• Tigran Gorsh

ԱՄԵՆ /123-244/

Updated: May 27

123. Կարծես՝ մարդու կողմից սպանված յուրաքանչյուր կենդանի վերածնվում է մարդու կերպարանքով` որպես նրանց և նրանց միջավայրի մասսայական ոչնչացման պատիժ. ահա, թե ինչու է մարդկանց մեջ ավելի հաճախ հանդիպում անասուն, քան ձևին համապատասխան բովանդակություն:

124. Եթե առաջին համբույրը մեկնարկը չէ միասին ճանաչելու, ապա այն վերջն է իրար իմանալու, հետևաբար՝ սկիզբը բաժանվելու, ու սրանում ֆիզիկական միասնականությունը ոչինչ չի փոխում:

125. Լուսաբացի մայրամուտ, մթնշաղի արևածագ.

Երբ հայտնվում ես մարդկանց միջավայրում, ովքեր չեն գիտակցում իրենց անկենդանությունը, դժվար է պահպանել սեփական կենդանության հանդեպ վստահությունը, և միայն շատերին քնեցնող գիշերն է վերադարձնում այն, ինչը կորցնում ես ցերեկը` սեփական գոյության լիարժեք զգացում, ու փոխվում է օրվա ընթացքը՝ լուսաբացին մայրամուտ, մթնշաղին արևածագ:

126. Խնայում և կուտակում ենք, քանի դեռ վաղվա համոզմունք ունենք ու միշտ դժգոհ ենք, իսկ երբ մնում է միայն հույսը, գոնե տեսնելու վաղվա լույսը, հասկանում ենք, որ այսօրվա եղածն անչափ շատ ու այդչափ էլ անօգուտ է. այն դեռևս երեկվա ժամկետանց անպետքն է:

127. Երանելի է, երբ հոգին ու մարմինը մեկտեղվում են տարածության և ժամանակի մեջ, դեռ տանելի է, երբ նրանք երկատվում են տարածության, և անտանելի` ժամանակի մեջ, ու երկու դեպքում էլ ապրում ես ինքդ քեզ կորցնելու անհանգստությամբ. առաջին դեպքում՝ գտնելու հույսով, երկրորդում` անհույս կարոտով:

128. «Ինչ պետք է գիտեմ և/կամ իմանալ կարող եմ» համոզմունքը մեղք է, ինչի համար պատժվում ես հարցով` ի պատասխան որի ստիպված ես խոստովանել՝ «Չգիտեմ ինչ անել», ու սա դառնում է մեկնարկը հավատի` ձուկը վերածվում է սատկած ձկան առանց ջրի, որի գոյությունն էլ ենթակա չէ նրա կամքին:

129. Ուժ մնացել է ասելու՝ անտանելի է, նշանակում է դեռ տանելի է:

130. Երջանկությունը տրված է կյանքը սիրելու համար, տառապանքը`դրանից կախվածություն ձեռք չբերելու:

131. Ինչ խրախուսում, ուսանում են մարդու զարգացման համար՝ ավելի շատ սովորեցնում է, թե ինչպես դառնալ մարդանման սյունին դրված, այլանդակ չափերի հասնող օրգան (քիթ, ականջ, բերան …), և անճոռնիությամբ առանձնանալ ու առանձնանալով հատկանշվել՝ որպես անհատականություն, ինչպիսին են հատկապես հանրային ճանաչում ունեցողների զգալի մասը: Մարդկություն կոչվող՝ սպանդանոց հիշեցնող այս ամբողջության հանդեպ զզվանքն անտանելի կլիներ առանց կարոտի՝ Մարդու հանդեպ, որ դեռ պիտի այս մսե լցոնից արարվի:

132. Երբ ցնծում են նրանք, ովքեր պետք է ամաչեն, ամոթխած լռում են նրանք, ովքեր պետք է հպարտանան: Ու սա առավել ցայտուն արտահայտվում է համապետական, համազգային տոներին:

133. Մեծանալով մենք չենք դադարում արտասվել, պարզապես արցունքներն են հարկադրաբար փոխում ուղղությունը` հոսելով ներս և աղապատելով մեր հոգիները, ու, տարիքին զուգահեռ, մեծանում է ցանկությունը՝ փարվել հոգատար կրծքի և լսել օրորոցային:

134. Ժպիտը` որպես վարագույր, սեղմված ատամները` որպես փակված դուռ, ու ներսում թեպետ մթնանում, բայց խաղաղություն է տիրում, երբ ապրումովդ ամեն պատահած չի զվարճանում, ու այսպես, քանի դեռ կամակոր սերը չի հայտնվում, որը թույլտվություն չի հարցնում, դուռը չի թակում. վայրենաբար է ներխուժում:

135. Ստելն ինքնախաբեություն է, որն ուրիշին ասվելուց առաջ անցնում է ինքնաարդարացման փուլ ու, կախված արդյունքից, արտահայտողի մեջ նկատում ես ինքնաարդարացվածի խղճուկություն, կամ՝ անինքնասերի լկտիություն:

136. Դատավորը վերածվում է նոտարի, երբ վեճն ավարտվում է հաշտությամբ` զրկվելով արդարությունն աչառությամբ վնասելու հնարավորությունից, ինչն առկա է մնացած բոլոր դեպքերում` որպես նրա սուբյեկտիվիզմի անխուսափելի դրսևորում:

137. Առհասարակ պետք չէ խղճալ, բայց եթե …, ապա

Նրան, ում խղճացել ես, չպետք է մոտ թողնես, իսկ թե թողել ես, պետք է զգոն լինես, քանզի խղճահարություն տարած մարդը նման է շան, որը վախից է կծում, որպես կանոն՝ անսպասելի և թաքուն. անգամ ձեռքը կարեկցող` շփոթելով ձեռքի հետ հարվածող:

138. Երբ ինքնասպանության հակված մարդը կխնդրի օգնել մեռնել, թող մենակ և հեռացիր, կամ սպանիր առանց խղճի խայթի ու երկմտանքի, բայց երբեք փաղաքշելով և համոզելով կյանքը փրկել մի փորձիր. նա, այդպես ողջ մնալուց հետո, յուրաքանչյուր դժբախտության ժամանակ քեզ կմեղադրի` որպես պատճառ իր տառապանքի:

...

Մի փրկիր, եթե չես պատասխանելու հարցին` «Ինչպե՞ս ապրել». չէ՞ որ հենց այդ պատասխանը չիմանալու պատճառով է փորձում մեռնել, կարճաժամկետ փառքիդ համար մի՛ փրկիր, մի՛ ստիպիր ավելի երկար Չապրել …

139. Սեր՝ առ ջուրն ու կրակը, հողն ու օդը, սարն ու ձորը…, ոչ միայն չեն բացառում իրար, այլև ձևավորում են այն ամբողջականությունը, որը կոչվում է բնության հանդեպ սեր, և սրանում մեկ կարևորությունն այն է, որ գիտի սիրել` թեկուզ անհամեմատելի ու երբեմն` անհամատեղելի, բայց ամենքին առանց կեղծիքի. սա՛ էլ ի պատասխան դատողության` իբր մեկի հանդեպ սերն անպայման պետք է ժխտի սերն առ ուրիշ(ներ)ը, ու թող քարկոծեն բարբարոսները։

140. Նայիր բարոյապաշտի աչքերին, որ օրեցօր դառնում են է՛լ ավելի հրեշտակային` սրանց բնորոշ մեղքի զգացումով` որպես հետևանք գիշերվա, երբ տրվում է իր բնազդին, բնության կանչին, երբ վայելում է հաճույքը` բնորոշ իր տեսակին, վայրի բնույթին` զգալով երանությունն աստվածային, ապա` ամոթխած ծնկում է առաջն հանրային այն հորինվածքի, թե իբր սուրբ է հոգին` ամաչելով նայել անգամ սեփական ձեռքերին, որոնք բնազդների գոհացման ակտիվ մասնակիցն էին. ահա՛, թե ինչպես են մարդիկ միավորվում կեղծ հարթությունում, որը բարոյականություն և/կամ համակեցության կանոն են կոչում:

Իսկ նա, ով նույն այդ բնույթն է կրում, բայց չի հասկանում` ինչո՞ւ են մարդիկ իրենք իրենցից նողկում, հոգիները «հագուստի» տակ քողարկում, ապա` այդ «հագուստը» կրելու վարքուբարք հորինում, իսկ ով թերանում է` ծաղրում և այդ կերպ սեփական անձի հանդեպ ամոթը հաղթահարում, մեկուսանում է սեփական զգացմունքներում և օր օրի համատարած այդ կեղծիքի հանդեպ ավելի դյուրագրգիռ է դառնում ու, հանրային գարշելիից պաշտպանվելու համար, միայնակի հպարտության ետևում է թաքնվում, իսկ հարաբերությունները, թերևս, նրա համար միջոց են դառնում` սեփական միայնակությունն ավելի զգալու և իր բնության մեջ թափառելով անհետանալու` փրկվելու, բայց և տառապելու, երբ, երբեմն, ստիպված տալիս է հարցը` ինչո՞ւ:

141

– Երբ հարցնում է` սիրո՞ւմ ես ինձ, նշանակում է` նախընտրում է խաբվել` զգալով, որ չկա սեր:

- Հաճախ, այն, ինչ անում ենք սիրելով, կկոչվի անինքնասիրություն, եթե անենք առանց սիրելու. ահա՛, թե ինչու է մարած սիրո մասին հուշը այդչափ նվաստացուցիչ թվում:

142. Նա, ով ուրիշներին սովորեցնում է ինչպես լինել հաջողակ` իբրև հիմնավորում նշելով սեփական փորձը, անշնորհակալ է կյանքի բարեհաճության հանդեպ, քանզի բացահայտում է վերջինիս կողմնապահությունը, իսկ գաղտնապահությունը մեկ առաքինությունն է, որն այս դեպքում խախտվում է:

143. Ճարպիկն առաջ է անցնում մեկնարկում, զիջում` ընթացքում և պարտվում` վերջում. սա իմանալով նա հենց սկզբից է փորձում դիմել խարդախության, ու, քանի որ իմաստունը միշտ ներողամիտ է, արդյունքում ճարպիկն ընթանում է ինքնագոհ և նշում առանց մրցակցության ստացած հաղթանակը` նման երջանիկ ապուշի:

144. Կոկիկ հագուստը թեպետ գեղեցիկ է նայվում, բայց միշտ ստեղծում է շարժման անհարմարություն, նույնը նաև հոգում` ազատությունն ու կանոնավորությունը երբեք չեն զուգակցվում:

145. Նվեր, որը տրվում է զգայաբար ու առանց տրամաբանական հիմնավորումի, թեկուզ հե՛նց նվիրողի համար էլ պատճառով անհասկանալի` հենց այնպես, ուղղակի, բարեհաճությունն է կյանքի, ու, թերևս, չկա և չի էլ լինում նվեր այլ տեսակի, իսկ երբ այն ընդունում կամ մերժում ենք՝ ըստ փոխադարձ պարտավորության և/կամ արժեքի հաշվարկի, արդեն պարզ է, թե ինչի առաջ ենք փակում դռները մեր սրտի, հոգևորի, զգայականի` ենթարկվելով խղճուկ անշնորհակալին արժանի պատժի` հոգևո՛ր մահապատժի` վերածվելով ասուն անասունի:

Ու, սովորելով ստանալ նվեր, հասկանում ես, թե ինչքան էր գիտակցությունդ քեզ բանտարկել, իսկ նվիրելով տեսնում` որքա՜ն շատ կան բանտարկյալներ:

146. Ներողությունն ինքնանվաստացում է, որն օգնում և/կամ հարկադրում է կողմնորոշվել դեպի հանրայինը, երբ հայտնվում ես վերջինիս և բնազդային մղումների կոնֆլիկտից առաջացած փաստի առաջ: Այն արդյունավետ միջոց է ուրիշ(ներ)ի հետ խնդրի լուծման, բայց, որպես կանոն, սեփական էգո-ի վնասման հաշվին, ինչը կարելի եմ համարում բացառապես այն դեպքում, երբ այդ ուրիշ(ներ)ին քո մասնիկն ես համարում, ու սա կոչվում է ինքնաոչնչացում՝ հանուն ինքնամբողջացման կամ դրա պահպանման: Եվ սա պետք չէ խառնել շրթներկ դարձած էթիկայի տարրի հետ:

147. Իմաստնությունն առանց մեղանչելու չի լինում և դրան ձգտող ճանաչողների համար նախապես է որոշվում տեղը դժոխքում, իսկ պատրաստի արդյունքը, որպես դրախտի շահած ուղեգիր, ստանում և օգտագործում են աղքատամիտները: Բայց և ճշմարիտ է՝ աստծուն հանդիպելու ամենակարճ ուղին ներսիդ սատանային հետևելն է։

148. Ու իրականությունն այն է, որ մարդիկ միշտ գն(ացել)ում են նրանց հետևից, ովքեր թքած ունեն իրենց վրա, քանզի ավելի հեշտ է նմանակներով ապրելը, թեկուզ եթե թքոտված երեսն է ընդհանուր նմանությունը, ու նա, ով փորձում է լուսավորել` հնարավո՛ր է ապրել արժանապատիվ և անձնահատուկ դեմքով, հոշոտում են նույն այդ «առաջնորդների» հրահանգով, և ստացվում է, որ, այո՛, անխուսափելի է փաստը` արագ է խոցումից կծկվում գրկելու համար բացված կուրծքը:

149. Հույս, հավատ, սեր.

Իրար հաջորդող, հետևաբար նաև իրար բացառող երևույթների եռյակ, որոնց միաժամանակյա մաղթանքը նշանակում է` քեզ մաղթեցին ոչինչ:

Հո՛ւյս, ու թող, որ այն վերաճի սիրո:

150. Միշտ խելամիտ եմ համարել նրանց, ովքեր ինձ արհամարհել և/կամ մնացել են անտարբեր, ու խելացնոր նրանց, ովքեր ընկերացել են և/կամ` սիրել, քանզի սթափ դատողությամբ որևէ մեկի մտքով չի անցնի` սառույցի մեջ փնտրել կրակ, վայրենու մեջ` հոգի:

Առաջիններին շնորհակալ եմ` իմաստասիրության աշխարհ, նույնն է, թե գրողի ծոցն ուղևորելու, իսկ երկրորդներին պարզապես պաշտում եմ` երբեմն խաղաղվելու, նույնն է, թե դրախտում հանգրվանելու հնարավորության համար:

151. Մարդկանց մոտ եկա՝ միայն ինքս ինձ սիրելով ու սպանվեցի նրա՛նց գովքով, ապա վերածնվեցի մարդկանց սիրելով ու ապրեցի նրանց արհամարհանքով:

Մինչև անխուսափելի օրվա գալը, երբ սպանվելու եմ որպես գայլ, պիտի հոշոտեմ բոլոր պատահած դմակներն ու կոկորդները՝ առանց տարբերակման՝ խոյ, մաքի, գառ: Թեկուզ մեկ աստծո փրկության համար պառկեն հոտեր, խիղճս մնալու է աներեր, իսկ իմ նզովյալ գոյության դիմաց՝ ընկածների՛ արյունը թող լինի օրհնյալ:

152. Ու երբ սպառվեց համբերությունը, Նա, դիմելով սատանային և աստծուն, բացականչեց` «Դե բա՜վ է, պարոնա՛յք խաղամոլներ» …

153. ջա՜ն-հոգի …

Գիտե՛մ քեզ, ի՛մ ցեղակից, իմ հարազատ ջան-հոգի, թե ինչպես է ներսիդ ջերմությունը հանդիպել սառնությանը դրսի և վերածվել պաղ քրտինքի ճակատիդ, գիտեմ, որ ստեղծածդ լոկ առիթ է եղել ժամանակավոր զվարճանքի ու պիտանի չէ ոչ մի բանի. ոչինչ չի կարողացել փոխի, որ քեզ միայն մնացել է ապրումը գլխագարի և հետևանքը` ցրտահարված մատների, որոնցով վերապրել ես ցավդ և/կամ հնչեցրել աղերսդ, ու/բայց գիտեմ նաև, որ սա իմանալով էլ, միևնույն է, ես ինքս էլ չեմ փոխվի, ջա՜ն-հոգի:

154. Ի պատասխան վիրավորանքի` մի՛ չարացիր. երկու բացասականների արտադրյալով չարակամին դրական արդյունք մի ապահովիր, թող որ զրկվի սպասելիից իր սրտի, որ անպայման պետք է պատասխանդ լսի` համոզվելու համար` հասել է ուզածին. լռիր ու անհագության դատապարտիր: Ճիշտ է, վիրավորանքդ անհետ չի կորչի (հետքն անպայման կթողնի) բայց և այդպես է հոգում ձևավորվում քարտեզը ճանապարհի, որով պետք է քոնը քեզ գտնի:

155. Համընդունված ստի մերկացում, կամ` ողջո՜ւյն զոմբիներ.

Չի լինում միայնակ մնալու ցավ, լինում է ցավոտ գիտակցում, որ այդպիսին եղել ես միշտ, ու երբ բացվում է ճշմարտությունն իրական գոյաձևի, հայտնվում ես միջավայրում դիակների, որոնք կամակատարն են իրենց հոգեկանչերի:

Ու, փաստորեն, ոչ թե վախ մեռնելու, այլ` հարություն առնելու, վախ՝ մեռյալների մեջ մնալու:

156. Սիրահարվել և/կամ սիրել ես ու մնացել է անպատասխա՞ն. մի՛ վշտացիր` այս դեպքում ունես հնարավորություն միայնակ վայելել այն, ինչը ստացել ես երևույթից` որպես ինքնին փոխհատուցված, ու սրանում ոչինչ չի փոխվում, եթե անգամ պարզում ես` զգացմունքդ ավանակի է ուղղված:

157. Իմաստուն` ինքնազսպված վայրենի, իմաստակ` լկտիացած ընտանի, ու «խելամիտ» ամբոխ, որը, առաջինի նկատմամբ լռեցնելով համակրանքը, հետևում է երկրորդին:

158. Երբ խելամիտն է համոզված իր ճշմարտացիությանը, առաջինն է լքում ճիշտ ու սխալ որոշելու բանավեճը, իսկ երբ տգետը` համառում է մինչև վերջին բառը:

Նա, ով ընդունում է ճիշտ ու սխալի հարաբերականությունը, առհասարակ չի էլ մասնակցում այդ ժամավաճառությանը, իսկ ով զգացել է ճշմարտության բացարձակը` ոռնում է:

...

Ճիշտն ու սխալը որոշելուց առաջ՝ արժե վերևից նայել. արահետները զուգահեռ են, տեղ-տեղ էլ հատվում են …



159. Գայլը հստակ է իր որոշման մեջ` հարձակվել կամ նահանջել, ու տիրապետում է իմաստնությանը, որ մարդկանցից, երբեմն, պետք է փախչել, ի տարբերություն շան, որը միշտ հաչում է երկմտանքից ու, հենց դրա համար, խրախուսվում մարդու կողմից:

160. Ազատ ես, քանի դեռ կարող ես հրաժարվել, իսկ ազատության բովանդակությունը որոշվում է նրանով, թե ինչ պարտավորություններ ես ինքնակամ ստանձնել:

161. Ցանկացած հիվանդություն հոգևոր տկարացման (սխալի, ուրացման, չիմացության,…) արդյունք է, և, որպես այդպիսին, առողջանալու սկիզբ (ազդակ). ահա, թե ինչի դեմ ենք անգիտակցաբար պայքարում, երբ տրվում ենք միայն ֆիզիկական բուժման` խլանալով պատճառի և ծնկելով հետևանքի առաջ, ու մնում ենք տկար մինչև հաջորդ ազդակը, իսկ վերջում` էլ ոչ մի հնարավորություն:

162. Ճշմարտությունը խուսափում է հանդիպումներից, որոնցում անպայման ձգտում ենք լինել ճիշտ, ապա` շքամուտքերում ամենքիս դիմավորում է առանձին-առանձին, հայտնվում՝ անսպասելի, հարվածում` ցավոտ:

163. Դո՛ւ, որ միջակ ես խաղում աստծո և անաստվածի միջև, ու, առավելևս, չես ընկալել այդ երկուսի համերաշխությունը, դո՛ւ, ում սերը լոկ խղճալ է, ու ատելուն էլ պիտանի չես, դու ինչպե՞ս կարողես ապրեցնել, երբ արդարացի սպանել չգիտես, դո՛ւ, որ տրորում ես կանաչը, բայց աղոթում քարին, երբ վերջինս է խոնարհվում առաջինին, դո՛ւ, որ դարձել ես ինքնակոչ տեր, երբ Տերը գտել է նոր զվարճանքներ:


164. Պատասխանը հարցի` ի՞նչ ես ձգտում լինել, պատասխանն է հարցի` ինչպիսի՞ բանտում ես ուզում ազատազրկվել:

...

Երբ փորձում ես ստուգել, թե որ տարիքից ես հիշում ինքդ քեզ, անհիշելի է մնում

ժամանակահատվածը, երբ ձևավորվել է այն ամբողջի մեծ մասը, որը կոչվում է ԵՍ:

165. Ոչ՝ երկարաշունչ ձանձրույթին.

Սխալվելը ճշմարտացիությամբ անցնելիք ճանապարհը կրճատելու միջոց է, երբ գնում ես առանց մեղադրելու և, հետևաբար, առանց ներում ակնկալելու:

...

«Ճշմարտասերների համար հիասթափությունը պետք է լինի ճանաչելիի բացահայտման ազդակ և ո՛չ ավելին».- այսպես է ասում իրականությունը:

166. Արտառոցների հանդեպ նախանձությունից ձևավորվել է միջակների բարոյականությունը, ապա՝ սրանց քանակական գերակշռության արդյունքում, բարոյականությունն է վերածվել միջակության:

167. Խարդախներն առավելության են ձգտում՝ մրցակիցներին թուլացնելով, ապա` ոչնչացնելով, ի տարբերություն արդարամիտների, ովքեր ձգտում են ինքնակատարելագործման, պարտությունն ընկալում են որպես ինքնազարգացման նոր խթան և երբեք չեն դիմում նենգության. ահա, թե ինչու է այս «միամիտ» տեսակը կանգնած եզրին ի սպառ վերացման` այլևս խարդախությունն է մեկ կանոնը համակեցության:

168. Այն, ինչ մեզանից դուրս է, մեր մեջ է, և դրսին ուղղված մեր վերաբերմնունքը նույնն է, թե զբաղված ենք ինքնասպանությամբ, ու քանի դեռ չի եղել հուղարկավորություն, չի լինելու նաև հարություն. շարունակում ենք նեխել:

169. Ո՛չ դրախտ, ո՛չ էլ դժոխք. շարունակաբար վերածնվելու ենք մեր իսկ մեղքով է՛լ ավելի անտանելի դարձող մոլորակում:

170. Բնության կարգ է` փորձն աստիճանաբար վերածվում է բնազդի, ու, նման զարգացման պարագայում, մարդիկ իրար բնազդաբար են ատելու, ինչն էլ, գուցե, իրական մարդասիրության առիթ է դառնալու։

171. Ինքնախարազանում.

Կանգնում են դեմ առ դեմ ու սկսում դաժանաբար կռվել, իրար անխնա խարազանում են ու մինչև եզրն անդունդի արնաթաթախ գալարվում, գրկախառնված ցած են նետվում ու ժայռաբեկորին սպանվում, և, քանի որ, ծովի ալիքները լվանում են արյունը, ոչ ոք չի իմանում եղելությունը. անխռով նստած նայում է դեպի հորիզոնը, ու այլ կերպ չի էլ լինում. նա կամ կռվում է երկատված, կամ միաձուլված է, բայց՝ սպանված:

172. Ուրիշինը՝ որպես սեփականը. ահա՛ տառապանքի այն բաժինը, որը պակասում է՝ իր տառապանքի մասին փառակալած աչքերով պատմողի տեսողությունը բժշկելու համար:

...

Մտածող մարդիկ՝ ինչքա՜ն շատ, իսկ մարդու համար մտածող մարդ …, ու եթե կա(ն), ապա՝ տեսանելի միայն վերջնալույսին:

173. Մարդասիրությունն անկեղծ դրսևորմամբ հոմանիշ է սուիցիդին, կեղծավորով` մազոխիզմին:

174. Մեղքերի թողություն ստին մի հավատա, մի դարձիր հաճույքի առիթ «հովիվների» համար, ովքեր հեշտանք են ստանում ուրիշի կյանքին ծածուկ հետևելուց. ապրիր այնպես, որ հետո պատասխան տալու առիթ ունենաս, հակառակ դեպքում` քեզ կուղեկցեն առանց ուշադրության` նման ոչխարի, ինչպիսին դարձել ես՝ ծնվելով գայլ:

...

Գայլի մահկանացությունը գերադասելի է ոչխարի անմահությունից. բոլոր «արգելված պտուղները» կեր, օձին էլ՝ վայելիր որպես աղանդեր:

175. Կյանքն ինքնին է իմաստավորված, ու մենք՝ որպես դրա պատճառ, հետևանք ու միջոց, մեր լինելիության այլ իմաստ չպետք է, (չկա) և չենք էլ կարող գտնել, ու առավելագույնը, որ կարող ենք անել ինքներս մեր համար, հասնելն է այնպիսի հագեցման, որ այլևս մահն ընդունենք գրկաբաց` որպես գոյաձևի անհրաժեշտ վերափոխում, և սա է նաև մեզ հուշում յուրաքանչյուր վախի հաղթահարումից ստացած ազատության բերկրանքը:

Այլ կերպ ասած, անհրաժեշտ է հասնել մահվան հանդեպ վախի հաղթահարման, բայց ոչ դրա մասին անընդհատ մտորելով և վախին հարմարվելով, այլ՝ ճիշտ ապրելով, ինչին հնարավոր է հասնել՝ օգտվելով կյանքի հետևյալ հուշումից` «Մերձավորի մահը նշանակում է` պետք է շտապես ԱՊՐԵԼ, ծնունդը` չշտապես ՄԵՌՆԵԼ»:

176. Եթե տրվեր հնարավորություն ընտրելու և անցյալը փոխելու, արդյո՞ք դրսի մեծամասնությունը կհամաձայներ հետևյալ պայմանին` չլիներ ցեղասպանություն, բայց բոլորը պետք է ապրեին այսօրվա նման Հայաստանում, և արդյո՞ք ներսի փոքրամասնությունը կհամաձայներ` Արցախն ազատականանար առանց պատերազմ, բայց նրանք պետք է ապրեին մեծամասնության նման:

Եվ, գուցե, ամեն ազգ էլ ունի խղճի հետ առերեսող նման հարցադրում:

177. Աշխարհը հայերիս արդարություն է պարտք, որի իրավունքը լոկ հնարավորություն է, ոչ` պայման, ինչն էլ բացառապես մեր ստեղծելիքն է:

Երկրորդում իմ ամոթն ու ցավն է, առաջինում` հպարտությունը ու էլի ցավը:

178. Աննման է Կինը, ով աղջնակի նման ցատկոտում է տղամարդու սրտում. երբ սիրված է, ոտաբոբիկ է անում, հակառակ դեպքում` բարձրակրունկներ է կրում, բայց ցատկոտել չի դադարում` միշտ է Կին մնում:

...

Չգիտեմ ինչու կամ, գուցե, գիտեմ շատ լավ, թե ինչու հենց աղջնակներին եմ, որպես ամբողջ կյանքի բարեմաղթանք, ցանկանում՝ լինեն ու երբեք առիթ չունեն չլինելու չարաճճի:

179. Կանանց հետ չի կարելի խոսել կրոնից, փիլիսոփայությունից, քաղաքականությունից, քանզի նրանք այդ երեքի մարմնավորումն են, ընդ որում` երեքը մեկում, ու, ենթագիտակցորեն, իրենք իրենցից են ձանձրանում, իսկ ով էլ չէ` ստացել է որոշակի շեղում: Ինչ վերաբերում է տղամարդկանց, ապա նրանց բախտը բերել է նրանում, որ կանայք, մեծամասամբ, սրա մասին չեն իմանում, իսկ ով էլ իմանում` աստվածային իմաստնությամբ թագուհի է դառնում, ում բոլորն են տենչում, իսկ ինքը` «գոյություն չունեցող» միակին է տրվում:

180. Էսքան բան, մարդ ընկեր.

Բնության մեջ ողջ մնալու արվեստն այլևս արդիական չէ, քանզի չկա դրա կիրառման միջավայրը: Հիմա, ողջ մնալու համար, պետք է իմանաս մարդկանց մեջ չսպանվելու հմտություններ, մեկ բառով` առևտուր, ընդ որում, գործունեությանն անհրաժեշտ բոլոր միջոցներն առկա են ի ծնե` հետույք և լեզու, բայց ոչ իրենց կենսաբանական նշանակությամբ, ինչ վերաբերում է խղճին և արժանապատվությանը, ապա` միայն փորացավ առաջացնող այդ անպետքություններից կարող ես ազատվել պետքարանում մի փոքր երկար նստելով:

181. Կույսը, հավատալով բարոյականություն ստին, խուսափեց պատահական սեքսից ու պոռնիկների մեջ մնաց միայնակ` որպես նվաստացած և նույն բարոյականության պաշտպանությունից զրկված։

182. Ինքնասպանություն արածին թուլամորթ համարող զանգվածի զգալի մասը ներքուստ նախանձում է նրա համարձակությանը, մյուս մասն էլ` անպայման առիթ է ունենում նախանձելու:

183. Ոչ թե «արի ամուսնանանք», այլ` «արի միասին մարդ կերտենք».

Երբեմն, եթե ոչ հաճախ կամ միշտ, ամուսնանում են, երբ այլևս չեն կարողանում դիմանալ հարաբերության մինչ ամուսնական գրավչությանը կամ չգիտեն ինչպես ապրել դա և որոշում են ամուսնությամբ ոչնչացնել այն, իսկ ոմանք էլ տխմար են այնքան, որ ամուսնությամբ են փորձում այդ գրավիչը ստեղծել:

Ու հազվադեպ է պատահում, որ տեսնես երկու անհատականությունների` միասին մարդ կերտելու հասունացած որոշում, որից բացի, չկա ամուսնության որևէ այլ խելամիտ իմաստ կամ պատճառաբանություն։

184. Պալատական ճարտասանությունն ավելի նողկալի է, քան փողոցային հայհոյախոսությունը, քանզի այն նույն լկտիության երեսպաշտական դրսևորումն է:

185. Գիշերային անքնությունը զվարճալի է ստացվում, երբ քնածներն առավոտյան արթնանում են ու տեսնում, որ լիքը կեղտ ունեն մաքրելու, իսկ դու այդ ժամին «անմեղ» քունդ ես վայելում, հակառակ դեպքում՝ այն նույն ձանձրալի ցերեկն է` լույսերն անջատած վիճակում:

186. Աղոթքը, որն ուրիշի համար ես անում, դա՛ է արձագանք ստանում, ու ինքդ էլ պետք է ապրես այնպես, որ նույնը հնչի հանուն քեզ. հասկացար` բանը բնավ աղոթքում չէ:

187. Սերը միայն հարկադրված բաժանումով է հավերժանում և մահանում է ցանկացած այլ դեպքում, ու դրանից վերաճած յուրաքանչյուր այլ հարաբերությունից միշտ դիահոտ է փչում` անկախ նրանից, թե ինչ վեհ անուններով ենք դրանք կոչում:

188. Ի պատասխան հարցի, թե որ կենդանուն կուզեիր նմանվել, մեծամասամբ հնչում են գիշատիչների անուններ, որոնք, վաղ, թե ուշ, վտարվում և/կամ սպանվում են սեփական զավակի կամ երիտասարդ ամորձիներով ցեղակցի կողմից: Իսկ ես հաճախ նախանձում եմ հավերին, որոնք, պարբերաբար, նույն կուտն են ուտում և ոչինչ չեն հիշում, ու բնավ կարևոր չէ, որ հետո մորթվում են. չէ որ, վերջին հաշվով, ամենահաճելին մինչև կտին հասնելու ընթացքն է` բացառապես բոլոր դեպքերում:

189. Փողկապը լռեցնում է խիղճը, որ ստացվի կարիերայի թռիչքը ու ինչքան երկար ես կապում, արձակելուց այնքան շատ ես փսխում:

190. Ավելի լավ է երբեք, քան ուշացած.

Երբ սպասելին գալիս է ուշացած, սերմանում է հուսախաբություն, որն էլ, բավարարումին զուգահեռ, վերաճում է ավելի մեծ հիասթափության:

191. Մարդու երազանք, որից միայն մարդն է զրկված.

Լռություն, որում մշտապես կարող ես լսել նորը և հանգստանալ` նույնը կրկնելու շատախոսությամբ առաջացող հանրային աղմուկից:

Սքանչելի է նման լռության հասնող հարաբերությունը և աստվածային է` դրանից սկսվողը:

192. Ու նավապետն է՛լ ավելի ամուր բռնեց խորտակվող նավի ղեկը, երբ տեսավ, որ առնետների առջևից փախչում են իր ծառայակիցները, որոնք իրենց դավաճանությունը քողարկեցին նավապետի հերոսացման մեջ, և սրանով սկիզբ դրվեց հետմահու պարգևատրմամբ մաքրագործվելու սովորությանը։

193. Ես աշուն եմ, որը գարուն է բերում նրանց, ովքեր անցյալի հուսախաբությունից հետո սարսափում են գալիք անորոշությունից, բայց ինքս երբեք գարնան մեջ չեմ հայտնվում՝ բացի այն, որ իրենց հետ չեն տանում, ինքս էլ անհնար եմ համարում և հաշտ եմ գոյաձևում, որ պիտի լինեմ ամռան տապի և ձմռան ցրտի միջակայքում:

194. Նրանում, ինչ ամբոխը կոչում է հաջողված ամուսնություն, հաճախ տեսնում եմ նույն ամբոխի կողմից պարսավելի համարվող երևույթը, որը կոչվում է ինցեստ, երբ ամուսիններն աստիճանաբար վերածվում են նույն վերմակի տակ քնող քույր-եղբոր, ովքեր, բթացած նախաամուսնական երդումով, չեն տեսնում` գոնե անկողինն առանձնացնելու խոհեմությունը, ինչը, գուցե, հետո նաև պատճառ կլիներ կրքի վերածնունդի` որպես համատեղ կյանքում կորցրած առաքինության վերագտնում կամ դրա նորոգում, կամ, համենայն դեպս, կվերացներ հոտած առաքինության այն գարշահոտը, որից հաճույք է ստանում միայն` իրենց գիտակցության մեջ բազմած ամբոխը:

Եվ առհասարակ ու մշտապես, անհատի առաքինությունները, իսկ անհատից դուրս առաքինությունները երբեք չունեն ծնունդ և կենդանություն, միշտ սպանվում են ամբոխում, ապա` իրենց հոտած զանգվածով դառնում սնունդ` նույն ամբոխի ստրուկ-ստրկատեր բարոյականության համար:

195. Անքնությունը զրկում է հերթական երազից, հետևաբար, նաև` հերթական հուսախաբությունից, որի համար` շնորհակալություն:

196. Դո՛ւ, որ այդքան լույս ես ու չես զլանում ծաղրել խավարը, դրանով լոկ փաստում ես էությունդ` որպես պուճուր ճրագ, որն արևի տակ ոչինչ է, ու, իր չնչին գոյությունը զգալու համար, պետք ունի մթության, բայց չունի խոհեմություն` հարգելու միջավայրը իր կեցության, որին, անգամ, Մեծն լուսատուն է պարբերաբար զիջում իր տեղը` որպես աղբյուրի ամենայն իմաստնության:

197. Համոզմունքը «եթե-ապա»-ով չի ձևակերպվում ու իրագործումը հետևորդներով չի պայմանավորվում. այն լուռ սպասում է իրավիճակին, որում հստակ որոշումով կյանքի է կոչվում ու հետևանքից չի կաշկանդվում:

Ու սա էլ առաքինություն է, որն արժանահարգ է դարձնում, բայց … ու համատարած շաղակրատությունն է տիրում:

198. Լավատեսի մի ծալապակաս տեսակ կա, որին, ի պատասխան իր խորհուրդների, ուղղակի ուզում ես հարցնել` «Լսի՛ր, Չսիրելի՛ս, երբ հետույքդ կեղտի մեջ է լինում, դու այդ ժամանակ մտածում ես ինչ գույն ներկել մազե՞րդ»:

199. Ու ճշմարիտ է ասված` պետք է խնդրես, որ տա, ու հե՛նց խնդրես և ոչ` աղաչես, քանզի վերջինում իմաստնություն կա, որը հասու չէ տվողին, իսկ մենք շարունակում ենք էգոիստ համարել ՄԵՆԱԿՅԱՑԻՆ, ով աղերսում է` նաև մեր համար:

200. Իմ հանդեպ զգացած անտանելի կարոտից բուժում եմ միակ հնարավոր միջոցով` հեռանում եմ ընդմիշտ, անպայման հանկարծակի և առանց բացատրության, որ խորը հիասթափությունը վերաճի վերքն արագ սպիացնող ատելության, ու եթե նա չդիմանա, նշանակում է` սխալվել եմ նրա հաշվով, դիմանալու դեպքում էլ` ճշմարիտ լինելս մնում է միակ սփոփանքը, որով տանելի է դառնում՝ այլևս միայն իմ կարոտը:

Եվ երբեք չեմ հասկացել նրանց, ովքեր շտապում են ազատվել կարոտից` դրա պատճառ զգացմունքը մշտական ներկայությամբ սպառելով:

...

Վանում եմ՝ գրկվելու տենչով, որ չկասկածեմ «հենց ինձ» կոչվող պետքին, և գրկում եմ՝ վերջին հրաժեշտի հուզմունքով, որ կասկածեմ անդառնալի վերջին, արդյունքում՝ ձեռքերս հաճախ զգում եմ սեփական մեջքիս:

201. Ստրուկը, հոգնած տիրոջ հալածանքներից, խորհրդի համար դիմում է հոգեբանին, քահանային և իմաստունին.

Հոգեբան - Փորձիր խոսել, հաշտության եզրեր գտնել …

Քահանա – Աղոթիր …

Իմաստունը վերցնում է մտրակն ու այնքան է ծեծում ստրուկին, որ վերջինս, չդիմանալով ցավին, բռնում է նրա ձեռքը և տալիս պատասխան հարված: Ուշաթափությունից սթափվելով` իմաստունն ասում է` «Ահա՛, թե ինչն էր պակասում քեզ, այլևս խորհրդի կարիք չունես»:

Բայց միևնույն է՝ ստրուկը մնաց անգոհ, քանզի նա ավելի շատ աշխատաժամանակի կրճատման մասին է երազում, քան՝ ազատության։

202. Ապրեցեք սեփականը.

Ասում են, թե՝ ծնողի լավագույն խրատն անձնական օրինակն է, մեծագույն ժառանգությունը` ապրելու ժամանակի խնայումը, բայց երբ այս առաքինությունը փոխանցվում է սերնդեսերունդ, դրանից օգուտ չի ստանում և, փաստորեն, սեփականը չի ապրում և ոչ մի սերունդ:

203. Երբեմն, թվում է, թե բոլոր հարցերի պատասխաններն արդեն գիտես (որոնք էլ չգիտես` կարևոր չես համարում այլևս) բացի մեկից` ինչո՞ւ են սիր(ել)ում քեզ, ու այդ զարմանալին ապրեցնում է, կամ, գուցե, թույլ չի տալիս, որ մնացած ձանձրալիից վաղաժամ ազատվես. և չգիտես` դա պատիժ է, թե՞ պարգև:



204. Եսասիրությունը մարդկության գոյության պայման.

Թե ինչ և ինչքան են ներդնում ծնողներն իրենց երեխաների կյանքում, վկայում է նաև այն մասին, թե ինչ և ինչքան չեն հաջողացրել նրանք սեփական կյանքում: Սա, թերևս, հոգեբանների կողմից պետք է որ խորապես ուսումնասիրված և հասկացված լինի, բայց մնում է անհասկանալի, թե ինչո՞ւ ծնողներն իրենց զավակներին չեն տալիս ազատության այն չափը, որից իրենք են զրկված եղել: Անկախ հնարավոր բացատրություններից՝ սրանում ակնհայտ է եսասիրություն` առանց որի, գուցե, մարդկային ցեղը կապրեր իր ամենաերջանիկ, բայց վերջին սերունդը:

...

Չեմ ուզում երեխաներս կրեն ազգանվանս շարունակության բեռը, ուզում եմ՝ ապրեն իրենց պապերի և իմ չապրածը, ու անգույն բազմակետերի փոխարեն՝ լինեն մուգ վերջակետ:

205. Գրողը գրում է, որ ապրի, մտածողը` չմեռնի, ու վերջինիս համար անպատվաբեր է կոչվել գրող և/ կամ գրչի սիրունությամբ նույնացվել:

206. Երբեմն, լուսավոր մարդ տեսնելիս ուզում եմ հարցնել նրա տառապանքի մասին, մեկ էլ մտածում եմ` գուցե բոլորի մոտ այդ պատճառի հետևանքը չէ, ու լռում եմ. հույս ունեմ:

207. Անցորդները զզվելով փակում են իրենց քթերը, որ չշնչեն գարշելի հոտը, բայց և նվաստ են համարում նրան, ով փորձում է մաքրել հոտի պատճառը, ու այսպես ձևավորվում է անշունչների համակեցություն, որում միայն կեղտն է իրեն լավ զգում:

208. «Էդ որ ասում ես` մարդկանց հարգի, սիրի, կուզես պաշտի, բայց և պատրաստ եղիր ցանկացած պահի թքած ունենալ նրանց վրա` ճիշտ նրանց պես, որ չսպանվես, քե՞զ էլ ես նկատի առնում նրանցում», – հարցրեց մեկը հայելու առաջ, ու, պատասխանից սարսափած, կոտրեց այն:

209. Սգո տոնահանդես, ու/կամ առհասարակ սոցիալական կեցության մասին.

Պատկերացնում ես սեփական կամ մերձավորի մահը` հուղարկավորության ողջ արարողակարգով, երկու դեպքում էլ ինքդ՝ որպես կենտրոնական դերակատար, ում շուրջ կուտակվում և պտտվում է համապատասխան էմոցիոնալ դաշտը, ու դա յուրահատուկ բավականություն է տալիս. սա միայն դեռահասության տարիքին հատուկ երևակայություն չէ` բնորոշ ամենքին, այլ իրականություն, որին կարող ես հանդիպել՝ հետևելով հոգեհանգստի և թաղման արարողակարգերին, որոնցում յուրաքանչյուրը` բակում կանգնածից մինչև դագաղն ուսին կրողը (անգամ ցավի ու վշտի հետ մեկտեղ) ստանում է իր կարգավիճակից բխող և դրան համապատասխան սեփական բավականությունը, իսկ ամենաշատը` ննջեցյալի ամենահարազատը` որպիսին նրան պետք է իմանան բոլոր մասնակիցները կամ ողջ հասարակությունը, հակառակ դեպքում` պատկերն այլ է ստացվում: Ու այս ամենում, զգացմունքների անփոփոխ արտահայտությամբ, միայն հանգուցյալն է մասնակցում` բնականաբար պատճառով, որ դրանք այլևս չի բովանդակում:

Իսկ երբևէ ինչ որ մեկը պատկերացնո՞ւմ է իր կամ մերձավորի ավարտն աղբանոցում, հուղարկավորությունը` միայն առնետների մասնակցությամբ. հարց, որը պատասխանն է ասվածի կապակցությամբ առաջացող հարցերի (նաև մեղադրանքների):

210. Երբ նա, ում տեսնում ես հայելու մեջ, ինքն է սկսում դիտել քեզ, նշանակում է` ինքդ քո հանդեպ օբյեկտիվ ես, երբ շրջվում ես, բայց նա դեռ նայում է քեզ, նշանակում է` չես ներում ինքդ քեզ. ինքնախարազանվում ես:

211. Փշրված հայելի.

Հայելին, որում ամբողջական ես երևում, կյանքում մի ակնթարթ է անվնաս լինում, երբ ծնվում ես ու իսկապես հրաշք ես, բայց չես տեսնում` դեռ կույր ես: Հետո պատահած ամեն ոք այն կոտրում է ու մի կտոր փախցնում, իսկ դու միշտ պատկերին ես հավատում, որը հայելու մնացորդում ես տեսնում: Սա իմանալով՝ փորձում ես փշուրները հավաքել՝ հայելին վերականգնել, բայց նկատում ես, որ դրա ամբողջացմանը զուգահեռ այլանդակված պատկերդ չի փոխվում ու նոր միայն գիտակցում ես, որ բանը հայելում չէ` իրականում քեզ էին կոտրում, մասնիկներ փախցնողներից էլ առաջինը մերձավորներիդ ես ճանաչում, ցավին չես դիմանում` պայթում, փշրվում, մանր բեկորների ես վերածվում: Ու այս ճշմարտությունից խուսափում է միայն նա, ով աչքերն այդպես էլ չի բացում կամ ինքնապահպանման համար՝ նախընտրում է ձևանալ:

212. Կին vs կյանք.

Դիտարկում ես կյանքի անաստվածային և կնոջ՝ աստվածային էությունները, համադրում ու նկատում ես դրանց համարժեք հակակշռելիությունը, ապա՝ հանգում հետևության, որ նկարագրությունների տեղափոխությունից ոչինչ չի փոխվում:

213. Երկնքից աստղ ընկավ` երազանք պահեցի՞ր, դե շատ մի ոգևորվիր` մեկ ուրիշն էլ պահել է, որ քոնը չկատարվի: Հուսահատվեցի՞ր, բայց չէ՞ որ կողմերի իրավունքները հավասար են, դատավորն էլ` արդար:

214. Եթե ճիշտ լիներ «շահում է նա, ով վաղ է արթնանում» ախմախությունը, ապա ամենահաջողակը կլիներ նա, ով կորցրել է քունը:

Իմացա՛ր ճշմարտությունը` «ռադտ քաշիր» քնելու:

215. Սկուտեղին դրեցին` անարգանքը պատվելու հետ շփոթեցիր, երկու մատով բռնեցին` զգուշավորությունը քնքշություն համարեցիր, հպվեցին շուրթերով` լրիվ գլուխդ կորցրեցիր, ու միայն վերջում գիտակցեցիր` քաղցրեղենին պակասող դառը սուրճ էիր, թանձր նստվածքդ էլ` բախտ որոշելու զվարճանք.

Ահա,՛ ամբողջ բովանդակությունը կեղծիքի, որը կոչվում է կարեկցանք:

216. Եգոր Գրիգորյան /հորեղբայր/.

Կենդանությանդ օրոք ողորմաթաս բարձրացրեցին, ինչը հետո «Հազա՛ր փառք» բաժակաճառի փոխեցին, բայց միևնույն է, ես հե՛նց քեզ եմ տալիս երանի, սակայն իմ բանը հազար փառքի չի հասնի, քանզի ինքս եմ միացել ինձ համար բարձրացված ողորմաթասին՝ պատասխան կենացով՝ բոլորիդ հետ միասին:

(Եգոր Գրիգորյան՝ Արցախյան պատերազմի ազատամարտիկ (զոհվել է 1994թ.)



217. Ճանաչողությունը ճանապարհ է, որը նաև տալիս է փախչելու զգացողություն, ու, երբեմն, հենց դա է մեկ պատճառը թափառական դառնալու:

218. Սեր, որը զգում ես բաժանումից, ատելություն` հանդիպումից անմիջապես հետո. ահա՛ այն ամբողջը, որը հասկացա ինքնաճանաչում կոչվող երևույթից, ու այդ հարաբերության մեջ ամենահաճելին մնում է միայն գրկախառնության պահը` առանց տարբերության` բաժանումի է, թե` հանդիպման:

219. Մարդասերն ինքնապաշտպանության անցած մարդասպանն է, ով կորցրել է ներուժը սպանելու կամ սպասում է իր պահին հարձակվելու:

220. Գթասրտի կոչմանն արժանանալու նախապայմանը դաժանությունն է, պայմանը` երբեմն արված բացառությունը: Ու այսպես, շատ երևույթների կապակցությամբ, որոնք պետք է համարվեին սովորական սպասելի, ոչ արտառոց զարմանալի:

221. Եթե որոշել ես հաշտություն գտնել ներսում, անխուսափելի է` անպետք ես դառնալու դրսում, ու կեսից շրջադարձը ոչինչ չի փոխի` արդեն արժանացել ես մերժվածի պիտակի, բացի այդ` չես դիմանա ինքնանվաստացումին. ուստի, եթե մտել ես երթևեկության հանդիպակաց գոտի, գազի ոտնակը մինչև վերջ սեղմի:

222. Ցլին հաղթե՛լը չէ ցլամարտիկի բավականությունը, այլ` հանդիսատեսի հուսահատությունը, որը ներքուստ տենչում է կոտոշը տեսնել նրա որովայնում:

223. Ձախողակի չարաճճի տեսակ, ում համար կյանքը ձախորդությունների շղթա է, ամեն օրն էլ մի օղակ է. թազբեհի նման քաշում, հաջորդ անակնկալին է սպասում, ու չի դադարում ժպտալ, շղթան է սկսում երկարությունից անհարմար զգալ:

224. Նրան, ով հաճախակի հակառակվելս համարում է իրեն ուղղված անարգանք, սկսում եմ իսկապես անարգել` մշտապես համաձայնելով իր հետ:

...

Իրարամերժ կարծիքներին ուղղված լռությունն էլ է համաձայնության նշան՝ նրանում, որ բոլորն էլ հիմարացվել են:

225. Երբ գիշերն արդեն չի գոհացնում, որ ներդաշնակություն զգաս ու կարիք ունես միաժամանակյա թանձր մառախուղի, մի կարծի, թե հասել ես բարձրակետին. դեռ տենչալու ես մթություն է՛լ ավելի, որը սակայն բնությունը չունի` դեռ առջևում է անտանելին:

226. Կա մի հիմարացում, որում հնարավորինս հաճախ պետք է հայտնվես, որ խելամտությունից չխելացնորվես. սիրահարվել …

227. Սերը ո՛չ բարձրագույն արժեք է, և ո՛չ էլ զգացմունքների ամենան, այն լոկ կամուրջ է, որով անտարբերությունից անցնում են պաշտամունքի կամ ատելության, կամ՝ երկուսի համագոյությամբ բարձրակետին արարչության. ուստի, նա, ով նահանջում կամ չի անցնում, մնում է մարդկային միջակություն:

228. Այսօրվա ճիչը վաղվա վավերագրական նյութն է, որում, պատճառից բացի, իմանալու ենք մեր անտարբերության մասին` ցավի նկատմամբ, որից կոկորդ էր պատռվում, ու հասկանալու ենք, որ, ցավագարի հետ միասին, նաև մեր խիղճն ենք թաղել:

229. Կգա ժամանակը, երբ ամենապահանջվածը կլինի ռամիկի վարած սեմինարը՝ թե ինչպես հողից հաց քամել` չմեռնել, բայց նա էլ չի դիմանա փառքին` փողկապ կկապի ու պատմությունը կկրկնվի:

230. Աղետի մասին լուրն ընդունեց ժպիտով, ու բոլորը նրան համարեցին անասուն, իսկ նա, պարզապես, արդեն տեսնում էր այն կանաչը, որը մոխրից է ծլում:

231. Հրեշտակները հաճույքով նայում են մեղսավորներին և դրանից գաղտնի ինքնաբավարարվում` պահպանելով իրենց կուսությունը:

232. Կորցրած հաշտություն.

Մտատանջվում ես` ուշացել ես, թե` շտապել, ավել են, թե` պակաս, իսկ իրականում գիտակցում ես, որ ամեն ինչ ճիշտ ժամանակում է, բոլորն իրենց տեղերում. պարզապես դժվար է ընդունել, որ սխալմունքը դու ես, իսկ արդարացումը զուր է` չի լինում ներում, երբ դատավորդ ինքդ ես:

233. Երկատում ժամանակում.

Հոգիդ հասնում է վերջից մեկ պակասին ու տենչում, որ լինի վերջն անց մեկ, բայց մարմինդ դեռ սկիզբն անց կեսի վրա է և դու պարտավոր ես առաջնորդվել վերջինիս ժամանակով, ու միակ մխիթարանքն այն է, որ վերջում քեզ շատ են սպասում, ինչպես երբե՛ք և ո՛չ ոք:

234. Տգիտաբար բաժանել ու ապուշացած զարմանում ենք, այն դեպքում, երբ տարին տարբեր ռիթմերից կազմված մեկ եղանակ ունի:

235. Փարոս.

Յուրաքանչյուր մոտեցող նավ հույս և հիասթափությունդ է` գալիս են քո ուղղությամբ, բայց ո՛չ քեզ մոտ. երբ նայում են քեզ, լույս ես փրկության, երբ քո միջից՝ նյութական կերպարանք բացարձակ միայնակության, ու բոլորը գիտեն քոնը, բայց ոչ` քեզ …

236. Բան-ից աշխարհի.

Մեկը խոսում է հայրենասիրությունից` բերանից յուղը կաթալով, մյուսը` ստամոքսի դատարկությունից զկռտալով. իրականում մեկը մարսում է կերածը, մյուսը կեր է ողորմում, իսկ հայրենասերը լուռ սպասում է իր հերթին` զոհասեղանին:

237. Երբ մեկը ցույց է տալիս սիրո մեջ իր տառապանքը, հարցրու նրան` ո՞րն է անբավ մնացած ակնկալիքը.

Սիրող մարդուն թվում է` ինքը միայն կամ ավելի շատ տալիս է, քան ստանում, նույնը նաև սիրող զույգի պարագայում` հանդիպակաց պարտավորություններով պարտատերերի հարաբերություն, որտեղ, ըստ յուրաքանչյուրի, իր պահանջելիքի չափն ավելին է, քան …, ու\բայց քանի դեռ առկա է կիրքը և\կամ բավարարված են բոլոր ակնկալիքները, միմյանց տրվում է առանց ակնկալիք սիրելու երդումը, և սա նրանց առաջին և ամենամեծ սուտն է, որից զերծ որևէ զույգի չեմ հանդիպել:

Մինչև հասկանում ենք, որ սերն ինքնին փոխհատուցված զգացողություն է և հասունանում առանց ակնկալիք սիրելուն, կորցնում ենք մեր գրավչությունը ու իսկական սերը մնում է չապրած, նման` ծառին մնացած, հասած-նեխած պտղի։

238. Մանրուքներ նկատելը նույնական չէ նրբանկատության հետ, քանզի սրա պատճառը դատարկությունն է, ու տարածվածը հենց այս մոլորությունն է:

239. Երբեք չպարտվեց նա, ով հասկացավ, որ հաղթելու ձգտումը երջանկության մեկ ուղին չէ, ու միջնամատը պարզեց նրանց, ովքեր իր վազքն են խրախուսում` վրան խաղադրույք անում, ու, վերջին խոսքի իրավունքից օգտվելով, հեռացավ՝ խաղատիրոջը «նախշելով»` հորով, մորով, ողնուծուծով:

240. Երբ տաշած քարը հրաժարվում է լինել մասն ուրիշի պատի, վերածվում է տապանաքարի` սեփական սկզբունքների, ու երրորդ հնարավորը չունի:

241. Հանցագործը չի անմեղանում, երբ սպանվածը հարություն է առնում, առավել ևս, օրն այդ զվարճանքի վերածելով՝ հրեշտակ չի դառնում. դատավարությունը շարունակվում է, որին, նաև, անձամբ ներկա է հենց ինքը` կյանքից զրկվածը` պահանջելով արդարություն՝ «ակն ընդ ական, ատամն ընդ ատաման» սկզբունքով … ու, հաշվի առնելով, որ դատավորը նրա հայրն է՝ ոչ մի կաշառք և քծնանք պատժից չեն փրկի …

242. Շատերին կհանդիպես, ում պատկերը կսիրես, և քիչ չեն լինի նրանք, ովքեր կսիրեն պատկերը քո, բայց պաշտելին նրանում կհանդիպես, ում միջով իրական եսդ կսիրես` գիտակցելով` մինչ այդ համբուրվել ես, որ եսամոլությունդ գոհացնես, ու քե՛զ էլ համբուրել են ճիշտ այդպես, ուստի` ուզում ես ճանաչել էություն աստվածային, պետք է առերեսվես սատանային. առանց ինքդ քեզ ատելու՝ իսկական Սեր չես ապրելու:

...

Սիրո հավերժացման միակ բանաձև.

Մի ձեռքում տենչալի կիրք, մյուսում՝ կրծքին սեղմված դանակ, ու համբույր՝ որպես կարոտից ճաքած շուրթերի արնահոսումը կանգնեցնելու միակ միջոց. ինքնասպանվել՝ տիրելով կամ հեռանալ-արնաքամվելով, և չունենալ ընտրություն, քան ապրել այդ քաղցրահամ տառապանքով՝ իրար ձգտելու անհագ կիրք-կարոտով:

243. Համակարգերը ոչնչացնում են զգայականը, հոգիները սպանվում են փշալարերին. զվարճացե՜ք հոտարածներ, գայլերն այլևս բանտարկված են, ձեր ոչխարներին անհոգ բազմացրեք …

244. Երեխան չի ընտրում ու ժամանակը չի որոշում, այլ այն պահին է ծնվում, երբ արգանդում լինելիության հետհաշվարկն է սկսում, ճիշտ այդպես էլ կյանքի ընթացքում. հաճախ անհրաժեշտ է ոչ թե հուսադրում, այլ՝ հույսի ի սպառ վերացում, քանզի պատահում է` ընտրության հնարավորությունն է խանգարում` տատանվում ենք ու սպասում, հետո ուշացած հասկանում` բնավ կարևոր չէր՝ ինչ ընտրել, պարզապես պետք էր փոխել …


© Տիգրան Գորշ / ԱՄԵՆ (123-244)

0 views
  • Facebook - серый круг
  • Twitter - серый круг
  • Blogger - серый круг
  • Tumblr - серый круг

©2020 Tigran Gorsh

This site was designed with the
.com
website builder. Create your website today.
Start Now