղեցիկը ո՞րն է:

20

Երբ հեռու եք եղել այնքան ժամանակ, որ այլևս անհնար է դառնում իրար պատմել տարիներով եղածը և զգում եք միայն գրկախառնվելու տենչանքը, նշանակում է` կարոտը հասել է այն բարձրակետին, որից սկսվում է, իրար համար ավելորդ դառնալու, հետընթաց հաշվարկը:


21

Ոչ, իմաստուն չեմ, երբ իմ հետ շփվելով քեզ լավ ես զգում. պարզապես ես խավար եմ այնչափ, որում անգամ լուցկու կրակը զգում ու հիանում է իր վեհությամբ:


22

Անառակ հրեշտակի մասին.

Հաճախ քարկոծում, պարսավանքի են ենթարկում նրան, ում մեջ տեսնում են սեփական մեղքերը` դրանով փորձելով ինքնարդարացվել, ինքնամաքրվել: Այստեղ գործում է ինքնաբացահայտման ուղիղ, իսկ ճանաչման` հակադարձ համեմատականի կանոնը. որքան շատ ես քարկոծում, այնքան շատ են մեղքերդ, ձևանում ես առաքինի` երևում ես արատավոր:

Այլ կերպ ասած, վատաբանող հրեշտակը դա մի այլ տեսակի անառակ է:

23

Ինչու՞ Է ամենահեշտն անհնար.

Ինչու՞ հնարավոր չէ լինել բառացի անկեղծ, խոսքի մեջ ազատ, պարզ ու հստակ:

Ինչու՞ է հիմնական պատճառն ու պատասխանը միշտ գտնվում մի շարք պատճառների ու պատասխանների վերջում ...

Վերջապես, ինչու՞ է նմանակերպ ապրողն արժանանում կասկածի, մեղադրանքի և չհասկացվածության. դատապարտվելով մենակության:

Ես չգիտեմ ինչու, բայց, գրողը տանի, այդպես ապրելն էլ մի ուրիշ «կայֆ է»:


24

Երեկոն բուժում է իմ հոգին օրվա ստացած վերքերից, իսկ գիշերը` վիրահատությունից հետո հանգիստ:

25

Համեստ, խեղճ, անհամեստ և լկտի լինելու մասին.

-Համեստ է նա, ով ապրում է չիմացության անսահմանության, բայց և իմացության հնարավորության գիտակցումով:

-Խեղճ է նա, ով ապրում է գիտակցումով, որ իմացությունն իր համար անհնար է:

-Անհամեստ է նա, ով ապրում է գիտակցումով, թե իբր գիտի անհրաժեշտ իմացյալը:

-Լկտի է նա, ում համար չիմացությունը միակ իմացյալն է:

26

Նույնը` նաև առանց չակերտների.

Եթե հասարակության մեջ իշխեր Կինը, ապա «մարմնավաճառության» մեջ կգերիշխեր Տղամարդը (համենայն դեպս, անվանարկման հասցեատեր առավելապես հենց նա կդառնար):


27

Ինքդ քեզ աստվածացնելուց հիշի, որ ինքնին նաև հումուս ես.

Պետք ես, քանի դեռ տալիս ես: Սա բնության կանոնն է, որը չի կարող փոխել ոչ մի քաղաքակրթություն, ու դեռ հարց է` առհասարակ բնության ո՞ր կանոնն է փոխվել քաղաքակրթությամբ: «Մարդակերությունը» երբեք չի վերանա, կփոխվեն միայն միջոցները, որոնք կամրագրվեն իրավական, բարոյական, սովորութային, անգամ կրոնական նորմերում ... ու մենք դա կհամարենք զարգացում, բարեփոխում, անվերապահորեն կկիրառենք, նաև կպաշտենք:

Խնայիր քեզ, քո փոխարեն դա չի անի ոչ ոք, բացարձակ ոչ ոք, չնայած միևնույն է, վերջում հումուս ես` գուցե միշտ էլ այդ ես` շնչավոր, թե անշունչ:

28

Հոգեվիճակ, երբ անտարբեր ես ամեն լավ ու վատի, ժպտում ես ի պատասխան ապտակի և շոյանքի, լռում` ի պատասխան մեղադրանքի և գովքի, պարզապես կանգնում ես, երբ քեզանից ակնկալում են փախուստ կամ հարձակում, ու միայն մեկը գիտի, որ դու անզգայացած չես` ճիշտ հակառակի կատարելության մեջ ես, և այդ մեկը նա է, ով նայում է քեզ հայելու միջից:

Երբեմն գինի և տրանս ...


29

Բամբասել, այլ կերպ ասած՝ թքել քամուն հակառակ:

30

Ցերեկը քուն մտած մարդուն մի շտապեք անբան կոչել.

Երբեմն օրն ավարտվում է արևածագով, լուսաբացը բռնանում է այն անքնությամբ հավերժացնելու կամքին և ոչինչ չի մնում, քան այդ օրվա շարունակությունը երազում ապրելու հույսով քուն մտնել ցերեկը:

31

Կյանքն էլ սեռ ունի.

Կյանքը կին է. այն գուցե հասկացվում է, բայց չի սահմանվում, ճանաչման էլ չի ենթարկվում, նրա հանդեպ սերը զգայաբար ընկալվում է, բայց չի բացատրվում: Նա ինքնին հրաշք է, երջանկություն ու միաժամանակ տառապանք է, որքան էլ դաժան է, միևնույն է ցանկալի է, կիրք է ու միշտ գեղեցիկ է ...

Կյանքը կորցնելուց սարսափում ենք, բայց, ունենալով, պատշաճ չենք գնահատում, ու ոչ նրա համար, որ չենք ուզում, ուղղակի կյանքը Կին է ...


32

Հետևորդ, առաջնորդ, թե՞...

Գլխիկոր հետևորդները պարբերաբար առիթ են ունենում առջևից գնացողի հետույքին բախվել, քանի դեռ այլևս ետ քաշվելն էլ դառնում է անհնար և դեռ լավ է, որ այդքանով սահմանափակվում է՝ իսկ եթե առաջնորդը հանկարծ կտրուկ շրջվի՞: Զավեշտալին այն է, որ հետևորդի այլ տեսակ չի էլ լինում:

Թող չշտապեն հրճվել առաջնորդները. նրանք էլ ապրում են միշտ հետույքում օտար մարմին կրելով ու հաշվի առնելով այն, որ հետևորդները մշտապես բազմություն են, զրոյական է դառնում հնարավորությունը` գոնե ժամանակ առ ժամանակ շրջվել կարողանալու՝ ցավը մեղմելու:

Եթե քո թիկունքում և առջևում բացարձակ դատարկություն է, չկա անգամ մեկ հետևորդ, իսկ առջևում բազում անակնկալներ, ապա ողջունում եմ քեզ. դու ունես հնարավորություն ապրել մաքուր երեսով և արժանապատիվ` լինել բացառիկ տեսակով երրորդը:

33

Թե իմ հետ ունեցած ԵՐԿԽՈՍՈՒԹՅՈՒՆԻՑ քեզ վատ ես զգում, վիրավորված, հիասթափված, անգամ նվաստացած, ապա մի շտապիր մեղադրել ինձ. չէ՞ որ հայելին պատասխանատու չէ նրա համար, ինչ արտացոլում է:


34

Հորս տված խրատներից՝ իմաստուն սկզբունք ինձ համար.

«Ինչ ուզում ես արա՝ քեզ բացարձակ ազատություն, բայց իմ դուռը չթակեն ո՛չ շտապ օգնությունից և ոչ էլ ոստիկանությունից»: Մեծագույն ժառանգություն:

35

Զրույց ծխախոտի հետ, այլ կերպ` մահաբեր երկխոսություն.

Քեզ էլ սարքել են անազատ` ցանել, քաղել, մշակել ու փաթեթավորել են կամքիդ հակառակ: Դու էլ անհամբեր սպասում ես քո պահին` ընտրության ձեռքին, փոքր կրակին ու անհրաժեշտ շուրթերին, որ լինես ազատ: Տամ քեզ ցանկալին` դիմաց զրույցի` լուռ, առանց հարցի, առանց գովքի ու պարսավանքի, թող, որ առանց արդարացման, բայց և առանց մեղադրանքի: Արի մխանք բոլորի համար անդուր հոտով ազատության, հերն էլ անիծած, որ սպառնում ես դու իմ կյանքին քո գոյությամբ:

36

«Զվարճալի է», երբ մարդիկ քեզանում հավանում են այն, ինչը հետևանքն է նրանց կողմից արհամարհվող պատճառի:

37

Մարդկային չարություն.

Քանի դեռ երջանիկ ես ու հաջողակ, այդժամ գտնում ես ավելի շատ մարդկանց լի ցանկությամբ հաղորդակցվելու քո դժբախտության հետ և անգամ պատրաստակամ «անկեղծ» աջակցելու խնդիրներիդ լուծմանը:

38

Կուրացնելը` որպես քննության վերջնափուլ.

Դատավորի և հոգևորականի համազգեստի նմանությունը խորիմաստ է` ոչ պատահական, բայց և նույն չափ պղծված: Ու այդպես լինելու է միշտ, քանի դեռ նրանց ընտրության կամ նշանակման համար չի ավելացել ԱՉՔԵՐԸ ՀԵՌԱՑՆԵԼՈՒ պահանջը:

39

Երանելի է հանդիպել այն անկեղծի բացարձակը, երբ լսում ես ան չասվածը, որը սեր է քեզ ուղղված, է՛լ ավելի երանելի՝ վստահության բացարձակը, երբ լսում են քո սերը չասված, բայց և որքան երանելի, այնքան էլ եզակի է՝ առավել ևս է՛լ ավելին:

40

Երբ իշխում է նպատակահարմարությունը.

Օրենքն ու բարոյական նորմը վիճեցին, թե ով պետք է իշխի, ու քանի որ վեճը երկար լուծում չգտավ, համաձայնեցին ընտրության իրավունքը թողնել հասարակությանը:

Հասարակությունն էլ հաշվի առնելով նախկինում լավ հարաբերությունները բարոյականի և սպասվելիք անխուսափելի շփումը օրենքի հետ, որոշեց չնեղացնել որևէ մեկին և ընտրեց ՆՊԱՏԱԿԱՀԱՐՄԱՐՈՒԹՅՈՒՆԸ:

Ահա, թե ինչու են մարդիկ բաժանվում «բարոյական հանցագործների» և «անբարո-օրինապաշտների»:

Հնարավոր է նաև երկուսը մեկում՝ երկատված անձիք:

41

Մշտապես մեր կողքին գտնվող մարդկանց արժեքը հասկանալու համար պակասում է զգացողությունը, որ կառաջանար նրանց բացակայությամբ:

42

Որքան շատանում են բամբասասերները, այնքան փոքրանում է միջավայրը, ու կապ չունի, թե ինչքան մեծ և/կամ բազմամարդ է բնակավայրը:

43

Հարաբերությունների և դրանք վերնագրելու ձգտման մասին.

Հարաբերության անունը տալիս է որոշակիություն` կայունության զգացողություն, բայց ոչ երբեք երաշխիք դրա հավերժության, ու նման խոստումը մի օր անպայման վերածվում է դատապարտելու գործիքի: Որոշակիությունն ինքնին սահմանների որոշում է, որում երբեք չի կարող տեղավորվել անորոշության յուրօրինակ այն ԿԻՐՔԸ, որով ի սկզբանե ձգտում ենք ճանաչել, և որի գոյության միջավայրը անսահմանությունն է: Ու կապ չունի, թե ինչպես կկառուցենք սահմանները և որքան ընդարձակ ու ճկուն կլինեն նրանք, այդ ԿԻՐՔԸ դատապարտված է մարել հենց հարաբերության վերնագրման պահից: Ինչու՞, որովհետև ազատությունը, ԿՐՔԻՆ զուգահեռ, և գուցե անգամ նրան սերտաճած, ծնում է ՎԱԽ, որին առաջնահերթ է արձագանքում մեր բնազդը. արդյունքում շտապում ենք որոշակիության` կայունության զգացողության` հարաբերության վերնագրման` ապահով անազատության: Սա էլ կանոն է, որ հնարավոր չէ բեկանել` ցանկացած հարաբերություն վաղ թե ուշ ստանում է անուն: Ահա թե ինչու է բացարձակ ազատությունը ենթադրում մենակություն, իսկ նրան հասած իմաստունին ԱՍՏՎԱԾԱՑՆՈՒՄ կամ համարում ենք ԱՆԱՍՈՒՆ` նրանց մոտ ԿԻՐՔԸ (ԿԱՄՔԸ) իշխում է ՎԱԽԻՆ:


44

Գայլերի երկխոսությունից /հայր և որդի/.

Որդի - Հայրիկ, ինչու՞ են մարդիկ ատում մեզ:

Հայր - Որովհետև մենք միակն ենք բնության մեջ, որ նրանց հիշեցնում ենք իրենց անազատության մասին:

Որդի - Թող պարզապես հեռու մնան, ինչու՞ են մեզ սպանում` մեղադրելով գողության մեջ:

Հայր – Մենք ամենացավոտ ձևով ենք նրանց հիշեցնում բնության հանդեպ իրենց հանցագործությունների մասին:

Ահա այն երկու պատճառները, որոնց համար նրանք մեզ չեն ներում:

45

Վախկոտությունն ուղիղ համեմատական է եսասիրությանը և հակադարձ համեմատական` ինքնասիրությանը:

Հավելում. Վախկոտությունը նույնական չէ վախի զգացողության հետ` վերջինիս հետ ներդաշնակության հասնելով կարող ենք ձեռք բերել հոգատար ընկերոջ:

46

Խնդրելը գեղեցիկ է միայն որպես էթիկայի տարր, այլ կերպ այն «թշնամի է» քո ազատությանը:


47

Երբ խնդրանքդ մերժվում է, մի տխրի ու նվաստացած քեզ մի զգա, անգամ ուրախացիր` գուցե այդ կերպ խուսափեցիր անազատության թակարդում հայտնվելուց:

48

Կանանց.

Արթնանալուց հետո «լվացեք» բերանը հակաժարգոն «մածուկով», ապա «լոգանք ընդունեք» կիրք «շամպունով», «հագեք» ինքնավստահություն «ներքնազգեստը»` խիղճ «կրծքկալով», ապա` համեստություն «զգեստը» և ճախրանք «կոշիկները», «օծվեք» անուշահոտ ամաչկոտությամբ, բայց չափի մեջ խիստ նրբանկատ, շուրթերը «ներկեք» գրական խոսք «շրթներկով», աչքերը` խոհեմությամբ, իսկ մնացածն` ըստ ճաշակի, ու անպայման կհանդիպեք նրան, ով «կկերակրի» Ձեզ ՍԵՐ «նախաճաշով», «ճաշով» և «ընթրիքով», իսկ գիշերային շարունակությունն էլի` ըստ ճաշակի, բայց միշտ խենթացնող:

Նույնը նաև տղամարդկանց, բայց, իհարկե, զուգահեռների այլ անվանումներով:


49

Քեզանից դուրս քեզ չես գտնի, կամ մարդն ինքնին կատարյալ է.

Ոչ ոք կատարյալ չէ. համընդունված մոլորություն, մեծագույն սուտ, որն ունի բացառապես սոցիալական ծագում և նպատակային մեթոդ` անհատականությունները ոչնչացնելով կառավարելի ամբոխներ ու զանգվածներ ստեղծել:

Քո լինելու համար անհրաժեշտ է այն ամենն, ինչից որ կազմված ես՝ կաս կոնկրետ պահի ու տարածության մեջ` հենց նման համադրությամբ ԱՄԲՈՂՋԱԿԱՆ ԵՍ: Հաջորդ ակնթարթին այլ ես, մյուսին` ուրիշ, … փոփոխական ես, բայց միշտ ԿԱՏԱՐՅԱԼ ԵՍ:

Բոլորը համատարած զոմբիացվում ու հեռացվում են սեփական ԵՍ-ի ինքնին կատարյալ լինելու բնածին զգացողությունից, որ ավելի սուր արտահայտված է երեխաների մոտ ու, որի դեմ անգիտակից գործում ենք դաստիարակությամբ, քարոզով, տնտեսական ու քաղաքական ճնշմամբ, …: Սա համաշխարհային «աղանդի» գործիք է ու, որքան էլ տարօրինակ թվա, առաջին «ներարկումը» անում են ծնողները:

Եվ, փաստորեն, մոլորվում ենք մոլորությունից դուրս գալու ճամփին, դառնում անկատար` կատարելության ձգտելով:

Մարդն ինքնին կատարյալ է. անկատար է գիտակցությունը, որ շեղում է այդ զգացողությունից:


50

Պարզապես ԿԻՆ Է.

Նյութապես ապահովված և սիրեկան ունեցող մի կին սիրահարվում է աղքատ ու իմաստուն երիտասարդի ու վստահեցնում նրան, որ հոգևորը առաջնային է` երաշխավորում երդումով, բայց երբ բանը հասնում է ընտրությանը, ընտրում է ապահովը: Հիմա կմտածեք նա եռակի անառակ է. նախ սիրեկան ունի, երկրորդ` սիրահարվում է նորից, երրորդ` ընտրում է նյութականը, բայց՝ ոչ, նա անառակ չէ. նա պարզապես ԿԻՆ Է /նրա համար ապահովը առաջին կենսական անհրաժեշտն է/:

51

Ընտրությունս ՄԱՐԴ մնալն է.

Թե ներշնչվեի միայն գովքով, ապա նվազագույնը պետք է հավակնեի մրցել աստվածների հետ` նրանց նման արհամարհելով բոլորին և ամենքին, իսկ թե՝ միայն պարսավանքով, ապա վաղուց պետք է արժանապատվորեն բոլորին և ամենքին ազատած լինեի «նեռի» նման գոյությունիցս:

Երկու դեպքում էլ ընդհանուր է ԱՆգոյությունը:

Անհասցե ՇՆՈՐՀԱԿԱԼՈՒԹՅՈՒՆ բոլորին և ամենքին` ՄԱՐԴ գոյությանս համար:

52

«Ամեն ոք անհատականություն է» միտքը` որպես մարդկանց նույնացման միջոց.

Ամեն ոք անհատականություն է. համընդունված «ճշմարտություն», որի ստուգաբանությամբ չի զբաղվում գրեթե ոչ ոք, քանզի բնական է, որ ոչ ոք չի կամենա իրեն զրկել այդպիսին լինելու մտքից ու նույնացվել բոլորի հետ. և հենց սա է այս սուտը չբացահայտելու երաշխիքը: Իսկ իրականությունն այլ է. մարդիկ շատ ավելի նման են իրար, քան կարելի է պատկերացնել: Համոզվելու համար բավական է ինքդ քեզ իմանաս տարբեր իրավիճակներում ու այդ կերպ գրեթե անսխալ կամ չնչին շեղումով իմանում ես այլոց վարքագիծն ու անգամ միտքը` համանման իրադրություններում, իսկ շեղումը փորձի պակասից է կախված: Սա ապացուցված է «անհատականություններից» տարաբնույթ «մարդակույտեր» ստեղծելու փաստով, որը հրաշալի կիրառվում է «տեխնոլոգների» կողմից, այլ կերպ ասած` այն «առանձնահատուկների», ովքեր ճանաչում, համակարգում և օգտագործում են մարդկանց նույնությունը:

53

Արդարությունը երբեմն չի արտահայտվում, երբ բախվում են ճշմարտությունն ու բարոյականությունը:


54

Բանականության նկատմամբ վերաբերմունքի մասին.

Մարդկանց մեծամասնությունը վերաբերվում է սեփական բանականությանը այնպես, ինչպես հայերս Արևմտյան և Արևելյան Հայաստաններին. մի դեպքում հանձնում են ուրիշին (պարտադրված, թե սեփական ցանկությամբ. սա չէ հարցը), ապա ճանաչելու համար գնում որպես զբոսաշրջիկ` լրացուցիչ հարստացնելով այդ ուրիշին, մյուս դեպքում` պահպանում են, բայց սպառում եղած ռեսուրսները` զարգացնելու փոխարեն:

55

Երբեմն երջանկության համար ինչ որ բան պակասում է, երբեմն էլ՝ ավելորդ է, իսկ ավելի հաճախ՝ ընդամենն անհրաժեշտ է եղածը ճիշտ դասավորել:

56

Երեխայի ծնունդը` որպես կրթության սկիզբ.

Ծնող դառնում են երեխայի ծնվելու պահից և սովորում լինել մայր կամ հայր` երեխայի մեծանալուն զուգահեռ` նրա հետ և նրանով:


57

Փողկապի սահմանումը կամ դրա իրական խորհուրդը.

Այն դողիկը (ошейник), որը նախատեսված է սրտի ձայնը (անկեղծությունը, սեփական կարծիքը, խոսքի ազատությունը, …) լռեցնելու և ուրիշի (համակարգի, խմբի, անձի, նորմերի, ...) թելադրանքով առաջնորդվելն ապահովելուն, կոչվում է փողկապ:

Իսկ թե ամեն դեպքում սրտի ձայնը լսելի է դառնում մեկ այլ` խոսքի համար չնախատեսված տեղից, ապա այս դեպքում այն միաժամանակ հարմար է որպես ըմբոստին խեղդելու միջոց:

58

Էությամբ Ուսուցիչ.

Նա չի դադարում սովորեցնել «թռչել»` իմանալով օրինաչափությունը, որ առաջինը հենց իրեն են լքելու, քանզի գիտակցում է ճշմարտությունը, որ «բանտարկված» չկա տարբերություն` «թռչուն ես» , թե` «սողուն», «բանտապահը» հարգում է, թե` անարգում, ու աշակերտի «ճախրանքին» հետևելն է իր ուրախությունը, երջանկությունը` նրա երախտագիտությունը:


59

Կանանց վերաբերվում ենք այնպես, ինչպես ծաղիկներին.

Մենք, ինչպես և կանայք իրենք իրենց և միմյանց, ընկալում ենք որպես մայր, քույր, ամուսին, դուստր, անգամ սիրուհի ..., բայց անտեսելով բոլորի համար ընդհանուրն ու հիմնարարը` ԿԻՆ ասվածը: Երևույթը նման է նրան, երբ ծաղիկը պոկում և վերցնում ենք` անջատելով արմատից, որն արդեն ինչ պայմաններում էլ պահես միևնույն է դատապարտված է վաղաժամ թոշնելուն: Ահա թե ինչու են շատ, ՈՐՊԵՍ ԿԻՆ ՈՉ ԵՐՋԱՆԻԿ, սուրբ մայրերը, քնքուշ քույրերը, հրաշալի ամուսինները, հրաշք դուստրերը, անգամ կայֆ սիրուհիները, ...:

Մեր այս անգիտությունից էլ շրջանառության մեջ են մտել արհեստական ծաղիկները ...

60

Իսկ դու կարծում էիր խի՞ղճն է ծանրանում.

Ի՞նչ է զգում այն «ուղիղ աղիքավորը», երբ իր ոսկեզոծ զուգարանակոնքին տնքալուց հանկարծ ականջն է ընկնում հրանոթներից հերթական կրակի մասին լուրը` ոչինչ. ընդհամենը մեծանում է տնքոցը, կրկնապատկվում` «արարումը»:

61

Նեղանալուց կամ մեղադրելուց առաջ նկատի ունեցիր.

- Հայելին նախատեսված է ոչ թե սեփական գեղեցկությամբ հիանալու, այլ թերությունները տեսնելու և շտկելու համար:

- Եթե կարծում ես հայելին է անորակ, ապա դա էլ վկայում է ընտրության հարցում քո անգիտության մասին:

Թե վերոգրյալ երկու նկատառումներից հետո դեռ մնում է հայելին կոտրելու ցանկությունը, ապա արա դա` առանց հապաղելու:

62

Պատահականություն չկա՝ կա անհրաժեշտության անգիտություն.

Պատահականություն ենք համարում, երբ չենք գիտակցում անհրաժեշտությունը, անհրաժեշտություն՝ երբ գիտակցում ենք օրինաչափությունը, իսկ գիտակցումից անդին բացառված է պատահականության գոյությունը՝ բացարձակ է անխուսափելիությունը, որին ենթակա է նաև գիտակցությունը:


63

Փառք Ձեզ «խենթեր».

Անկախ նրանից, թե ինչից սկսվեց, ինչպես ընթացավ և ինչու դեռ չի ավարտվում արցախյան պատերազմը, եղել ու միշտ լինելու են «խենթեր», ովքեր ԿՌՎԵԼՈՒ ԵՆ: Եվ ինչ ուզում եք ասեք, սա զուտ և միայն հայրենասիրություն չէ. նրանցից յուրաքանչյուրի մեջ կա մահվան աչքերին նայելու սուբյեկտիվ, շատերիս համար ոչ հասու, շարժող ուժ: Ու մենք շատ «փոքր ենք» բացառապես նրանց բնորոշ այդ փիլիսոփայությունը հասկանալու, ինչն, ըստ իս, հնարավոր է միայն զգայական ընկալմամբ:

64

Սիրո իդեալական դրսևորման երկու ձև.

Տալիս ես նաև լրացնելով այն ամենը, ինչից զրկվում է քոնը լինելու համար, ԿԱՄ

Տալիս ես ու ոչնչից չես զրկում` պարտադիր չես համարում, որ լինի քոնը:

Երկրորդը միակողմանի սիրելու իդեալականության գաղափարից տարբերվում է նրանով, որ կարող է դրսևորվել նաև փոխադարձության դեպքում:


65

Երբ երեխաներդ տեսնում են, որ ծնող դառնալով չես մոռացել զավակ լինելդ. ահա լավագույն և երաշխավորված «կուտակային /կենսաթոշակային/ համակարգը»:

66

Որոշ տեսակ հարաբերությունների ճշմարտության որոշիչ.

Հարաբերությունները հաճախ /եթե ոչ միշտ/ դադարում կամ «հարկադրաբար» շարունակությամբ այլանդակվում են, երբ սահմանափակվում են միայն միմյանց ճանաչելու ձգտումով:

Ճշմարիտ է այն հարաբերությունը, որտեղ իրար ճանաչելու ձգտումը վերաճում է միասին ճանաչելու ձգտման:

Այս որոշիչը կիրառելի է ընկերության, մտերմության և համանման այլ հարաբերություններում:

67

Բարեգործությունն օբյեկտիվ-անհրաժեշտից ինքնակամ տալն է, այլ կերպ ասած` երբ տալիս ես, ինքդ զգալով դրա կարիքը:

68

Գնահատականս երկուս.

Դպրոցում իմ շարադրությունները գրեթե միշտ գնահատվել են 5/2. երկուսն ուղղագրության համար (մինչ օրս էլ այդպես է), հիմա էլ ման եմ գալիս պատռված կոշիկով, բայց ոտքերիցս գարշահոտությամբ չի «բուրում». այլ կերպ ասած` միշտ էլ թքած եմ ունեցել ձևի վրա, երբ այն հակադրելով փորձել են նվաստացնել բովանդակությունը:

Եվ Դուք ճիշտ եք` «ախմախը» ես եմ, գնահատականս էլ` երկուսը:

69

Իմաստնության ու անգիտության նույնական հետևանքը.

Մանրադիտակով կողմնորոշվելը նույն չափ դժվար է, որքան փակ աչքերով, ու երկու դեպքում էլ ոչինչ գեղեցիկ չի երևում. մի դեպքում տեսնում ես անճոռնի մասնիկների քաոս, մյուս դեպքում ընդհանրապես ոչինչ չես տեսնում, մի դեպքում միշտ կասկածում, մյուս դեպքում` միայն հավատում:

70

Գիտակ VS հիմար.

Հիմարների ժողովներին բնորոշ է միաբանությունը, որոշումներ ընդունելու արագությունը և դրանց հետևելու կարգապահությունը, իսկ գիտակների ժողովներին` ճիշտ հակառակը:

Եվ սա այն դեպքում, երբ անհատապես գիտակները հիացմունքի են արժանի իրենց իմացությամբ և ընդօրինակելի` իրենց կարգապահությամբ, իսկ հիմարները` ճիշտ հակառակը:

71

«Տվեք ինձ հենման կետ և ես կշրջեմ Երկիրը».

Արքիմեդի արտահայտած այս տեսականորեն-հնարավոր միտքը լայն տարածում է գտել քաղաքական, սոցիալ-տնտեսական և այլ (եթե ոչ բոլոր) ոլորտներում՝ հեղաՇՐՋԵԼՈՒ անհրաժեշտություն հայտնող «խելոքների» մոտ, ինչն այս դեպքում էլ անիրագործելի է, բայց այն տարբերությամբ, որ այդ «խելոքներից» ոչ մեկ չի ուզում ինքը լինել հենման կետը, լքել շրջելու ենթակա օբյեկտում իր տեղը, ու բոլորը երազում են միայն ձողը քաշելու հաճույքի մասին:


72

«Խենթեր» նկատի ունեցեք կամ արեք այնպես, որ այս բանաձևի վերջնամասը աշխարհում առաջին անգամ չգործի.

Հեղափոխություն պլանավորում են «խենթերը» (հանուն ազգային շահի), կամ սրիկաները (հանուն սեփական շահի, բայց էլի քողարկված ազգային շահով), այն իրագործում են հերոսները, բայց արդյունքը միշտ վայելում խուլիգանները. այն նույն կամ նորահայտ սրիկաները:

73

Գաղտնիք չէ, որ կենդանի օրգանիզմների մոտ առավել զարգանում են գոյության համար առաջնային անհրաժեշտության (կենսական) հատկանիշները, և այս իմաստով զարմանալի չէ, որ ստախոսների մոտ առավելապես պետք է զարգանա հիշողությունը:

74

Սիրո մեջ երրորդն ավելորդ է.

Քաղաքականության մեջ այդ երրորդը ժողովուրդն է` դիմության և ընդդիմության «սիրո» մեջ:


75

Իմաստնության դպրոց.

Ամուսնանալ և շարունակել ապրել ծնողների հետ, ծնող դառնալով շարունակաբար զգալ ընտանիքում զավակ լինելդ, անցնել իմաստնության փորձը` ստանձնելով սերունդների ներդաշնակ համակեցությունն ապահովելու առանցքային և պատասխանատու դերը, ու համոզվել հաջողության մեջ` տեսնելով, որ բացակայությունդ չի խարխլում ստացված ներդաշնակությունը:

76

Եթե միայն.

Երեկվա ճիշտն ու սխալը հասկանում ենք այսօր, այսօրվանն էլ՝ կհասկանանք վաղը, որովհետև պատճառը միշտ որակվում է հետևանքով, ու սա կարգ է անփոփոխ, որի դեմ անզոր է ցանկացած իմաստնություն և երաշխիք չէ ո՛չ մի հաշվարկ:

Ու թեև սրանում է նաև հրապուրանքն ապրելու, բայց երբեմն շատ ես ուզում ու մտածում. «եթե միայն ճշմարիտը հասկանայի արդի օրը ` վաղը չզղջայի, չապաշխարեի ինչպես այսօր»:


77

Թշնամին` որպես կենսական անհրաժեշտություն.

Միավորվում ենք ֆիզիկական ոչնչացումից խուսափելու և մասնատվում` բարեկեցության համար պայքարում, իսկ վերջինն էլ, որպես կանոն, հանգում է առաջինին: Ու, կարծես թե, արտաքին թշնամի ունենալը վերածվում է /եթե ոչ արդեն/ տեսակի պահպանման կենսական անհրաժեշտության:

78

...ԽԱՂԱՂՈՒԹՅՈՒՆ

Որտե՞ղ ես ՃՇՄԱՐՏՈՒԹՅՈՒՆ` հիմք ԱՐԴԱՐՈՒԹՅԱՆ, բայց վաղուց չքացող այնչափ ստի ու ենթադրությունների մեջ, որ եթե անգամ երբևէ արտահայտվում ես, ապա այլևս հավատ չես ներշնչում:

Որտե՞ղ ես ԱՐԴԱՐՈՒԹՅՈՒՆ` հիմք ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ, որ, փաստորեն, քո գոյությունն էլ այլևս կասկածելի է մնում:

Որտե՞ղ ես ...

79

Առանց «հանդիսատես» ո՞վ ենք մնում.

Հանդիսատեսի համար ուրախանում ու տխրում, բարին գործում և չարանում, ցավակցում, նաև ցավեցնում, ծիծաղում ու զայրանում, ժպտադեմ դառնում կամ խոժոռ դեմք ընդունում, անգամ սիրում և ատում, արարում ու ավերում ..., ծափերով կյանքի ուղի որոշում, դրանց քանակով վհատվում և ոգեշնչվում, մեղադրում կամ արդարացնում` ըստ անհրաժեշտության ծափ պատվիրում, առանց հանդիսատես մոլորվում ենք, դերերում շփոթվում, առանց հանդիսատես ո՞վ ենք մնում. արդյո՞ք այդժամ ինքներս մեզ հավանում ենք, երբ դիմակաթափվում ենք (եթե...):

80

Ետևից արված չարախոսությանն արձագանքելու համար կարիք չկա շրջվելու. լավագույն պատասխանը տալիս է հետույքը` իրեն բնորոշ անտարբեր /խոսուն/ լռությամբ:

81

Երբ քեզ դիմավորում են, չկա տեղ հասնելուց բացի ուրիշ տարբերակ, ու չի ներվի անգամ դժբախտ պատահար. ուստի ստիպված ես զսպել նաև ժայռից գահավիժելու կիրքդ, որին երբեմն ուզում ես տրվել ճանաչելու համար:


82

ԱՆՏԱՐԲԵՐՈՒԹՅՈՒՆ,

Մենք «բջիջն» ենք այն կենսաբանական օրգանիզմի/մարմնի, որ կոչվում է ՏԻԵԶԵՐՔ, ստեղծվում ենք` ապահովելու վերջինիս ԿՅԱՆՔԸ ու դրանով արդեն իսկ իմաստավորված է մեր գոյությունը, և վերանում ենք` էլի ի նպաստ այդ ԿՅԱՆՔԻ:

Բայց մենք ծնվում ենք ոչ մեր ընտրությամբ, ապա ի՞նչ իրավունքով ենք մահվան կապակցությամբ կարծիք պահանջում: «Կյանքի միջին տևողություն» ասվածն էլ այն պարտադիր չափը չէ, որ անհրաժեշտաբար պետք է ապրի ամեն ոք, և չկա վաղաժամ մահ:

Իսկ ՏԻԵԶԵՐՔԻ վերաբերմունքը մեր որպիսությանը ճիշտ այնպիսինն է, ինչպիսին մերը սեփական մարմնի բջիջներին, սրանցն էլ մեկը մյուսին:

83

Բացարձակը սկսվում է այնտեղ, որտեղ կանգ է առնում գիտակցությունը, իսկ, մինչ այդ, հարաբերականում հարաբերվում ենք հարաբերաբար` կիսատ-պռատ` անկատար:


84

Հայրենիք` նյութական հիմք ինքնության,

առանց որի անդեմ է ցանկացած ազգ ու անհատ` անկախ մարդկությանը հայտնի հնարավոր բոլոր ձեռքբերումներից, ինքնասիրությունն էլ վերածվում է մորթապաշտության: Այդպիսիք իրենց կենսակերպով նման են մոլախոտի, ու բացարձակ նշանակություն չունեն հայրենիքից զրկվելու կամ նրանից երես թեքելու պատճառները` հետևությունը նույնն է - անինքնասեր գոյություն:

85

Ընտանիքում տղամարդու ագրեսիվությունը վկայում է դրսում նրա թույլ լինելու մասին, ու այստեղ գործում է չափման ուղիղ համեմատականի կանոնը:

86

Իսկ անզգայականի հոմանիշ է նաև անգիտակցականությունը.

Լռությունը համաձայնության նշան է. սա նաև անզգայականի «փաստարկն է» ընդդեմ զգայականի՝ երբ վերջինս լռում է ի պատասխան տրամաբանության ընդդիմախոսության:

87

Մի կին դիմում է իմաստունին.

Կին - Ամուսինս այսօր առաջին անգամ ձեռք բարձրացրեց վրաս, բայց ներողություն խնդրեց, ի՞նչ անեմ

Իմաստուն - Ձեռք է բարձրացրել անհրաժեշտ պաշտպանությունից դրդվա՞ծ

Կին – Ոչ

Իմաստուն - Անելուց հետո ինքն իր ձեռքը անդամահատե՞ց

Կին –Ոչ

Իմաստուն - Փաստորեն նրա արարքը չունի ո՛չ արդարացում և ո՛չ էլ ենթակա է ներման. գնա և ուղարկի նրան գրողի ծոցը` միանգամից և ընդմիշտ:

88

Այնտեղ, ուր արդեն ընդունված է անգամ ծնող-զավակ հարաբերությունները պարզել օրենքի ուժով, կոչվում է ՕՐԻՆԱՊԱՇՏՈՒԹՅԱՆ երկիր:

Բայց սա քաղաքակրթության բարձրակետը չէ և ոչ էլ դրական ցուցիչը. սա սկիզբն է ԲԱՐԲԱՐՈՍՈՒԹՅԱՆ` նոր ձևի մեջ, ու կգա ժամանակ, երբ ԱՌԱՔԻՆՈՒԹՅԱՆ երկրները կդառնան տուրիզմի ամենապահանջված վայրերը:

Հավելում. Հայաստանն ունի հնարավորությունն ապագայի այս «բիզնեսի», կամ գուցե էլ չունի:


89

Սոֆրոսինե-ից.

1. Այն, ինչ ունես, միայն քո շնորհիվ չէ, ինչ տալիս ես` դրանում է քո արժանիքը:

2. Վերցրածի դիմաց համաչափ հատուցելու արժանապատվությունն է ձևավորում չափի զգացում:

90

Գիտեմ, որ ոչինչ չգիտեմ.

Ինչքան ճանաչում ես, այնքան մեծ մակերեսով ես հարաբերվում անհայտի հետ, հետևաբար այդչափ լավ պատկերացնում վերջինիս անսահմանությունը` շարունակաբար հասունանալով ճշմարտության, որ ՈՉԻՆՉ ՉԳԻՏԵՍ, ու համոզմունքը փոխակերպվում է հավատի, արդյունքում մնում է հույս:

91

Նարգիտ.

Զգայական հարաբերությունների ամբողջություն, որը կազմում է մարդու հասարակական կեցության միջուկը` կենտրոնում անհատը («ԵՍ»-ը): Այդ հարաբերություններից յուրաքանչյուրում կողմի բացակայությունը ենթադրում է Նարգիտից մասնիկի անջատում, որն առաջացնում է դատարկության և այն լրացնելու զգայական ձգտում` ԿԱՐՈՏ:

Առավել պատկերավոր` Նարգիտը նման է շրջանակի, իսկ կարոտը` դրանից մասնիկ պոկելուն: Բայց Նարգիտը, կենդանի օրգանիզմի նման, ունի վերականգնվելու հատկություն. վնասված շրջանակը (միջուկը) կրկին ստանում է իր ձևը` 1.անջատված մասնիկի միավորումից, 2. նոր մասնիկով փոխարինվելով, կամ 3. սեփական մակերեսի փոքրացման հաշվին, ու երբեք վնասված չի մնում հավերժ: Սրանով է նաև բացատրվում երևույթը, երբ կարոտով երկար սպասված մարդը վերադառնում ու հանկարծ հասկանում ես, որ քեզ համար արդեն օտար է կամ ոչ իր տեղում, քան եղել էր՝ կախված նրանից, թե որքան է հասցրել վերականգնվել շրջանակը (Նարգիտը)` որքան է լցվել կամ փակվել բացը:

Ուղղակի, հաճախ նաև շփոթում ենք մեր գիտակցության մեջ կարոտի մասին ապրող հիշողությունն իրական զգացողության հետ, որը գուցե արդեն վաղուց էլ չկա:

Եվ ընդհակառակը՝ Նարգիտը կարող է մեծանալ նոր զգայական հարաբերություններով:

Ամեն ոք (ԵՍ), որպես վերոգրյալ շրջանակի կենտրոն, ունի իր ինդիվիդուալ Նարգիտը` զգայական հարաբերությունների ամբողջությունը:

92

Շունը մարդուն հավատարիմ ընկեր դարձավ, բայց ինքն այդպես էլ ընկեր չունեցավ, և դրանից ճիշտ հետևություն արեց միայն ԳԱՅԼԸ:

93

Երկու թագավոր պատրաստվում էին պատերազմել միմյանց դեմ ու մարտից առաջ երկուսն էլ, ավանդույթի համաձայն, օրհնություն ստացան աստծուց /զավեշտ/, և դրանից ճիշտ հետևություն արեց միայն աթեիստը:

94

Ճշմարտախոսությունն ուղիղ ճանապարհ է դեպի մենակյացություն.

Մարդիկ ոչինչ այնքան դժվար չեն հանդուրժում, որքան իրենց հակադրվող ճշմարտությունը, և անգամ հրեշտակներն ունակ չեն շարունակաբար ներել` չլքել:

Բացարձակ արդարաբանությունը թողնելով «աստվածներին»` հարաբերականով ստանում ենք չափման մի պարզ բանաձև, համաձայն որի` շրջապատի մեծությունն էլ ուղիղ կախման մեջ է ստախոսության և/կամ կեղծ լինելու չափից, վերջիններս զգալի տեղ ունեն նաև ցանկացած հարաբերության մեջ:

95

Ուղիղ և փոխաբերական իմաստով.

Բարձր հարկերում բնակվող որոշ մարդիկ իրենց տուն մտնում են մաքուր ոտքերով, որովհետև բարձրանալուց կոշիկները մաքրում են ներքևի հարևանների դռան շեմի շորերին, և, փաստորեն, վերջիններս, իրենց տան մաքրությունն ապահովելու համար, մաքրում են նաև այլոց թողած կեղտերը:

96

Լեզու Մայրենի,

առանց որի մարդ դառնում է ինքնությունից վտարանդի:

Ո՛չ պետություն, ո՛չ էլ եկեղեցի. նախ Լեզուն է պահպանության երաշխիքը ամեն ազգի:

97

... միայն դու և «նրանք».

Ցավից սեղմված ատամներով ժպիտ` ի պատասխան, «գլխագարությունից» անքուն մնացած աչքերի համար, «կայֆու՞մ ես» հարցի, իսկ թե ամբողջ գիշեր ինչու էիր գալարվում` կիսվելը չի օգնի, եթե անգամ հարցն է անկեղծ կարեկցողի. ժամեր անց «թափառումը» պետք է կրկնվի, ու ոչ ոք չի լինի ...

98

Սլացք առ անսահման անազատության /կամ/ ձանձրալի ճշմարտության.

ՄԱՐԴՈՒ ցանկությունները վաղուց դուրս են բնության սահմանած օբյեկտիվ անհրաժեշտի /կենսական պահանջմունքի/ սահմաններից, ու հաճախ նաև հակադրվող դրանց: Մեր անազատության պատճառը ոչ թե հնարավորությունների սահմանափակման մեջ է միայն, այլ, նախ և առաջ, մեր ցանկասիրության, և արդյունքում այլևս առաջարկն է իշխում պահանջարկին: Ցանկալին ստեղծվում է մեզանից դուրս ու պարտադրվում` մեր իսկ կամքով, մեր նյութապաշտությամբ: Հենց այստեղից է սկսվում անհատի, նաև ամբողջի, ինքնակառավարման (ազատության) կորուստը: Այլևս «ոճաբաններն են» հռչակվում մարգարեներ, իսկական հավատացյալները մնացել են եկեղեցուց դուրս, հայրենասերները` պետությունից, առաջնորդին պարտադրվել է մնալ հետևորդ ..., թերևս այդպես եղել է միշտ, իսկ «հոգևորները» (իմաստուններ, բանաստեղծներ, արվեստագետներ, ...) հիշվում են իրենց ստեղծագործություններով միայն տառապանքի պահին` որպես ցավը թմրեցնող հաբեր:

«Ցանկանալ հնարավորի սահմաններում օբյեկտիվ անհրաժեշտը». ահա միակ այն միջոցը, որ մարդուն կվերադարձնի բնության նախասահմանած շրջանակին, որում կլինի հնարավոր առավելագույն ազատությունը (այն էլ միայն սուբյեկտիվ): Բայց սա այլևս ընկալելի սահմանում չէ մարդկության համար` ձաձրալի, անգամ ծաղրելի և արհամարհելի է մեծամասնության (եթե ոչ բոլորի) կողմից, ու ետդարձի ճամփա չկա. ազատություն տենչալով ՄԱՐԴԸ շարունակաբար դառնում է ավելի ու ավելի անազատ, ու երբեմն թվում է, թե բացարձակ ազատությունից անվերջ սլանում ենք դեպի ԱՆՍԱՀՄԱՆ ԱՆԱԶԱՏՈՒԹՅՈՒՆ:

99

Անտարբերությունը` որպես արհամարհվելուց խուսափելու միջոց.

Հաճախ /եթե ոչ միշտ/ արհամարհվում ես նրա կողմից, ում հանդեպ դադարում ես անտարբեր լինել: Սա յուրովի ինքնաբավարարումն է խանդության, որ առաջանում է նրա հանդեպ, ում ի սկզբանե ձգտում են` համարելով իրենցից ավելին /ձգտումի այլ պատճառ գուցե չի էլ լինում/: Եվ շտկելու միակ միջոցն արհամարհողին սկզբնական զգացողությանը վերադարձնելն է:


100

Սուտ է,

թե իբր սահմանին պատանու զոհվելը, որևէ ընտանիքում մանկասպանությունն ու պղծությունը, չքնաղ պարմանուհու ինքնասպանությունը, մի ամբողջ գերդասանի արտագաղթը, ... հուզում է սրտեր և/կամ ալեկոծում հոգիներ, ու՝ թե անգամ թափվում են արցունքներ, ապա դրանով էլ, ուրիշի վշտի քողի տակ, սեփականն են ողբում ...:

Օրվա անհաջող ծախսած դրամը կամ այն շահավետ ծախսելու հնարավորության բացթողումն է մարդկանց անքնության իրական պատճառը, իսկ համամարդկային արժեքների մասին «մտորումների փորձերը» արվում են բնազդների բավարարումին հետևող ձանձրույթից:

101

Վախկոտի (ստրկամտի) հոգեբանություն.

Քանի դեռ կորցնելու բան կա` վճռակամություն չկա, քանի դեռ նահանջելու տեղ կա` հակահարվածի համարձակություն չկա:

102

Ամենքս մի ԳԻՐՔ,

որ սկսում ենք գրվել առաջին մաքուր էջից` առանց նախապես որոշված քանակի ու վերջաբանի` ներառելով գրական բոլոր ժանրերը, որոնցից առավելապես վառ արտահայտվում են յուրաքանչյուրիս ընտրած և/կամ ստիպված ընդունած տեսակն ու ոճը:

Ոչ բոլոր էջերում ենք վառ հետաքրքրությամբ արտահայտվում, իմաստալից լինում, և հազվադեպ չէ, երբ գրքի նման, ընդամենը մեկ դրվագի, մեկ մտքի, մեկ իմաստի և գաղափարի համար ենք գրվում` մնացած էջերում ձանձրալի մնում, և, ոչ հազվադեպ նաև, միայն վերջաբանում է մեր գոյությունն արդարացվում:

Գրքի նման մենք էլ ենք մշտապես ընթերցվել տենչում. դրանում ենք մեր հավերժական գոյության միջոցն ու երաշխիքը գտնում, բայց և ոչ բոլորիս է բազմացվելու, գրադարան կամ գրախանութ զարդարելու բախտ վիճակվելու, իսկ մեզանից առավել դժբախտները էլի վառարանի կպչան, կահավորման բաղադրիչ են դառնալու, ... կամ այրվելու են խարույկներում:

103

Լքելու մեջ էլ կա մեծահոգություն.

Սովորաբար, երբ որևէ հարաբերություն հասնում է իր տրամաբանական կամ զգայական ավարտին, կողմերից յուրաքանչյուրը /կամ հեռանալ կամեցողը/ հոգու խորքում եսասիրաբար ձգտում է հայտնվել լքվողի դերում` դրանից ստանալով, որպես լքված, մեղադրելու իրավունքի առավելության, տառապյալի և/կամ դավաճանվածի ինքնավեհացման զգացողություն:

104

Լեզուն` որպես քաղաքականության գործիք.

Լեզուն` որպես մտածողության (լ.ի.) հետևանք, վաղուց փոխել է իր դերն ու նշանակությունը այդ հարաբերակցության մեջ: Հաշվի առնելով փաստը, որ մարդիկ /մեծամասամբ/ ունեն բառային մտածողություն, լեզուն, վերջինիս համար «ներարկման» և տարածման միջոցից, վերաճել է որպես դրա ձևավորման, ուղղորդման, հետևաբար նաև կառավարման գործիքի:

Լեզվի իշխանությունն, ի տարբերություն փողի, նավթի և զենքի, ավելի կայուն և երկարաժամկետ է, ինչում կարելի է համոզվել պատմական կարճ էքսկուրս անելով: Եվ գերտերությունների կողմից բնավ անիմաստ կամ զուտ բարեգործաբար չեն ծախսվում այն հսկայական միջոցները, որոնք ուղղված են այլ երկրներում իրենց լեզվի տարածմանը, իրենց լեզվով կրթության ապահովմանը և այլն: Մարդիկ հոգեբանորեն հակված են լինել նրա հետ, ում լեզուն հասկանում են, ու սա նաև հասարակությունների մասին:

Ինչ վերաբերվում է հայերենին, ապա եթե ոչ իշխելու, բայց գոնե և պարտադրաբար այն պետք է լինի մեր դիվանագիտության կարևոր գործիքը` իր փիլիսոփայությամբ, ճկունությամբ, բառերի բազմանշանակ և, բոլոր դեպքերում, ցանկալի մեկնաբանության հնարավորության շնորհիվ:

Ի վերջո, նաև պատահական չէ, որ խելացի դիվանագետները հաճախ ողջունում են հյուրընկալող, բայց շարունակում խոսել` իրենց պետության լեզվով:


105

Մի մարդ դիմում է իմաստունին.

Մ - ԽՈՐՀՈՒՐԴ տվեք, ինչպե՞ս գտնեմ ճիշտ պատասխանը խնդրիս

Ի - Սխալ հասցեով ես եկել, այդ ԱՆՊԵՏՔ բանը անվճար կարող ես ստանալ մերձավորներից կամ գնել հոգեբաններից ու քահանաներից:

Մ - Փաստորեն ինձ ոչնչով չե՞ք օգնի

Ի - Բնականաբար ոչ , ես կարող եմ միայն ընկերակցել քեզ ճշմարտության որոնման ճանապարհիդ:


106

Գայլերն էլ ասացին` մենք քիչ ենք, բայց մեզ գայլ են ասում.

ՄԱՐԴԸ, որ կազմված է կենդանիների հավաքական կերպարներից, իր մեջ էլ կարողացավ հնազանդեցնել և, ըստ միջավայրի անհրաժեշտության, օգտագործել նրանց բոլորին, բացի ԳԱՅԼԻՑ, ու այստեղ էլ գործի դրեց «հրացանը»` ինչպես նրանց դեմ իրական պայքարում:

Բայց գայլերը դեռ կան ու արժանապատիվ են իրենց կեցությամբ, ու քանի դեռ կան, մարդիկ հնարավորություն ունեն ՄԱՐԴ մնալու:

107

Սնափառությունը` որպես սխալը կրկնելու պատճառ.

«Այն, ինչ չի սպանում մեզ, ավելի ուժեղ է դարձնում» (Նիցշե), ասում են նաև. «ցավը վեհացնում է, երբ հաղթահարում կամ ներդաշնակության ես հասնում նրա հետ», ու, փաստորեն, անտրամաբանական չէ հետևությունը, որ մարդիկ ներքուստ հակում ունեն կրկնելու վերապրած սխալը /ՍՆԱՓԱՌՈՒԹՅԱՆ ՅՈՒՐՈՎԻ ՄՂՈՒՄ/:


108

Պատերազմը դեմ է բնության ՕՐԵՆՔԻՆ /կամ/ դրա միակ արդարացումը.

Պատերազմ` մարդածին երևույթ, որ ծագման հիմքում կրելով բնության «գոյության պայքար» ինքնամաքրման և առողջացման օրենքը, միաժամանակ դուրս է դրա սահմաններից և հակադրվում է նպատակին: Ի տարբերություն բնության այդ օրենքի` պատերազմում, նախ և նաև, ԱՌՈՂՋ մարմիններն են վերածվում դիակի, որոնցով սնվում և բարգավաճում են ՈՐԴԵՐԸ:

Բայց սա մորթապաշտության կոչ չէ՛, ճիշտ հակառակը` թքած, թե որ մի «որդը» կուտի «մարմինդ», ինքնության համար ՀՈԳԻ ՏԱԼԸ (մեռնել ու ապրելը) արժանապատիվ և հավերժական գոյության միակ ձևն է, և միակ արդարացումը պատերազմի մասնակցության:

109

«Կիրք».

Կրքի բացակայությունից «ծերանում են», ապա` «մահանում», զսպումից «թունավորվում են», ապա` «մեռնում», ու միայն կրքի ազատ գոյությունն է ապրեցնում:

110

Դիմակահանդեսի հաճույքը /կամ/ զվարճալի «ինքնասպանություններ».

Զվարճալի բան կա անհատականության կատարելության ձգտման մեջ. հավաքական կերպարներից ԵՍ-ի ինքնամաքրման շարունակական այդ պրոցեսը նման է իրար հաջորդող «ինքնասպանությունների», որի միջոցով, մեկը մյուսի ետևից, ազատվում ես կուտակած անթիվ դիմակներից` սպանելով նրանց քո մեջ:

Իհարկե, կատարյալ անհատականություն կլինի այն դեպքում, երբ արդեն քեզանից դուրս էլ երևաս այն, ինչ կաս քո միայնակությամբ /չլինելու բան/, բայց ընթացքն իսկապես զվարճալի է` նման դիմակահանդեսային խրախճանքի:

111

Շեքսպիրի «Լինել, թե չլինել» խնդիրն այլևս արդիական չէ (չի էլ եղել), «անմեղ» մահանալ, թե «մեղավոր» ապրել. ահա՛ որն է կեցության արդիական հարցը (մշտնջենական):

112

Երբեք ուշ չէ.

Եթե այսօր ասում ես արդեն ուշ է, վաղը ստիպված ես լինելու ցավով ասել` երեկ հնարավոր էր:


113

Անտրամաբանական տրամաբանություններից.

Զարմանալի է տղամարդկանց տրամաբանությունը, որ դեռ կանանց բարեմասնությունները «գովերգելով են» փորձում հարաբերություններ ստեղծել: Եթե կինն իսկապես գեղեցիկ է, նշանակում է վաղուց նման գովքը պետք է որ արդեն լիներ ձանձրացնող, հետևաբար` ապարդյուն:

Բայց, ա՛յ, կանանց տրամաբանությունը զարմանալի չէ, որ դեռ կուլ են տալիս այդ խայծը: Փաստորեն, տղամարդիկ ճիշտ են տրամաբանում:

114

Կանանց.

Հատկապես զգուշացեք այն տղամարդկանցից, ովքեր նվաստացնում և բռնանում են մարմնավաճառներին. նա, ով անխնա է վերաբերվում այն ամենին, ինչի համար վճարում է, չի խնայի նաև անվճարը:

115

«Մեղքի» տեսակ.

Արդարաբանությունը ստիպում է խորշել դատարաններից և աղոթատեղիներից, նաև՝ դրանց օժանդակ հաստատություններից:


116

Մի շտապիր ուրախանալ, երբ ասում են, որ հավատում են քեզ. այն իր մեջ ևս երկու կարևոր բաղադրիչ ունի.

- դրանով մշտապես ցանկալի-սպասելին է պարտադրվում` սխալվելու հնարավորությունն էլ չի ընդունվում (անգամ ֆորս-մաժորի պարագայում),

- որի չլինելու դեպքում` նեղանում, վատաբանում կամ մեղադրում են, անգամ դատապարտում և, որպես կանոն, չեն ներում:

Ստացվում է` առ աստված հավատն էլ, մի տեսակ, զավեշտալի սիրո խոստովանության է նմանվում:


© Տիգրան Գորշ / ԽԱՌՆԱՐԱՆ (1-116)

  • Facebook - серый круг
  • Twitter - серый круг
  • Blogger - серый круг
  • Tumblr - серый круг

©2020 Tigran Gorsh

This site was designed with the
.com
website builder. Create your website today.
Start Now